
«Նախկիններ, ներկաներ, սեւեր, սպիտակներ գոյություն չունեն ինձ համար։ Կա հայրենիք, կա ազգ»,- ասում է զինծառայող գորիսեցի պանրագործը
Մինչեւ պատերազմը ամեն շաբաթ՝ առավոտյան ժամը 4-ին, Վարդան Շախանումյանը նստում էր մեքենան, գնում Արցախի Քաշաթաղի շրջան՝ Որոտանի ու Կովսականի գյուղերը, տեղի գյուղացիներից կաթ գնում ու վերադառնում տուն՝ Գորիսի Վերիշեն գյուղ։ Վարդանն այս գյուղի հեղինակավոր պանրագործն է։ Նրա աշակերտներն այժմ հայտնի պանրի գործարանների վարպետներ են։ Պատերազմը, սակայն, շատ բան փոխեց Վարդանի կյանքում։
Բացօթյա պատշգամբում մայր մտնող արեւի վերջին շողերը թույլ ընկնում են բազրիքներին։ Վարդանի ժպիտի մեջ ավելի շատ թախիծ կա։
52-ամյա Վարդան Շախանումյանը 30 տարի պանրագործությամբ է զբաղվում։ Սկզբից աշխատում էր Գորիսի պանրի մայր գործարանում, որը հիմա սեփականաշնորհվել է, բայց կրկին պանիր է արտադրում։ Այնուհետ մի կարճ ժամանակով Վերիշենում համագյուղացիներով պանրի արտադրամաս էին հիմնել, որի գործադիր տնօրենն էր։ Երբ արտադրամասը փակվեց, Վարդանը վարկ վերցրեց, տան առաջին հարկը դարձրեց պանրի արտադրամաս ու կնոջ հետ երկուսով սկսեցին պանիր պատրաստել։ Դա 2018 թ էր։ Կաթը գնում էր Կովսականի ու Որոտանի գյուղերից։ Երբ պատերազմն սկսվեց, այդպես էլ չհասցրեց Քաշաթաղի գյուղացիներից 3 միլիոն 800 հազար դրամի պարտքը հավաքել։ Այդպես էլ մնաց։ Պատերազմի օրերին Արցախից Գորիս տեղահանված ընտանքիներին 200 կգ պանիր էր բաժանել։ 2020-ի հոկտեմբերի 14-ին կամավորագրվել էր։ Սյունիքի ինքնապաշտպանական գոտում էր։ Հիշում է նոյեմբերի 9-ի գիշերը։ Աչքերը խոնավանում են։ «Այդ օրը լաց, միայն լաց էր»,- ասում է նա, ու մենք լռում ենք։
Պատերազմի օրերին Վարդանի ընտանիքը Վերիշենը չի լքել, չնայած պատշգամբից հաճախ լսվում էին անօդաչու թռչող սարքերի ձայները։ Վարդանը երկու ուսանող դուստր ունի եւ մեկ որդի։ Վերջինս տեղափոխվել է 12-րդ դասարան։ Հիմա օգնում է ծնողներին պանրի արտադրության մեջ։
Պատերազմից հետո Վարդանը պայմանագրային զինծառայող է դարձել։ Երկու շաբաթ մարտական դիրքերում է անցկացնում, երկու շաբաթ՝ տանը։ Պատերազմից ժամանակ պանրի արտադրությունը կանգ էր առել, սակայն մեկուկես տարի անց ընտանիքը որոշեց վերականգնել այն։
«Պատերազմից հետո ոչ փող կար, ոչ ուժ պանրագործության համար»,- ասում է Վարդանը։ Այս տարվա մարտից վերսկսել են աշխատանքը, ճիշտ է՝ վարկերով ու պարտքով, բայց պանրագործը չի դժգոհում։
-30 տարվա պանրագործ եք։ Կմտածեի՞ք, որ մի օր զինծառայող եք դառնալու։
-Չէի մտածի զինծառայող դառնալ մինչեւ պատերազմը։ Պատերազմից հետո շատ բան ա փոխվել։
-Ինչի՞ որոշեցիք պայմանագրային զինծառայող դառնալ։
-Դրդապատճա՞ռը․․․ Չէի կարող հարմարվել, ճիշտ ա, ես ծառայության դիմաց աշխատավարրձ եմ ստանում, բայց ուզում եմ մի բանով օգտակար լինեմ ազգիս։
Արցախյան առաջին պատերազմի ժամանակ Վարդան Շախանումյանը նոր էր վերադարձել սովետական բանակից։ 1990 թ․ էր։ Այդ ժամանակ նույնպես մասնակցել է մարտական գործողություններին։ Առհասարակ քիչ է խոսում իր արածի մասին։
Զրույցի ժամանակ հարցերը շատ են, իսկ պատասխանները՝ կտրուկ ու լռությամբ ուղեցկվող։
Դարպասից ձայն են տալիս մի կին ու երիտասարդ՝ կաթով լի տարաները դնելով բակում։ Երեկոյան ժամը 7-9-ը կաթի ընդունումն է։ Պատերազմից հետո Վարդանն այլեւս գյուղեր չի գնում, գյուղացիներն են բերում։ Ասում է՝ միայն սարերի կաթն է ընդունում։ Կաթի որակից էլ կախված է պանրի որակը։ Ժպտում է՝ լավ պանրի գաղտնիքը դա է։
Վարդանի պանիրը հիմնականում վաճառվում է Գորիսում ու Երեւանում։ Բայց պանրի գործարանների հետ մրցակցությունը հեշտ չէ։ Վերավաճառողները փոքր արտադրողներից պանիր գնելիս սակարկության մեջ են մտնում, այնինչ խոշորների պարագայում այլ է։ «Իրենց գինը դրած է, ուզում ես՝ մի տոննա առ, ուզում ես՝ մի կիլո, չեն իջնում գնից»,- նկատում է պանրագործը։ Իսկ փոքր արտադրամասերի դեպքում սկսում են սակարկել, իրենք էլ, այլ տարբերակ չունենալով, համակերպվում են։
Վարդանի արտադրանքը անուն ու փաթեթավորում չունի։ Նկատում է՝ մարդիկ համից արդեն գիտեն աղաջուր դրած իր «Չանախ» պանրի մասին։ Ասում է՝ պիտի փորձեք, որ հասկանանք որակը, պանիրը համով են գնահատում։
Վերիշենը մոտ 200 հա արոտավայր ունի Սեւ լճի տարածքում։ 2021 թ․ մայիսի 12-ից թշնամու զինված խմբավորումները ներխուժել են Հայաստանի սուվերեն տարածք՝ օկուպացնելով լճի շրջակայքը։ Զրուցակիցս ասում է՝ գյուղացիները վախենում են անասուն տանել լճի կողմ, քանի որ տարածքը նշանառության տակ է։ Ըստ Վարդանի՝ չնայած Վերիշենի անասուններից թշնամին չի գողացել, նախորդ տարի ադրբեջանցիները մի քանի անգամ գողացել են իրենց հարեւան գյուղի՝ Ակների անասունները։
Խաղաղությունից ու Սյունիքի անվտանգությունից ենք խոսում։
«Մեր ղեկավարությունը սխալ ա մտածում։ Վախենալով, հողերը բաժանելով գալիս ա»,- ասում է 52-ամյա Վարդան Շախանումյանն ու ավելացնում, որ Սյունիքի դեպքում էլ հողերը կտոր-կտոր տալիս են, իսկ «Զանգեզուրի միջանցքին» ժողովուրդը չի համակերպվելու։
«Ո՛չ նախկիններ, ո՛չ ներկաներ, սեւեր, սպիտակներ գոյություն չունեն ինձ համար։ Կա հայրենիք, կա ազգ։ Ժողովուրդը պիտի ազգային գաղափարախոսությամբ ապրի, որ հայրենիք չկորցնի։ Հիմա պիտի մտածվի ազգը փրկելու մասին։ Բոլորս մի ձեւ պիտի մտածենք, եթե չենք ուզում ուրիշ ազգ կոչվենք»,- ասում է զինծառայողն ու պանրագործը։
Հետո մեջբերում է արաբական մի ասացվածք․ «Առյուծին դրեցին ոչխարների թագավոր, ոչխարները հաղթեցին, ոչխարին դրեցին առյուծների թագավոր, առյուծները պարտվեցին։ Առաջնորդ ա պետք, առաջնորդ։ Ես չեմ տեսնում էդ առաջնորդը թե՛ հիմիկվանների, թե՛ նախկինների մեջ։ Չունենք Մոնթե․․․ Չունենք տենց մարդիկ հիմա»,- ասում է զրուցակիցս։
Մենք դեռ շարունակում ենք խոսել երկրի մարտահրավերներից։ Մի քանի օրից Վարդանը նորից մեկնելու է դիրքեր, իսկ ընտանիքը կշարունակի պանիր արտադրել։
Լուսանկարները՝ Լուսինե Հակոբյանի
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել