HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Չեղարկել շրջանառության հարկը. հարկային ոլորտում առանցքային փոփոխություններ են ծրագրվում

Հայաստանի հարկային համակարգում մի շարք առանցքային փոփոխություններ են առաջարկվում առաջիկա երեք տարիների համար։ Ֆինանսների նախարարությունը առաջարկում է առհասարակ հանել շրջանառության հարկի համակարգը, փոփոխել միկրոձեռնակատիրության կանոնները, փոփոխություններ կատարել ԱԱՀ-ի, եկամտային հարկի մասով, համընդհանուր հայտարարագրման համակարգ ներդնել։ 

Թեև վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս տարվա օգոստոսի 12-ին արդեն ստորագրել է հարկային եկամուտների կառավարման ծրագրի մասին փաստաթուղթը, սակայն ամեն ինչ դեռևս գաղափարների ու առաջարկների տեսքով է։ Դրանք նախ պետք է նախագծեր դառնան, ներկայացվեն հանրային քննարկման, քննարկվեն Կառավարությունում և Ազգային ժողովում, որի համար ամիսներ են պահանջվում։

Առավել առարկայական և իրագործելի են միկրոձեռնակատիրության համակարգի փոփոխություններն ու համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը։ 

Չեղարկել շրջանառության հարկի համակարգը

«ՀՀ հարկային օրենսգրքի» համաձայն՝  Հայաստանում գործում են հարկման ընդհանուր և հատուկ  համակարգեր։ 

Ընդհանուր համակարգի շրջանակներում հարկային բեռն անհամեմատ ավելի ծանր է, քան հատուկ համակարգի: Հարկման ընդհանուր համակարգի շրջանակներում կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները հարկվում են ԱԱՀ-ով (ավելացված արժեքի հարկ-20%) ու շահութահարկով (18%)։ 

Իսկ հատուկ համակարգում գործող սուբյեկտները կամ միկրոձեռնարկատիրության կամ շրջանառության հարկի դաշտում են։ 

Երբ տարեկան իրացման շրջանառությունը չի անցնում 115 մլն դրամը, տնտեսվարողը կարող է գործել շրջանառության հարկի դաշտում: Այստեղ նա ո'չ ԱԱՀ է վճարում, ո'չ էլ՝ շահութահարկ: Փոխարենը հարկվում է շրջանառության հարկով (գործունեության տեսակների մեծ մասի դեպքում՝ 5%):

Իսկ եթե տնտեսվարողի տարեկան շրջանառությունը չի գերազանցում 24 մլն դրամը, ապա նա կարող է գործել միկրոձեռնարկատիրության համակարգում։ Այստեղ նա ազատվում է ինչպես շահութահակից, այնպես էլ՝ ԱԱՀ-ից ու շրջանառության հարկից: 

Ֆինանսների նախարարությունն առաջարկում է մինչև 2025 թվականը չեղարկել շրջանառության հարկի համակարգը՝ հատուկ համակարգերից թողնելով միայն միկրոձեռնարկատիրությունը։ 

 Ըստ Ֆինանսների նախարարության՝ որոշ դեպքերում շրջանառության հարկը դարձել է ոչ թե բիզնեսի որոշ տեսակների համար հարկային հաշվառման պարզ այլընտրանք, այլ` փաստացի ավելի քիչ (երբեմն՝ անգամներով ավելի քիչ) հարկեր վճարելու «տարածք»: Այսինքն՝ խոշոր ընկերությունները «տրոհվում են» մի քանի  ընկերությունների, որպեսզի ավելի քիչ շրջանառություն ցույց տան և ավելի քիչ հարկ վճարեն։

Բացի այդ, որոշ հարցեր դեռ բաց են։ Հիմնական խնդիրն այն է, թե փոքր բիզնեսի շրջանառության ո՞ր շեմը պետք է բաժանարար գիծ լինի հարկման ընդհանուր համակարգի և շրջանառության հարկով հարկվող համակարգի միջև: Ինչպես նաև՝ թե որն է շրջանառության հարկի դրույքաչափի ամենաարդյունավետ ցուցանիշը։

Ֆինանսների նախարարության Եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Օրի Ալավերդյանը շեշտում է՝ ի սկզբանե շրջանառության հարկի համակարգը ստեղծվել է որպես փոքր տնտեսվարողների համար ավելի պարզ ու ցածր հարկային բեռ ենթադրող համակարգ։ Սակայն, տարիների ընթացքում խոշոր բիզնեսը ևս սկսել է օգտվել այս համակարգից։ 

«Ոչ միայն շրջանառության հարկի, այլև հարկային համակարգին վերաբերող բոլոր նշված փոփոխությունները պետք է դիտարկել որպես համակարգային առաջարկություններ։ Մեկը մյուսի հետ կապակցված է։ Շրջանառության հարկի չեղարկմանը զուգահեռ մենք առաջարկում են պարզեցնել ԱԱՀ վճարողների հաշվապահությունը։ Նախատեսվում է տնտեսավարող սուբյեկտների համար ԱԱՀ-ի հաշվարկը կատարել ՊԵԿ-ի կողմից սպասարկվող ինքնաշխատ համակարգի գործադրմամբ, իսկ շահութահարկը փոխարինել բաշխվող շահույթի հարկով՝ վարչարարական բեռը դնելով հարկային մարմնի վրա»,- «Հետք»-ի հետ զրույցում նշեց Օրի Ալավերդյանը։

Շրջանառության հարկից պետական բյուջեի եկամուտները 2021 թվականին կազմել են 32 մլրդ դրամ, ինչը հարկային եկամուտների 2%-ն է: Մինչև 2019-ի ավարտը շրջանառության հարկով հարկվում էր ավելի քան 60 հազար տնտեսվարող սուբյեկտ: 2020 թվականից սկսած՝ շրջանառության հարկ վճարողների մի մասն անցան միկրոձեռնարկատիրության համակարգում հաշվառման, ինչի հետևանքով վերջին երկու տարիներին (2020-2021) շրջանառության հարկ վճարողների քանակն աստիճանաբար նվազել է՝ հասնելով 43 հազարի:

Հարկային փոփոխությունների շարքում մինչև 2025 թվականը նախատեսվում է, որ ԱԱՀ-ի ստանդարտ դրույքաչափը՝ 20%-ը, կմնա անփոփոխ, սակայն կարող է քննարկվել բացառապես տեղական արտադրության շատ նեղ շրջանակի գյուղատնտեսական արտադրանքի օտարման գործարքների մասով ԱԱՀ-ի նվազեցված՝ 10% դրույքաչափ սահմանելու հարցը։ Նախարարությունից պարզաբանում են, որ խոսքը Հայաստանում արտադրվող պտուղ-բանջարեղենի և մսի մասին է։

Միկրոձեռնարկատիրության համակարգում բարձրացնել եկամտային հարկը

Եկամտային հարկը պետական բյուջեի հարկային եկամուտների կազմում մեծությամբ երկրորդն է: Վերջին 10 տարիների ընթացքում եկամտային հարկի եկամուտներն ապահովել են ընդհանուր հարկային եկամուտների 26-30%-ը: Նույն ընթացքում եկամտային հարկից վճարումներն ապահովել են ՀՆԱ-ի 5.5-6.7%-ը:

Եկամտային հարկի դրույքաչափը ներկայում 21% է, 2023 թվականից այն կդառնա 20%:

Միայն միկրոձեռնակատիրության համակարգում այն ավելի ցածր է։ Մասնավորապես,  այստեղ վարձու աշխատողների աշխատավարձից վճարվում է ամսական 5 հազար դրամի չափով եկամտային հարկ՝ անկախ աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտների մեծությունից։

Ֆինանսների նախարարությունը համարում է, որ սա անարդար է։ Բացի այդ՝ ոչ միկրոձեռնակատեր համարվող տնտեսվարող սուբյեկտներն այս համակարգի հնարավորությունները չաշահում են։ 

«Այս երևույթը դարձել է միկրոձեռնակատիրության համակարգի նկատմամբ անգնահատելի մեծ հետաքրքրության պատճառ։ Հետաքրքրության հիմնական պատճառներից մեկն այն է, որ համակարգը ոչ միայն ազատված է շրջանառության հարկից, այլև եկամտային հարկն է ցածր։ Մարդիկ սկսում են իրենց աշխատողներին միկրոձեռնարկատեր գրանցել, պայմանագրային հարաբերություններով աշխատել, այսինքն՝ խուսափում են հարկերից»,- ասում է Օրի Ալավերդյանը։

Առաջարկվող համակարգային փոփոխություններից մեկն էլ վերաբերում է շահութահարկ վճարողներին։ Եթե Ֆինանսների նախարարության առաջարկներն ընդունվեն ու օրենքի ուժ ստանան, ապա առաջիկա երեք տարում շահութահարկ վճարողներն այլևս հնարավորություն չեն ունենա միկրոձեռնակատիրության սուբյեկտ համարվողներից ձեռք բերված փաստաթղթերով ծախսերի նվազեցումներ անել։ Այս նախագիծն արդեն իսկ ներկայացվել է հանրային քննարկման։ 

Հիմնավորումը կրկին հարկերից խուսափելն է։ «Հաշվարկներ ունենք և տեսել ենք՝ քանի որ միկրոձեռնարկատիրության սուբյեկտը հնարավորություն ունի հաշվարկային փաստաթուղթ գրել շահութահարկ վճարողին, ինքը դրա համար հարկեր չի վճարում, իսկ շահութահարկ վճարողը փաստաթղթում գրված գումարի չափով իր շահութահարկը նվազեցնում է։ Եկամուտը նվազեցնում է, հետևաբար շահութահարկն է քիչ վճարվում։ Սա անտրամաբանական է։ Միկրոձեռնակատերերը սկսել են օգտվել այս երևույթից»,- նկատում է Օրի Ալավերդյանը։

Ֆինանսների նախարարության առաջարկություններն այս ամենով չեն սահմանափակվում։ Առանցքային փոփոխություններից մեկն էլ կարող է լինել Հայաստանում եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը։

Բոլոր դեպքերում, նշվածները դեռևս առաջարկություններ և գաղափարներ են, որոնց հասցեատերերը առաջին հերթին տնտեսվարողներն են։ Ինչպես հավաստիացնում են  նախարարությունից, այս առաջարկությունները նրանց և հանրությանը կներկայացվեն ոչ թե ընդհանուր մեկ փաթեթով, այլ՝ առանձին նախագծերով և կքննավկվեն տնտեսվարողների հետ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter