HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ռուս խաղաղապահները կրճատել են դիտակետերի քանակը միջանցքում, փոխարենը նորերն են տեղակայել Բերդաձորի ենթաշրջանում

ՌԴ խաղաղապահ զորախումբը Հայաստանն Արցախին կապող նոր միջանցքի տարածքում 2 դիտակետ է տեղաբաշխել, որոնց միջոցով վերահսկողություն է իրականացնում այդ հատվածում։

Նկատենք, որ հին միջանցքում, որով անցնում էր Գորիս-Աղավնո-Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհը, տեղակայված էր 6 դիտակետ։ Դրանցից 2-ը գտնվում էին հենց ճանապարհի վրա, իսկ մնացած 4-ը՝ միջանցքի տարածք մուտք-ելք ապահովող ճանապարհների վրա։

Ինչպես արդեն գրել ենք, օգոստոսի 31-ի իր տեղեկագրում ՌԴ խաղաղապահ զորախումբը հայտարարել է, որ Լաչինի միջանցքի նոր երթուղու փոփոխությամբ պայմանավորված՝ կատարվել է զորախմբի դիտակետերի տեղակայման ճշգրտում։ Այս գործընթացի արդյունքում 27 դիտակետերին ավելացվել են եւս 3-ը, ու հիմա իր պատասխանատվության գոտում զորախումբն ունի 30 դիտակետ-հենակետ։ Սակայն հարկ է նշել, որ դիտակետերի թիվն ավելացվել է Արցախի Հանրապետության վերահսկողության տակ գտնվող տարածքում, իսկ նոր միջանցքի հատվածում նախկին 6-ի փոխարեն այժմ կա 2 դիտակետ։  

Միջանցքում են ռուսական կողմի թիվ 1 եւ 2 դիտակետերը։

Սրանցից առաջինը գտնվում է Հայաստան-Արցախ ներկա երթուղու վրա՝ ՀՀ սահմանի անմիջական հարեւանությամբ՝ Հագարի գետի վրա կառուցված նոր կամրջի մոտ։ Այսինքն՝ այն վերահսկում է երթեւեկությունն ու անվտանգությունը Գորիս-Տեղ-Հին Շեն-Մեծ Շեն-Ստեփանակերտ ներկա երթուղու վրա։

Հայաստանից դեպի Արցախ․ ՌԴ խաղաղապահ զորախմբի հենակետը՝ կամրջից ձախ

Բայց նորություն չէ, որ միջանցքով անցնում է ոչ միայն հայկական կողմը, այլեւ պարբերաբար այն տարանցում են ադրբեջանցիները՝ ռուսների ուղեկցությամբ։ Ներկա միջանցքը, ինչպես եւ նախորդը, Քաշաթաղի (Լաչինի) շրջանը կիսում է երկու մասի, եւ մի հատվածից մյուսն անցնելու ամենակարճ տարբերակը միջանցքը հյուսիսից հարավ կամ հարավից հյուսիս հատելն է։ Օրինակ՝ միջանցքից հարավ՝ Հագարի գետի հովտում գտնվող Ծաղկաբերդ գյուղը (եւ, ընդհանրապես, Հագարիի հովիտի հարավային գյուղերը) Բերձոր քաղաքին կապելու ամենակարճ ճանապարհն անցնում է հենց միջանցքով (Ծաղկաբերդ-միջանցք-Ապարան-Աղանուս-Բերձոր) եւ, բնականաբար, հատում Գորիս-Տեղ-Հին Շեն-Մեծ Շեն-Ստեփանակերտ ճանապարհը։ 

Սակայն ադրբեջանցիները հիմա ակտիվ շինաշխատանքներ են կատարում նույն Ծաղկաբերդ-միջանցք-Բերձոր ճանապարհի վրա, որը, դատելով տարածված տեսանյութերից եւ առցանց քարտեզներից, առաջիկայում փոխելու է ուղղությունը եւ ոչ թե հատելու է Գորիս-Տեղ-Հին Շեն-Մեծ Շեն-Ստեփանակերտ երթուղին, այլ անցնելու է Հագարիի նորակառույց կամրջի տակով եւ նույն գետի հունով բարձրանալու վերեւ, ապա Աղավնո գյուղի հյուսիսային մասում միանալու Աղավնո-Բերձոր ճանապարհին։

Ծաղկաբերդ-միջանցք-Աղավնո-Բերձոր ճանապարհի շինարարություն՝ Հագարիի կամրջի տակ․ վերեւի ձախ անկյունում՝ ՌԴ զորախմբի թիվ 1 դիտակետը

Այսինքն՝ այս պարագայում հայկական ու ադրբեջանական երթեւեկները չեն խաչվի։ Ադրբեջանցիներն այս կերպ նաեւ կրճատում են Ծաղկաբերդ-միջանցք-Ապարան-Աղանուս-Բերձոր ներկա ճանապարհի ոլորաններն ու երկարությունը։ 

Ինչ վերաբերում է միջանցքի թիվ 2 դիտակետին, ապա եթե հավատանք ռուսական կողմի տարածած քարտեզներին, սրա տեղակայումը չի փոխվել, պարզապես թիվ 24 դիտակետը դարձել է թիվ 2։ Խոսքը նախկին Շիվիթ բնակավայրի ավերակների մոտ տեղակայված դիտակետ-հենակետի մասին է, որը նախկին միջանցքի դեպքում վերահսկում էր դրա հարավային սահմանը, իսկ ներկա միջանցքի պարագայում դարձել է դրա հյուսիսային անցակետը։ Այս դիտակետը գտնվում է Ծաղկաբերդ-միջանցք-Ապարան-Աղանուս-Բերձոր ճանապարհի վրա՝ Ապարան գյուղից 1,5 կմ հարավ։

Քարտեզում թվերով նշված են՝
1. Գորիս-Տեղ-Հին Շեն-Մեծ Շեն-Ստեփանակերտ ճանապարհը
2. Հագարիի սահմանային կամուրջը
3. ՌԴ զորախմբի թիվ 1 դիտակետը՝ Հագարիի կամրջի մոտ
4. ՌԴ զորախմբի թիվ 2 դիտակետը՝ Շիվիթի ավերակների մոտ
5. Ծաղկաբերդ-միջանցք-Ապարան-Աղանուս-Բերձոր ներկա ճանապարհը
6. Ծաղկաբերդ-միջանցք-Աղավնո-Բերձոր կառուցվող ճանապարհը

Փաստորեն, եթե ադրբեջանցիները ավարտին հասցնեն Ծաղկաբերդ-միջանցք-Աղավնո-Բերձոր ճանապարհը Հագարի գետի հունին զուգահեռ, միջանցքը տարանցելիս այդուհետ դժվար թե օգտվեն միջանցք-Ապարան-Աղանուս-Բերձոր լեռնային հատվածից։

Նոր դիտակետեր՝ Բերդաձորում

Արցախի Հանրապետության վերահսկողության տակ գտնվող տարածքում՝ Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի Հին Շեն (նախկինում եւ ռուսական կողմի քարտեզներում՝ Կիրով) եւ Տասը Վերստ (նախկինում եւ ռուսական կողմի քարտեզներում՝ Ենգիբար) գյուղերում, ՌԴ զորախումբը 2 նոր դիտակետ է տեղակայել։

Իրականում Հին Շենում ռուսները ներկա են դեռ 2020-ի դեկտեմբերից, երբ թշնամին սադրանքի դիմեց Խծաբերդ-Հին Թաղեր ուղղությամբ, վերահսկողության տակ առավ այդ գյուղերը, ապա հասավ Հին Շեն ու Մեծ Շեն, սակայն որոշակի նահանջեց ռուսների միջամտությունից հետո։ Ընդ որում՝ չնայած Հին Շենում փաստացի առկայությանը՝ ռուսական կողմի քարտեզներում մինչեւ այս տարվա օգոստոսի 30-ը ներառյալ որեւէ դիտակետ չէր նշվում այս գյուղի տարածքում։

Բացի դրանից, հատկանշական է, որ Հին Շենի հարեւանությամբ գտնվող թշնամական մարտական հենակետը, որին անդրադարձել էինք վերջերս, դեռ չի հանվել։ Այն գտնվում է նախկին ԼՂԻՄ-Լաչինի շրջան սահմանագծին՝ բարձունքի վրա, որտեղից Հին Շենն ափի մեջ է։ Թշնամու դիրքից մինչեւ նորակառույց ճանապարհը, որն անցնում է գյուղի գերեզմանոցի մոտով, 470 մ է (տես ստորեւ), գերեզմանոցի մյուս կողմում էլ՝ գյուղամիջյան խաչմերուկի վրա, ռուսական թիվ 3 դիտակետն է։

Ինչպես հայտնի է, միջանցքով անցնող ճանապարհը երկու կողմերում 2,5-ական կմ անվտանգության գոտի պետք է ունենա, այնինչ դեռեւս այդ գոտում գտնվող ադրբեջանցիները, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է Հին Շենի համայնքապետ Սամվել Սարգսյանը, արդեն սկսել են իրենց հենակետից քարեր գլորել ճանապարհի ուղղությամբ։ Համայնքապետը հույս է հայտնել, որ ռուսական կողմը հետեւողական կլինի նոյեմբերի 9-ի հայտարարության պատշաճ կատարմանն ու ադրբեջանցիներին կստիպի հեռանալ Հին Շենով անցնող ճանապարհի անվտանգության գոտուց։

Եթե Հին Շենում սովոր էին թշնամու ներկայությանը, ապա հարեւան Մեծ Շենի տեսադաշտում (սարերի վրա) ադրբեջանցիները հայտնվել են օգոստոսի 27-ից, երբ Բերձորն ու հարակից գյուղերն արդեն հանձնվել էին նրանց։ Այս մասին «Ազատությանը» հայտնել է Մեծ Շենի համայնքապետ Դավիթ Դավթյանը։

Ինչ վերաբերում է Տասը Վերստ գյուղի մոտ ռուսական կողմի դիտակետին (թիվ 10), ապա այն նոր է եւ գտնվում է Գորիս-Ստեփանակերտ հին (Բերձորով) ու նոր (Հին Շեն-Մեծ Շենով) ճանապարհների հատման կետում (տես ստորեւ)՝ վերահսկելով նրանց երթեւեկը։ Նկատենք, որ ադրբեջանցիները պարբերաբար ռուսների ուղեկցությամբ Շուշի-Բերձոր-Շուշի ուղղությամբ տարանցումներ են կատարում հենց Ստեփանակերտ-Բերձոր ճանապարհով։

Բերձորի հանձնումից հետո երկարել է շփման գիծը Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի Եղցահող գյուղի ուղղությամբ, որը գտնվում է Ստեփանակերտ-Բերձոր ճանապարհից ոչ հեռու։ Վերջերս գրել էինք Եղցահողի ուղղությամբ այս տարվա օգոստոսին թշամու սադրանքի եւ տարածած կեղծ լուրի մասին առ այն, թե իբր իր զինուժը վերահսկողության տակ է վերցրել Եղցահողի հարեւան Սարիբաբ ռազմավարական բարձունքը։

Գրել էինք, որ 44-օրյա պատերազմից հետո, երբ Քաշաթաղը հանձնվել էր ադրբեջանցիներին, Արցախի պաշտպանության բանակը մարտական հենակետեր էր տեղակայել շփման գիծ դարձած Սարիբաբի վրա եւ Եղցահողից դեպի Քաշաթաղի շրջանի նախկին Խրմանլար բնակավայրի ավերակներ տանող ճանապարհին՝ լեռնանցքում (1625 մ)։ Բայց երբ 2021-ի օգոստոսին ադրբեջանցիները Եղցահող-Խրմանլար հատվածում առաջ էին եկել, ռուսական կողմը միջամտել էր, ինչից հետո ՊԲ-ն հետ էր քաշվել Սարիբաբից ու լեռնանցքից, իսկ ադրբեջանցիները վերադարձել էին իրենց ելման դիրք՝ Խրմանլարի տարածքում գտնվող նախկին անասնաֆերմա։ Ընդ որում՝ ռուսները, Եղցահող-Սարիբաբ հատվածից հանելով ՊԲ զինծառայողներին, վերջիններիս պես մշտական հերթապահություն անելու փոխարեն իրականացնում էին շրջիկ պարեկություն։

Լեռնանցքի հայկական դիրքի դատարկ դիտակետում տեղադրվել էր ՌԴ դրոշը

Եվ ահա իրավիճակը փոխվել է այս տարվա օգոստոսին թշնամու ագրեսիվ գործողություններից հետո։ Ադրբեջանցիներն այդպես էլ չեն կարողացել հասնել Սարիբաբի ամենաբարձր հատվածին, որտեղ տեղակայվել են ռուս խաղաղապահներն ու Արցախի ՊԲ-ն։ Թշնամին նաեւ առաջացել էր Սարիբաբի ստորոտում՝ Խրմանլար-Աղբուլաղ ուղղությամբ (լեռնանցքից 1,9 կմ հյուսիս-արեւելք)՝ տեսադաշտ բացելով դեպի Եղցահող։

«Պայմանավորվածություն կա, որ պետք է ընդհանրապես էս հատվածից հետ քաշվեն, ճիշտ ա՝ իրանց սահմանի վրա են դիրքերը դրված, բայց պայմանավորվածություն կա, որ պետք է մոտ օրերս ընդհանրապես մեր տեսադաշտից հեռու լինեն»,- օգոստոսի 8-ին «Ազատությանը» հայտնել էր Եղցահողի համայնքապետ Արտակ Հակոբյանը՝ նշելով, որ ադրբեջանցիների հետ պայմանավորվողը եղել են ռուսները։ Ռուսական կողմի քարտեզներում օգոստոսի 31-ից տեսնում ենք, որ խաղաղապահ ուժերի թիվ 12 դիտակետը տեղակայված է վերոնշյալ լեռնանցքում։

Գլխավոր լուսանկարը՝ արխիվային (2021 թ․ փետրվար)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter