
Սերժ Սարգսյանի գործով առանցքային վկան չի ներկայանում դատարան
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստն այսօր հերթական անգամ հետաձգվեց՝ գործով առանցքային վկայի՝ Սևան Քոչարյանի չներկայանալու պատճատով: Սևան Քոչարյանն այն անձն է, ում հաղորդման հիման վրա հարուցվել է Սերժ Սարգսյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը, որը վերաբերում է շուրջ 10 տարի առաջ վառելիքի մատակարարման գործընթացում ենթադրյալ չարաշահումներին: Գործով ի սկզբանե ամբաստանվում էր 5 անձ:
Նրանցից 4-ին՝ Սերժ Սարգսյանին, «Ֆլեշ» ընկերության նախկին սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանին և նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպելը, դրդելը, օժանդակելը), իսկ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը)։Գործի քննության ընթացքում Սամվել Գալստյանն ու Սերգո Կարապետյանը մահացել են:
Վկա Սևան Քոչարյանը մեկ անգամ ներկայացել է դատարան, ցուցմունք տվել: Քոչարյանը լսողության հետ կապված խնդիր ունի: Այն փուլում, երբ արդեն ներկայացրել էր իրեն հայտնի հանգամանքներն ու կողմերը պետք է հարցեր ուղղեին վկային, վերջինս հայտնել է, որ հարցերը չի լսում, լսողական սարքին է սպասում, որը մայիսի 4-ին կունենա: Նման պայմաններում դատավոր Վահե Միասյանը որոշել է հետաձգել դատական նիստը, ու այսօր արդեն երրորդ նիստն է հետաձգվում Քոչարյանի չներկայանալու պատճառով: Դատարանն անգամ Քոչարյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել, սակայն, փաստորեն չի հաջողվել ապահովել նրա ներկայությունը:
Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը Քոչարյանի գործողությունները խուսափողական վարքագիծ է որակում: Պաշտպանը համոզված է, որ առանցքային վկայի՝ դատարան չներկայանալն ուղիղ ցուցիչ է՝ գործի կեղծ, շինծու լինելու մասին։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 8-ին:
Մեկնաբանել