HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ժոզեպ Բորելը ողջունել է Փաշինյանի և Ալիևի բրյուսելյան հերթական հանդիպումը

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ողջունել է նախօրեին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը։ Այդ մասին նա գրառում է արել թվիթերյան իր միկրոբլոգում։

«Ողջունում եմ չորրորդ հանդիպումը, որն անց է կացվել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև։ Կարևոր է շարունակել աշխատանքը խաղաղության պայմանագրի առաջխաղացման համար, ջանքեր գործադրել մարդասիրական և հաղորդակցության ոլորտներում։ ԵՄ-ն շարունակում է աջակցել խաղաղասեր, անվտանգ և բարգավաճող Հարավային Կովկասին»,- գրել է Բորելը։

Հիշեցնենք, որ նախօրեին Բրյուսելում երեք առաջնորդների հանդիպման ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել ակտիվացնել առարկայական աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունները կարգավորող խաղաղ համաձայնագրի առաջխաղացման ուղղությամբ։ Բացի այդ, Շառլ Միշելի անունից տարածված հաղորդագրության մեջ, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին հանձնարարվել էր մեկ ամսվա ընթացքում հանդիպում ունենալ այդ համաձայնագրի սևագիր տարբերակի վրա աշխատելու համար։

Հանդիպման ժամանակ քննարկվել էր նաև հայ գերիների վերադարձի հարցը։ «Նախագահ Միշելը կարեւորել է Ադրբեջանում պահվող հայ անձանց հետագա ազատ արձակումը»,- հստակորեն ընդգծվում էր հայտարարության մեջ։ Բացի այդ, նշվում էր, որ Եվրամիությունը կշարունակի ներգրավվել այս հարցերում։

Վերջին անգամ նրանք հանդիպել էին այս տարվա մայիսի 22-ին՝ դարձյալ Բրյուսելում և պայմանավորվել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացի համար ստեղծել երկկողմ աշխատանքային խմբեր, ինչպես նաև՝ հանձնարարել երկու երկրների արտաքին գործերի նախարարներին սկսել խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները։

Լուսանկարը՝ Thierry Monasse / Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter