HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

26 անձ փոխհատուցում կստանա պատերազմի ժամանակ ոչնչացված կամ վնասված մեքենաների համար

Պաշտպանության նախարարությունը մտադիր է փոխհատուցում տրամադրել 26 ֆիզիկական և իրավաբանական անձանց, որոնց պատկանող տրանսպորտային միջոցները ոչնչացվել կամ վնասվել են 2020թ․ արցախյան պատերազմի ժամանակ։ Կառավարության այս որոշման նախագիծը ներկայացվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

2020 թվականին հայտարարված ռազմական դրության և զորահավաքի շրջանակներում ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններից ներգրավվել են տրանսպորտային միջոցներ, որոնց ռազմական գործողությունների ժամանակ վնաս է հասցվել։ Վարչապետի 2021թ․ նոյեմբերի 9-ի որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, և ֆիզիկական ու իրավաբանական անձանցից ստացված դիմումների քննարկման և «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից գնահատման արդյունքներով՝ դրական եզրակացություն է կայացվել 26 ֆիզիկական և իրավաբանական անձանց փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ՝ ընդհանուր 71 միլիոն 21 հազար դրամի չափով։

Ինչպես ասվում է նախագծի հիմնավորման մեջ, նշված 26 տրանսպորտային միջոցներից 12-ն ընդհանրապես ոչնչացված են և առկա չեն, 2-ը՝ կրել են այնպիսի վնաս, որը հնարավոր չէ վերականգնել նպատակային նշանակությամբ օգտագործելու համար, 12-ը վնասված վիճակով վերադարձվել են սեփականատերերին և կարող են օգտագործվել նպատակային նշանակությանը համապատասխան։

Վերը նշված գումարը Պաշտպանության նախարարությանը կհատկացվի ՀՀ կառավարության 2022 թվականի պահուստային ֆոնդից: Նախագծի հավելվածները e-draft.am-ում հրապարակված չեն։

Այս որոշման նախագիծն օրինական ուժ կստանա միայն կառավարության հավանությանն արժանանալու դեպքում։

Հիշեցնենք՝ այս տարվա օգոստոսի 1-ին ներկայացված նախագծով էլ պաշտպանության նախարարությունն առաջարկել էր դրամական փոխհատուցում տրամադրել 11 ֆիզիական և իրավաբանական անձանց։

Լուսանկարը՝ արխիվային (Արցախ, 14 նոյեմբերի 2020թ․) / © Հետք

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter