HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Կորոնավիրուսի նոր ալիք. որքանո՞վ է վտանգավոր, և կլինե՞ն արդյոք նոր սահմանափակումներ

Հունիսի կեսերից կորոնավիրուսի դեպքերի թիվն աճեց՝ օրական 60-ից աստիճանաբար հասնելով 1913-ի։ Ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում ևս սկսվեց կորոնավիրուսի 6-րդ ալիքը։

Որքանո՞վ է այն վտանգավոր, կլինե՞ն արդյոք նոր սահմանափակումներ, և որքանո՞վ էին արդյունավետ նախկին սահմանափակումները, ձևավորվե՞լ է արդյոք կոլեկտիվ իմունիտետ և ո՞րն է կորոնավիրուսի դեմ ամենալավ պրոֆիլակտիկ միջոցը։

Այս և մի շարք այլ հարցերի մասին զրուցել ենք Երևանի պետական բժշկական համալսարանի դասախոս, Հանրային առողջության և առողջապահության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանի հետ։

 

 

Օգոստոսի 15-21-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1913 նոր դեպք, մահացել է 5 մարդ։ Մինչ օրս հաստատվել է կորոնավիրուսի 432 274 դեպք, կորոնավիրուսի հետևանքով մահացությունը 2% է (8648 դեպք), կատարվել է 3 178 333 թեստավորում:

Հունիսի վերջից իրականացրած թեստավորումների ու կորոնավիրուսի հաստատված դեպքերի թվի տոկոսային հարաբերակցությունն սկսել է աճել՝ 3,3%-ից հասնելով 31%-ի (օգոստոսի 1-7)։ Այսօրվա դրությամբ՝ (վերջին տվյալ՝ օգոստոսի 15-21)՝ այդ թիվը 22,6% է։

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստված է չափահաս բնակչության ⅔-րդը։ Պատվաստումների ընդհանուր թիվը 2 239 865 է, որից առաջին դեղաչափը ստացել է 51,2%-ը կամ՝ 1 144 690 մարդ, ամբողջովին պատվաստվել է ` 45,7%-ը, կամ 1 026 231 մարդ։ Բուստեր՝ երրորդ դեղաչափը ստացել է ընդամենը 3%-ը, կամ՝ 68 864 մարդ։ 

6-րդ ալիք.COVID-19
Infogram

6-րդը ալիքը վերջինը չէ. կորոնավիրուսի բռնկումներ պարբերաբար լինելու են, և մարդիկ պետք է պատրաստ լինեն։ Հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանն ասում է, որ նոր ալիքի բռնկումը միանգամայն կանխատեսելի էր այն պահից, երբ արդեն հասկանալի դարձավ, որ կորոնավիրուսը բավականին արագ է մուտացիայի ենթարկվում, իսկ պատվաստանյութերը չեն առաջացնում ցմահ իմունիտետ։

Լավ նորությունն այն է, որ նոր ալիքն իր ծանրությամբ նախորդ ալիքներից անհամեմատ ավելի թեթև է, ու թեև դեպքերի թիվը շատացել է՝ մահերը չեն շատացել։ Հունիսի սկզբից մեկ օրվա կտրվածքով ամենաշատը գրանցվել է 7 մահ (հուլիսի 18-24). հաստատված դեպքերի մեջ մահերի թվի հարաբերակցությունն առավելագույնը 0,7%-ն է։

«Եթե 5-րդ, 4-րդ ալիքում մենք օրական մի քանի հազար հիվանդներ էինք ունենում և, ցավոք սրտի, տասնյակ մահեր, նաև հակառեկորդ ենք ունեցել՝ 80 մահվան դեպք, ապա հիմա շաբաթվա կտրվածքով, մենք ունենք 4-5 մահ»,-ասում է Դ. Մելիք-Նուբարյանը։

Հիվանդացության ցուցանիշը նույնպես անհամեմատ ցածր է։ Դ. Մելիք-Նուբարյանի խոսքով՝ 2 շաբաթվա կտրվածքով՝ արդեն իսկ կայունացում է նկատվում. թեստավորումների և դրական թեստերի փոխհարաբերությունը նույնպես կայունանում է։ Նախորդ շաբաթ այն եղել է 25%, ինչը, թեև բարձր է խորհուրդ տրվող 5%-ից, սակայն ընթացքն ավելի թեթև է.

«Եթե նախորդ ալիքների ժամանակ այս բարձր փոխհարաբերությունը խոսում էր նրա մասին, որ առողջապահական համակարգն ուղղակի ի վիճակի չէ բոլորին թեստավորել և հայտնաբերել, ապա հիմա, ամենայն հավանականությամբ, ուղղակի մարդիկ չեն դիմում թեստավորման, իսկ չեն դիմում՝ ինչու, ամենայն հավանականությամբ, քանի որ հիվանդությունն ընթանում է թեթև ձևով»,- ասում է նա։

Ներկայում Հայաստանում, ինչպես ամբողջ աշխարհում, առավել տարածված են կորոնավիրուսի BA.4, BA.5 տեսակները, որը սեկվենավորումների մոտ 98%-ն է։ Ծանրությամբ զիջում է այլ տեսակներին։

Սեկվենավորում - ԴՆԹ-ի կամ սպիտակուցների մոլեկուլներում նուկլեոտիդային կամ ամինաթթվային հաջորդականությունների պարզում։

«Եթե որևէ դրամատիկ փոփոխություն չլինի, կարող ենք կանխատեսել, որ աստիճանաբար ալիքը կգնա դեպի մարում, այդ թվում՝ Հայաստանում,- ասում է Դ. Մելիք-Նուբարյանը։- Եվրոպական Միությունում ալիքն արդեն գնում է դեպի մարում, նոր դեպքերի թիվը 26%-ով կրճատվել է, զգալի կրճատվել է նաև մահերի թիվը. 12 մահ՝ 1 միլիոն բնակչության հաշվով»։

Թեև որոշ վարակաբաններ կարծիք են հայտնում, որ կորոնավիրուսի նոր ալիքը վտանգավոր է նրանով, որ կարող է սեզոնային վիրուսների հետ խառնվել, մուտացվել, նոր դրսևորումներ ստանալ, սակայն Դ. Մելիք-Նուբարյանն ասում է, որ սեզոնային վիրուսները կորոնավիրուսի նոր ալիքին չեն հանդիպի.

«Մեզ մոտ այս ալիքն ավելի շուտ կգնա մարման, քան կսկսեն սեզոնային հիվանդությունների բարձրացումները,- ասում է նա։- Միգուցե ուսումնական պրոցեսների բացման հետ կապված մենք կունենանք որոշակի աճ, բայց, մեկ է, կարծում եմ, դա չի լինի այն ծանր ալիքների պես, որը որ մենք ունեցել ենք»,-ասում է մասնագետը։

Օրինակ՝ 5-րդ ալիքի ժամանակ՝ 2022թ. ձմռանը, եղել է գրիպի և կորոնավիրուսի զուգահեռ համաճարակ, սակայն այս անգամ կանխատեսվում է, որ դեպքերը կնվազեն, հետևաբար զուգահեռ բռնկումներ չեն լինի։

Վարակելիության ցուցանիշը գրեթե նույնն է, ինչ նախորդ ալիքների ժամանակ, սակայն, Մելիք-Նուբարյանն ասում է՝ կարևորն այն է, որ այս ալիքի ժամանակ կա իմունիզացված չափահաս բնակչություն՝ ⅔-րդը (⅓-ը՝ պատվաստումների, ⅓ -ը՝ բնական ճանապարհով՝ հիվանդանալ-առողջանալու)։

«Իմունիտետը կայուն և երկարատև չէ, պետք է սովորել այն մտքին, որ սեզոնային գրիպի պես, կորոնավիրուսի դեպքում էլ պետք է տարին մեկ անգամ պատվաստվել պաշտպանվածության բարձր մակարդակ պահելու համար, հատկապես՝ ռիսկային խմբում գտնվող մարդիկ, առավել ևս որ բավականին ժամանակ է անցել, և որևէ վտանգավոր ինֆորմացիա պատվաստանյութերի հետ կապված չկա»,- ասում է Դ. Մելիք-Նուբարյանը։

Խթանիչ՝ բուստեր դոզա ստացել է ընդամենը 3%-ը՝ 68 864 մարդ, ինչը մասնագետի գնահատմամբ, մտահոգիչ ցուցանիշ է, և խոցելի է դարձնում մեզ, քանի որ եվրոպական երկրներում, օրինակ, բուստեր ստացել են չափահաս բնակչության 65%-ից ավելին։

Մահճակալային ֆոնդի գերծանրաբեռնվածոության վտանգ նույնպես չի լինի, ինչպես չեղավ արդեն 5-րդ ալիքի ժամանակ։ Ու քանի որ 6-րդ ալիքն այդքան էլ վտանգավոր չէ, էական սահմանափակումների կարիք չի առաջանա, եթե բարդություններ կամ նոր շտամներ ի հայտ չգան։ Եվ եթե անգամ սահմանափակումներ լինեն, ապա դրանք, չպետք է լինեն արհեստական, ինչպես նախկինում.

«Անգամ համավարակի ծանր ալիքների ժամանակ, երբ օր է եղել՝ 80 մարդ է մահացել, սահմանափակումները թղթի վրա գործում էին, բայց մենք տեսնում էինք, որ դրանց կիրառման հանրային պահանջ չկար. հասարակությունը պատրաստ էր այդ զոհերը տալ, միայն թե իր առօրյայից չզրկվեր։ Քանի որ երբ որ մարդկանց ասում ես՝ կրե’ք դիմակ, բայց մարդն առավոտյան տնից դուրս է գալիս և տեսնում է, որ ոչ մեկ դիմակ չի կրում, ոչ մեկ էլ չի հետևում, որ դիմակ կրեն, մարդու մոտ հանրային առողջության որոշումների նկատմամբ վստահությունը կորչում է, առաջանում է հակասություն»,- ասում է Դավիթ Մելիք-Նուբարյանը։

Նրա կարծիքով՝ մինչ օրս եղած միակ արդյունավետ քայլն այն էր, որ աշխատավայրերում մտցվեց պարտադիր պատվաստման պահանջը, ինչի շնորհիվ պատվաստումների դինամիկան կտրուկ աճեց։ ԵՊԲՀ-ում վերլուծել են, օրինակ, որ ժամանակին մեծ ուժ ու ֆինանսական ռեսուրս պահանջած տեղորոշման ծրագիրը ծայրահեղ անարդյունավետ է եղել.

«Այն, ինչ ի սկզբանե մասնագետներն ասում էին, որ դժվար է լինելու աշխատացնել, մենք գիտականորեն ապացուցել ենք, որ ադյունավետ չէր։ Այդ որոշման ընթացքում կովիդի մոտ 40 000 դեպք էր հաստատվել, կարող ենք ենթադրել, որ ամեն մի վարակվածը գոնե 1 կոնտակտավոր կունենար, չէ՞, բայց ամբողջ այդ ընթացքում մոտ 1000-ից մի քիչ ավելի կոնտակտավոր է հայտնաբերվել»,- ասում է Դ. Մելիք-Նուբարյանը՝ նշելով, որ նմանատիպ գործիքներն աշխատում են այն միջավայրերում, որտեղ սովոր են այն կիրառել. սա Սինգապուրի օրինակն էր, որը փորձել էին տեղայնացնել Հայաստանում, ինչը չէր ստացվել։

Այս առումով՝ շատ կարևոր է ընդհանուր, անաչառ վերլուծություն անել, քանի որ սա Հայաստանի և աշխարհի պատմության վերջին արտակարգ իրավիճակը չէ։

«Կովիդի հետևանքով մենք կորցրել ենք մոտավորապես Մեղրիի տարածաշրջանի նման մի բնակչություն։ Եվ եթե մենք ուզում ենք որպես հասարակություն շարունակել ապրել այստեղ, ինձ թվում է, որ այդ վերլուծությունը կրիտիկական նշանակություն ունի»։

Որպես պրոֆիլակտիկ միջոց՝ ամենաարդյունավետը մնում է պատվաստումն ու ընդհանուր հակահամաճարակային վարքագծի պահպանումը, այսինքն՝ ձեռքերի հիգիենան, ռեսպիրատոր էթիկետը, հազալու, փռշտալու կանոնները, հիվանդության ախտանշաններ ունենալիս էլ՝ հնարավորինս քիչ շփվել, դիմել մասնագետի, թեստավորվել։

Թեև ախտանշանների էական փոփոխություն չի եղել, սակայն մարդիկ հաճախ առաջնորդվում են համի-հոտի կորստով, ինչն այդքան էլ ճիշտ չէ, քանի որ դա տարածվածության առումով կորոնավիրուսի գլոբալ ախտանշանների մեջ 5-6-րդ տեղում է։

Իսկ հաճախ հանդիպող ախտանիշները սուր շնչառական հիվանդությանը բնորոշ են՝ հարբուխ, ջերմություն, մկանային ցավ, կոտրվածության զգացում, քթարտադրություն, կոկորդում ցավ, հնարավոր է, կովիդ լինի, դրանք ունենալու դեպքում պետք է դիմել բժշկի՝ առողջության պահպանման առաջնային օղակ և թեստավորվել։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter