HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բրյուսելում ընթանում է Նիկոլ Փաշինյանի, Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը

Բրյուսելում ընթանում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր Բրյուսելում կայացել են Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի առանձնազրույցները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Սա արդեն բրյուսելյան ձևաչափի թվով երրորդ հանդիպումն է, որից առաջինը կայացել է 2021 թվականի դեկտեմբերի 14-ին և շարունակվել 2022 թվականի ապրիլի 6-ին։

Մայիսի 22-ին կայանալիք հանդիպման մասին հայտնի էր դարձել միայն մի քանի օր առաջ։ Մայիսի 19-ին Կառավարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշվում էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել։ «Նույն օրը վարչապետն առանձնազրույց կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Բրյուսելում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը»,- նշվում էր հայկական կողմի տարածած հաղորդագրության մեջ։ 

Նախօրեին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը որևէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում։ Լրագրողներից մեկի այն հարցին, թե քննադատություն կա, որ հանդիպման օրակարգը գաղտնի է պահվում, Գրիգորյանը պատասխանել էր.

«Դա առնվազն տարօրինակ քննադատություն է, որովհետև Ադրբեջանի հետ մեր քննարկումների ընթացիկ օրակարգը հանրահայտ է: Դրանք են՝ հարաբերությունների կարգավորման կամ խաղաղության բանակցությունների մեկնարկի համար մեր և Ադրբեջանի ներկայացրած կետերը, որոնք նույնպես հրապարակված են և ներառում են ԼՂ հիմնախնդրի կարգավորման թեման, գերիների վերադարձի և անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանման հարցեր, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հետ կապված հարցեր, սահմանների սահմանագծման և սահմանազատման, ինչպես նաև սահմանային անվտանգության հարցերով երկկողմ հանձնաժողովի աշխատանքի մեկնարկի հետ կապված հարցեր: Սա նույն օրակարգն է, ինչ քննարկվել է նախորդ հանդիպումների ընթացքում»։

Դեռևս հայտնի չէ, թե արդյոք հանդիպումից հետո կտարածվի համատեղ հայտարարություն, թե՝ ոչ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter