HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

«Փյունիկը» կխաղա ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում

ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆ փուլում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» հյուրընկալվելիս հետխաղյա 11-մետրանոցներով պարտվեց մոլդովական «Շերիֆին» (հիմնական և լրացուցիչ ժամանակում գոլեր չգրանցվեցին) և չկարողացավ Եվրոպա լիգայի խմբային փուլի ուղեգիր նվաճել։ Հայաստանի չեմպիոնը, սակայն, հանդես կգա կարգով ավելի ցածր ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում։ Հիշեցնենք՝ «Փյունիկի» և «Շերիֆի» միջև Երևանում կայացած առաջին խաղը ևս ավարտվել էր 0։0 հաշվով։

Առաջին խաղակեսում Մոլդովայի չեմպիոնն ուներ տարածքային և խաղային մեծ առավելություն, և երևանյան թիմը հիմնականում պաշտպանվողի դերում էր։ «Շերիֆի» բազմաթիվ գրոհներն ու հարվածները, սակայն, արդյունք չտվեցին։ Առաջին 45 րոպեների ընթացքում «Փյունիկը» ընդամենը մեկ հարված գրանցեց: Խաղակեսի վերջնամասում Ալեքսանդր Գոնսալեսը հեռահար հարված կատարեց, սակայն գնդակը փոքր-ինչ շեղությամբ անցավ դարպասաձողի կողքով։

Երկրորդ խաղակեսը կարելի է ասել անցավ առաջինի սցենարով։ Թելադրողի դերում կրկին «Շերիֆն» էր, չնայած «Փյունիկը» ի տարբերություն առաջին խաղակեսի՝ ավելի շատ էր լինում գնդակով, սակայն դա որևէ արդյունք չտվեց։ Ապարդյուն էին նաև մոլդովական թիմի բոլոր գրոհները։ Ի վերջո, երկրորդ կեսի ընթացքում էլ թիմերը չպարզեցին հաղթողին և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։

Այստեղ թիմերը կրկին չկարողացան հաջողության հասնել, և դիմակայության ելքը վճռվեց 11-մետրանոց հարվածաշարում, որտեղ բախտը ժպտաց «Շերիֆին»։ Ի դեպ, թիմերը իրենց առաջին հինգ հարվածներից դիպուկ իրացրին միայն երկուսը։ 6-րդ հարվածին մոտեցած «Փյունիկի» խաղացողը կրկին վրիպեց, իսկ «Շերիֆը» կարողացավ իրացնել վերջին 11-մետրանոցը, որն էլ նրանց համար հաղթական դարձավ։

Այսպիսով, Հայաստանի չեմպիոնը կխաղա ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում։ Նախորդ տարի էլ «Ալաշկերտն» էր կարողացել Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլ դուրս գալ։

Հիշեցնենք՝  եվրագավաթներում այս տարի «Փյունիկը» պայքարը սկսել էր Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից, որտեղ կարողացել էր հաղթահարել Ռումինիայի չեմպիոն «Կլուժի» արգելքը։ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում երևանյան թիմը կարողացավ պայքարից դուրս թողնել Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժին»: Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում «Փյունիկը» հանդիպեց Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդային» և չկարողացավ լուրջ դիմադրություն ցույց տալ։ Սերբական ակումբին պարտվելուց հետո «Փյունիկը» հայտնվեց Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆ փուլում, որտեղ էլ ճանապարհը զիջեց «Շերիֆին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter