HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքապետարանը, տեսչական մարմինն ու ոստիկանությունը չկարողացան կանխել ծառահատումները․ կառուցապատողը երրորդ ծառը հատեց

Ծարավ Աղբյուր 134/4 հասցեի կառուցապատողները գիշերը հատեցին շինհրապարակին կից մայթեզրի երրորդ ծառը։ Առավոտյան տարածքը խճով հարթեցված էր, և փորձ էր արված ծածկելու ծառաբները։

Երեկ Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժինը «Հետք»-ին հայտնել էր, որ այդ տարածքում ծառահատման թույլտվություն չեն տվել։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Երևանի տարածքային տեսուչ Իգիթ Սարգսյանը մեզ պատմեց, որ երեկ մեր ահազանգով այցելել է տարածք, արձանագրել է 1 հատված թեղու կոճղ՝ 30 սմ տրամագծով, որի համար հաշվարկվել է բնությանը պատճառված 100 հազար դրամի վնաս։ 

Իսկ երրորդ՝ դեռ չհատված ծառը տեսուչը երեկ հասցրել էր ֆիքսել, և քիչ առաջ կրկին դեպքի վայր է մեկնել՝ զննության։ Արձանագրել է նաև երրորդ ծառի կոճղը, որը շատ ավելի հաստաբուն է, քան նախորդը, այսինքն՝ բնությանը հասցված վնասն ավելի մեծ է։

Առաջին հատված ծառի մասին Իգիթ Սարգսյանը պատմեց, որ իրենք երեկ կոճղը չէին հայտնաբերել, հետևաբար չէին կարողացել հաշվարկել վնասը։ Սակայն այսօր կրկին զննություն են իրականացրել և հայտնաբերել են նաև առաջին օրվա հատված ծառի կոճղը՝ շինանյութերով ծածկված։

Մեր հարցին, թե արդյոք չեն հարցրել կառուցապատողին, թե ինչու է առանց թույլտվության հատում մայթեզրի ծառերը, Իգիթ Սարգսյանը հայտնեց, որ կառուցապատողը հայտարարել է, որ իրենք տեղյակ չեն, և իրենք չեն իրականացրել հատումները։ Մեր դիտարկմանը, թե շինհրապարակի վերամբարձ կռունկն է ծառը տեղափոխում իրենց շինհրապարակ, որը նաև արձանագրված է բնակիչների տեսանյութում, տեսուչն ասաց, որ այդ հարցով կզբաղվի ոստիկանությունը։

Տեսչական մարմնի աշխատակիցը հաշվարկներն անելուց հետո նյութերը կուղարկի ոստիկանություն։

Ծարավ Աղբյուրի բնակիչները հանդիպակաց շենքից երեկ երեկոյան՝ 22։50-ի սահմաններում, արձանագրել և տեսանկարահանել են նաև երրորդ ծառի հատումը և անմիջապես ահազանգել ոստիկանություն։ Չնայած դրան, կառուցապատողները հասցրել են հատել այն։  

Ոստիկանությունից փորձեցինք ճշտել, թե ինչ ընթացք են ստացել բնակիչների ահազանգերը, արդյոք քրեական գործ հարուցվել է։ Հասարակայնության հետ կապերի բաժնից հորդորեցին գրավոր հարցումով դիմել, ինչը և արեցինք։ Պատասխանը ստանալուն պես կհրապարակենք։

Հիշեցնենք՝ Ծարավ Աղբյուր 134/4 հասցեի բազմաբնակարան շենքը կառուցում է «Մաստեր Շին» ՍՊԸ-ն։ 

Կարդացեք նաև՝ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter