HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

2020-ին, երբ «Շանգրի Լա»-ի տուրքը Կառավարությունն է վճարել,  լիցենզավորված մյուս խաղատունը ինքն է վճարել իր պարտքերը

Պետությունը 5.6 մլրդ դրամի օժանդակություն է տրամադրել «Շանգրի Լա» խաղատունը շահագործող «Օնիրա Քլաբ» ընկերությանը՝ հիմնավորելով, որ խաղատունը տուժել է 2020 թվականի տնտեսական սահմանափակումների հետևանքով (մարտ-սեպտեմբեր)։ Սակայն, այդ ընթացքում լիցենզիա ունեցող մյուս խաղատունը՝ «Ռոյալ Սիգնաչր»-ը, ստիպված է եղել վճարել պետական տուրքը՝ չնայած խաղատունը փակ է եղել։

Այս տարվա հուլիսի 7-ին, Կառավարությունը հայտարարեց, որ պետությունը պետական բյուջեից պետք է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Շանգրի Լա» խաղատան փոխարեն 4.2 մլրդ դրամ պետական տուրք վճարի 2020 թվականի համար։ Նշված տարվա մարտից կորոնավիրուսի տարածման հետևանքով տնտեսական մի շարք գործունեություն իրականացնողների, այդ թվում՝ խաղատների, արգելվեց աշխատել մինչև սեպտեմբերի վերջ։ 

Ու քանի որ «Շանգրի Լա»-ի լիցենզիան շարունակել էր գործել այդ ընթացքում՝ չնայած, որ խաղատունը փակ է եղել, ընկերության վրա պետական տուրքի գծով պարտք էր գոյացել։ Կառավարությունը որոշեց պետական բյուջեի՝ հարկատուների հաշվին փակել այդ տուրքը՝ դա հիմնավորելով որպես պարետի որոշմամբ Հայաստանի ողջ տարածքում կիրառված սահմանափակումների տնտեսական հետևանքների մեղմացում:

Ավելի ուշ «Հետք»-ը Ֆինանսների նախարարությունից տեղեկացավ, որ Ծառուկյանի խաղատան փոխարեն պետական բյուջեից հայտարարված 4.2 մլրդ դրամի փոխարեն 5.6 մլրդ դրամ է վճարվել։ Բացի 2020-ի երրորդ և չորրորդ եռամսյակները, 2022թ երրորդ եռամսյակի համար ևս պետական բյուջեից «Օնիրա Քլաբ»-ի փոխարեն պետական տուրք է վճարվել, ինչպես նաև՝ դրանց վճարումն ուշացնելու համար հաշվարկված տույժերի գումարները։ 

2020 թվականի մարտի տվյալներով, բացի «Շանգրի Լա»-ն, Հայաստանում լիցենզիա է ունեցել ևս երեք խաղատուն։ 

Երեքն էլ գտնվել են Կոտայքի մարզում՝ Ծաղկաձորում և գործել են մինչև տնտեսական սահմանափակումները։ Պարզել ենք, թե ինչպես են դասավորվել նրանց գործերը 2020-ի տնտեսական սահմանափակումներից հետո, և արդյոք նրանք վճարե՞լ են լիցենզիայի համար նախատեսված պետական տուրքը այդ ամիսներին։ Այսինքն՝ այն ժամանակահատվածի, որի համար «Շանգրի Լա»-ին օժանդակություն է տրամադրել պետությունը։

Այսպես, ընկերություններից մեկը «Վալկան» ՍՊԸ-ն է։ Ընկերության լիցենզիան կասեցվել է 2020 թվականի մարտի 26-ից։ Այսինքն՝ սահմանափակումների մեկնարկից՝ մարտի 23֊ից, ընդամենը երեք օր անց, հետևաբար՝ լիցենզիայի տուրքի գումար չի գոյացել հաջորդ եռամսյակների համար։ Ֆինանսների նախարարությունից շեշտում են, որ ընկերության լիցենզիայի ուժը կորցրած է ճանաչվել միաժամանակ երկու հիմքով՝ որպես պատասխանատվության միջոց և համաձայն ընկերության դիմումի։ Ինչպես տեղեկանում ենք պաշտոնական հայտարարությունների azdarar.am կայքից, ընկերությունը մինչև այս որոշումը պարտքեր է ունեցել պետությանը։ Նաև դա է եղել պատճառը, որ լիցենզիան կասեցվել է։

Մյուս խաղատունը Ծաղկաձորում շահագործել է «Մանռու» ՍՊԸ-ն։ Ընկերությանը տրված խաղատան կազմակերպման լիցենզիայի ուժը կորցրած է ճանաչվել՝ համաձայն իր դիմումի՝ 2020 թվականի մարտի 31-ից:

«Ռոյալ Սիգնաչր» խաղատունը, երբ արգելված էր խաղատների գործունեությունը, վճարել է իր եռամսյակային պետական տուրքերը

Մյուսը «Ռոյալ Սիգնաչր» ՍՊԸ-ն է՝ համանուն խաղատնով (Casino Royale Signature)։ Առավել հետաքրքիր են այս խաղատան հետ կապված զարգացումները։ 

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ խաղատների լիցենզիայի համար գանձվող պետական տուրքը որոշվում է ըստ խաղատան գտնվելու վայրի։ 

Ի տարբերություն «Շանգրի Լա»-ի, որը գտնվում է Երևանին շատ մոտ՝ (Երևան-Աբովյան խճուղի) և որի լիցենզիայի համար տարեկան պետական տուրքը կազմում է 5.5 միլիարդ դրամ (մեկ եռամսյակը՝ 1.375 մլրդ դրամ), «Ռոյալ Սիգնաչր»-ը գտնվում է Ծաղկաձորում և ավելի համեստ պետական տուրք է վճարում՝ տարեկան 180 մլն դրամ (մեկ եռամսյակը՝ 45 մլն դրամ)։  Ընկերություններն այդ տուրքը պարտավոր են վճարել ամեն եռամսյակ։ 

Երբ պարետի որոշմամբ 2020 թվականի մարտի 23-ից սկսած տնտեսական սահմանափակումներ կիրառվեցին, այդ նույն օրը «Ռոյալ Սիգնաչր» ՍՊԸ-ի տնօրեն Արման Հարությունյանը բաց նամակ հղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով ընկերությանը տրամադրել պետական տուրքի գծով արտոնություններ, քանի որ համավարակի տարածման օրերին աշխատել են սահմանափակումներով, պակասել են հաճախորդների քանակն ու խաղատան եկամուտը։ Բացի այդ, պարետի որոշումից հետո խաղատունը փակվել է։ 

Սակայն, հետագայում պարզ է դառնում, որ ընկերությանը որևէ արտոնություն չի տրամադրվել։

««Ռոյալ Սիգնաչր» ՍՊ ընկերությունը շարունակել է մնալ լիցենզավորված խաղատների ցանկում և 2020թ. մարտի 23-ից հետո, երբ արգելված էր խաղատների գործունեությունը, վճարել է իր եռամսյակային պետական տուրքը»,- այս մասին «Հետք»-ին հայտնել է Ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող Արման Ադիլխանյանը։ 

Չնայած խաղատունը շարունակել է փակ մնալ՝ համաձայն պարետի որոշման,  «Ռոյալ Սիգնաչր» ընկերությունը 2020 թվականի սեպտեմբերի 23-ի դրությամբ, այդ տարվա ընթացքում, վճարել է մոտ 141 մլն դրամ պետական տուրքի գումար, ներառյալ՝ վճարումն ուշացնելու համար հաշվարկված տույժերի գումարները:

Սակայն,  ամեն ինչ այդքան հարթ չի ընթացել։ Ընկերությունը ուշացրել է վճարումները։ 2020 թվականի երկրորդ և երրորդ եռամսյակների համար չի վճարել պետական տուրքը, ինչը հիմք է տվել Ֆինանսների նախարարությանը 2020-ի հուլիսի 20-ին ստորագրված որոշմամբ ընկերության լիցենզիան ուժը կորցրած ճանաչել։ 

Հետագայում ընկերությունը դիմել է Վարչական դատարան, որտեղ վճիռը ընկերության օգտին է եղել։ Եզրակացվել է, որ ընկերությունը չէր կարող ունենալ պետական տուրքի վճարման պարտականություն այն պարագայում, երբ այն գործունեության իրականացումը, որի համար պետք է վճարվեր պետական տուրք, արգելված է եղել պետության կողմից: Հետևաբար, դա էլ չէր կարող հիմք հանդիսանալ, որ ընկերությունը զրկվեր լիցենզիայից։

Ըստ էության՝ ընկերությունը, ՊԵԿ-ն ու Ֆինանսների նախարարությունը դատական քաշքշուկներից հետո համաձայնության են եկել։ Ուշագրավ է, որ ընկերությունը վճարել է բոլոր տուրքերն ու տույժերը, և խաղատունը այժմ գործում է։

Այդպիսով, 2020 թվականի մարտից սեպտեմբեր ժամանակահատվածում, երբ պարետի որոշմամբ խաղատները փակ են եղել, «Ռոյալ Սիգնաչր»-ը վճարել է լիցենզիայի համար սահմանված պետական տուրքը։ Նույն ժամանակահատվածի համար, ինչպես նաև՝ 2022 թվականի երրորդ եռամսյակի, լիցենզիա ունեցող մյուս խաղատունը՝ «Շանգրի Լա»-ն, արտոնություն է ստանում Կառավարությունից, և պետական բյուջեի հաշվին են վճարվում նրա պարտքերը՝ 5.6 մլրդ դրամ։ 

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն այս փաստերը կընդունի ի գիտություն

Նույն ոլորտի խաղացողներից մեկին օժանդակելով և պետական բյուջեից նրա փոխարեն տուրք վճարելով՝ արդյոք Կառավարությունը չի՞ խախտում ոլորտի մյուս ընկերությունների հավասար մրցակցության ապահովման իրավունքն այն պարագայում, երբ մյուս ընկերություններից մեկը ժամանակին դիմել է արտոնություն ստանալու համար, սակայն չի ստացել։

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (ՄՊՀ) նախագահ Գեղամ Գևորգյանին ուղղված գրությամբ ներկայացրել ենք այս փաստերը և հարցրել՝ եթե այդ ամենով խախտվում է տնտեսական հավասար մրցակցության կանոնները, ապա նման իրավիճակում ինչպե՞ս պետք է Կառավարությունը առաջնորդվեր։

Մեր նամակին պատասխանած ՄՊՀ գլխավոր քարտուղար Աշոտ Վահանյանը նախ հայտնել է, որ «Օնիրա Քլաբ»-ին տրամադրվող պետական օժանդակության առնչությամբ ո՛չ ընկերությունը, ո՛չ Կառավարությունը որևէ դիմում չեն ներկայացրել ՄՊՀ՝ պետական օժանդակության թույլատրելիության գնահատման համար։ Թեև օրենքը թույլ է տալիս ինչպես պետական օժանդակություն տրամադրողին, այնպես էլ ստացողին դիմել ու գնահատական ստանալ, սակայն դա պարտադիր պահանջ չէ։

Միաժամանակ, «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ պետական օժանդակություն տրամադրող մարմինները օժանդակություն տրամադրելուց հետո ՄՊՀ են ներկայացնում օժանադակության մասին տեղեկությունները։ Դրանց հիման վրա ՄՊՀ-ն ընտրում է գնահատման ենթակա օժանդակությունները և գնահատում դրանց փաստացի ազդեցությունը համապատասխան շուկայի վրա։

Հանձնաժողովը, ըստ էության, դեռևս չի քննել «Օնիրա Քլաբ»-ին տրամադրված օժանդակության հարցը, քանի որ մեր գրության պատասխանում 

Աշոտ Վահանյանը նշում է, որ մեր բարձրացրած հարցերի պատասխանները կարող են տալ միայն ուսումնասիրությունից հետո։

 «Ուստի Ձեր կողմից ներկայացված հարցումը Հանձնաժողովի կողմից կընդունվի ի գիտություն»,- նշված է պատասխանում։

Նշենք, որ հարցումը գրելու պահին դեռևս հայտնի չէր, որ «Օնիրա Քլաբ»-ին տրված օժանդակությունը ոչ թե 4.2 մլրդ դրամ է, այլ ավելի շատ՝ 5.6 մլրդ դրամ։

«Ռոյալ Սիգնաչր»-ից դեռևս չեն մեկնաբանում իրավիճակը

Այս թեմայի վերաբերյալ մեր զանգին ի պատասխան «Ռոյալ Սիգնաչր»-ից մոտ մեկ ամիս առաջ նշեցին, որ առայժմ չեն կարող մեկնաբանության տալ, քանի որ դրա իրավասությունն ունի միայն տնօրենը, որը երկրում չէ։ Խոստացան ավելի ուշ կապ հաստատել։ «Ռոյալ Սիգնաչր»-ի դիրքորոշումը կներկայացնենք, երբ մեկնաբանություն ստանանք։ 

Ֆինանսների նախարարությունից էլ տեղեկացանք, որ «Օնիրա Քլաբ»-ին տրված օժանդակությունից հետո «Ռոյալ Սիգնաչր»-ի կողմից ՀՀ ֆինանսների նախարարություն դիմում չի ներկայացվել։ 

«Ռոյալ Սիգնաչր» խաղատունը նախկինում կոչվել է «Ռոյալ սենատոր»։ Գտնվում է «Ծաղկաձոր Մարիոթ» հյուրանոցի տարածքում։ Կադաստրային փաստաթղթերը վկայում են, որ հյուրանոցի տարածքի սեփականատերը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն է: «Ռոյալ Սիգնաչր»-ը խաղատան տարածքը վարձակալել է: 

Ըստ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ «Ռոյալ Սիգնաչր» ընկերության 100% սեփականատերը Արմեն Ունանյանն է։ Նա նաև «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերության տնօրենն է, որի սեփականատերը օֆշորային գոտի համարվող  Շոտլանդիայում գրանցված «Նորֆոլկ պրոջեկտ ԼՓ» ընկերությունն է: 

2018 թվականին «Նորֆոլկ Քոնսալթինգ»-ը հայտնվեց իրավապահների ուշադրության կենտրոնում: Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարեց, որ բեռների տեղափոխմամբ և մաքսազերծմամբ զբաղվող «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերությունը, ՊԵԿ պաշտոնյաների անմիջական առնչությամբ, արտոնյալ մենաշնորհային կարգավիճակ է ստացել նշված ոլորտում և չարաշահումներ թույլ տալով՝ խուսափել հարկերից ու անհավասար մրցակցային պայմաններ ձեռք բերել:

Ավելի ուշ Արմեն Ունանյանը հայտարարություն տարածեց, որ ընդունում է խախտումների փաստը և կատարում է վճարումները:

Արմեն Ունանյանը ժամանակին զբաղեցրել է նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր հաշվապահի պաշտոնը։ «Նորֆոլկ Քոնսալթինգ»-ը հիմնադրվել է 2017 թվականին։ Այդ ժամանակ Պետական եկամուտների կոմիտեի նախագահն էր (2016 հոկտեմբեր-2018 մայիս) «Գազպրոմ Արմենիա»-ի նախկին գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը։ 

Արմեն Ունանյանը նաև ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Արմենիան տոբակո քոմփանի» ՍՊԸ-ի տնօրենն է: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter