HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մևլյութ Չավուշօղլու. «Երևանում պետք է կողմնորոշվեն, ուզում են խաղաղություն, թե ոչ»

Հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի անկեղծ չլինելը բոլորին տեսանելի է։ Երևանում պետք է կողմնորոշվեն ուզում են խաղաղություն, թե ոչ։ Այդ մասին թուրքական Haber Global հեռուստաընկերության եթերում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն։ 

«Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչները անց են կացրել չորս հանդիպում։ Խոսքը գնում է հարաբերությունների աստիճանաական կարգավորման մասին։ Ադրբեջանի հաղթանակից հետո Թուրքիան հանդես է եկել Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության օգտին։ Այս ուղղությամբ քայլերը շարունակվում են։ Խոսքը գնում է Հայաստանի հետ ավիահաղորդակցության մասին և այլն։ Նաև որոշակի ջանքեր են ձեռնարկվել առևտրային ոլորտում»,- հայտարարել է Չավուշօղլուն։

Նրա պնդմամբ՝ Անկարան որևէ գաղտնի պլան չունի Բաքվից։ «Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության գրավականը Հայաստանի և Ադրբեջանի միջև մասշտաբային խաղաղության պայմանագիրն է։ Բաքուն հայտարարել է իր նախաձեռնությունները, որոնց Երևանը չի պատասխանել։ Ստեղծվել է համատեղ հանձնաժողով, որը պետք է սկսի աշխատանքները։ Խոսքը նաև Զանգեզուրի միջանցքի մասին է։ Սակայն Հայաստանում մտահոգված են դրանով։ Երևանում պետք է կողմնորոշվեն, ուզում են խաղաղություն, թե ոչ»,- հավելել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ անուղղակիորեն ակնարկելով այն սցենարները, որոնք կարող են ձեռնարկել Անկարան և Բաքուն՝ Երևանի կողմից, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» գաղափարից հրաժարվելու պարագայում։

Չավուշօղլուն ևս մեկ անգամ ընդգծել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չի կարելի առանձնացնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացից, քանի որ դրանք զուգահեռ ընթացող գործընթացներ են և կախված են մեկը մյուսից։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչների վերջին հանդիպումը կայացել էր այս տարվա հուլիսի 1-ին, Վիեննայում։ Դրա արդյունքում կողմերը պայմանավորվել էին բացել հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար։ «Պայմանավորվել են նաև հնարավոր ամենասեղմ ժամկետներում մեկնարկել Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները»,- նշվում էր ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։

Հայաստանն ու Թուրքիան դեռ նախորդ տարի էին նշանակել հարաբերությունների կարգավորման հատուկ բանագնացներ։ Հայկական կողմը ներկայացնում է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, իսկ թուրքականը՝ ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։ Մինչ այժմ այս ձևաչափով 4 հանդիպում է եղել, որից մեկը Մոսկվայում, իսկ մյուս երեքը՝ Վիեննայում։

Ավելի վաղ, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն ևս այն կարծիքն էր հայտնել, որ երկրի ներսում Հայաստանի կառավարության վրա ճնշումները գլխավոր խոչընդոտն են Անկարայի և Երևանի հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Նրա խոսքով՝ պաշտոնական Անկարան կողմ է Երևանի հետ հարաբերությունների կարգավորմանը և պատրաստ է աստիճանաբար առաջ տանել այդ գործընթացը։

Չնայած ընդհանուր սահմանին՝ Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ։ 1993 թվականից Թուրքիան փակել է Հայաստանի հետ սահմանը։ 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրի արտաքին գործերի նախարարները ստորագրել էին «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները, սակայն այդ փաստաթղթերը չէին վավերացվել երկու կողմի խորհրդարանների կողմից։ 2018 թվականի մարտի 1-ին Հայաստանը հայտարարել էր հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգի դադարեցման մասին։

Լուսանկարը՝ dirilispostasi.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter