HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ղազախստանում կկայանան արտահերթ նախագահական ընտրություններ

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է այս աշնանը երկրում արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման մասին։ Այդ մասին հայտնում է ORDA-ն։

«Արդար Ղազախստանի ստեղծման ճանապարհին արմատական և համալիր բարեփոխումների հաջող իրականացման համար անհրաժեշտ է ժողովրդի վստահության նոր մանդատ: Ինձ համար պետության շահերն ամեն ինչից վեր են։ Այդ իսկ պատճառով ես պատրաստ եմ կրճատել իմ լիազորությունների ժամկետները և գնալ արտահերթ նախագահական ընտրությունների»,- ասել է Տոկաևը։

Նա նաև հայտարարել է, որ կգործակվեն խորհրդարանի և մասլիխատների (տարածաշրջանային խորհրդարաններ) կուսակցական ցուցակներով և միամանդատ շրջաններով կազմավորման նոր մեխանիզմները։ Ղազախստանի նախագահի խոսքով՝ դա կհանգեցնի քաղաքական կուսակցությունների քանակի ավելացմանը և կուժեղացնի մրցակցությունը։

Տոկաևը նաև առաջարկել է սահմանափակել նախագահական մանդատը 7 տարի ժամկետով՝ առանց վերընտրման իրավունքի, գրում է ղազախական «Власть» պարբերականը։

Բացի այդ, Տոկաևը համաներում է հայտարարել հունվարյան ցույցերի մասնակիցների համար։ «Մեզ օդի պես անհրաժեշտ է ազգային միասնություն։ Եվ նրանք, որոնք մասնակցել են գործադուլին, և ուժային կառույցների աշխատակիցները, մեր քաղաքացիներն են։ Նրանք ոչ միայն հույս ունեն, որ դատական գործընթացն արդար կլինի, այլև նրան, որ հասարակությունը ներողամիտ կլինի»,- ասել է Ղազախստանի նախագահը։

Նա նշել է, որ համաներումը չի վերաբերի անկարգությունների կազմակերպիչներին, ինչպես նաև պետական դավաճանության և իշխանության բռնի տապալման փորձի մեջ մեղադրվողներին։

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի սկզբին Ղազախստանում զանգվածային բողոքի ցույցեր էին սկսվել գազի գնի թանկացման դեմ, որոնք վեր էին ածվել լուրջ բախումների և անկարգությունների։ Ցուցարարներն սկսել էին պահանջել գործող իշխանությունների հրաժարականը։ Բողոքի ցույցերի հետևանքով Ղազախստանի կառավարությունը հրաժարական էր տվել, նախագահը հայտարարել էր արտակարգ իրավիճակ, իսկ այնուհետ գլխավորել Անվտանգության խորհուրդը, որը մինչ այդ ղեկավարում էր Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։

Բողոքի ցույցերից անմիջապես հետո սկսեցին վերադասավորումներ լինել իշխանության բարձր պաշտոններում, ինչպես նաև մասնավոր հատվածում։ Նազարբաևի շրջապատը կորցրեց երկրում իր հիմնական ազդեցությունը։

Լուսանկարը՝ Getty Images-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter