
Բաց նամակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը 2-րդ բաց նամակով դիմել է Նիկոլ Փաշինյանին։ Նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
Դեռևս 20.10.2021թ., փաստելով, որ՝ օտարերկրյա ներդրող իմ վստահորդների սեփականությունը հանդիսացող գազալցակայանը ապօրինի տիրապետումից հետ վերադարձնելու հարցում ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության և Կոտայքի մարզային վարչության կողմից գազալցակայանն ապօրինի շահագործողին հովանավորելու, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում քննվող թիվ 15963121 քրեական գործով հափշակության հատուկ սուբյեկտ հանդիսացող, գազալցակայանն ապօրինի շահագործող անձի նկատմամբ հովանավորչություն իրականացվելու, նույն հարցով վստահորդներիս փաստացի սեփականատիրական իրավունքներն իրականացնելուց զրկող ապօրինի որոշումներ կայացրած դատավորի կողմից իր պաշտոնեական դիրքը չարաշահելու մասին, բաց նամակով դիմել էի Ձեզ՝ խնդրին օրինական լուծում տալու հարցում հայցելով Ձեր աջակցությունը:
Ասեմ, որ այդ հրապարակումը մեծ հետաքրքրություն էր առաջացրել իրավաբանական համայնքում, լրագրողների մոտ ու տևական ժամանակ ինձից հետաքրքրվում էին գործի ընթացքի մասին և ես խոստացա, որ՝ արդյունքների մասին նույն կերպ՝ բաց նամակով, հրապարակում կլինի:
Բայց առ այսօր արդիական է ՀՀ կառավարության 21.01.2021թ. թիվ N 79-Ն որոշման ընդունման կապակցությամբ Ձեր խոսքը.
«Բոլորը դա ընդունում են, այսինքն՝ բանավեճ չկա, ըստ էության, որ սեփականությունը պատկանում է x մարդուն, բայց y մարդը որոշակի գործողություն է կատարել նրա նկատմամբ, բայց սեփականությունը վերադարձնելու հետ կապված առաջանում են բազմաթիվ ընթակարգային խնդիրներ: Եվ փաստացի ստացվում է, որ լուռ համաձայնություն կա, որ ապօրինություն է տեղի ունեցել, բայց այդ ապօրինությունը գործնականում վերացնելու համար երբեմն կարող են տարիներ պահանջվել՝ դատական ընթացակարգերով և այլն:»
Մասնավորապես, առաջին հայացքից իրավական որևէ բարդություն չներկայցնող հարցով արդեն 1 տարի է, որ՝ դատաիրավական համակարգի պաշտոնատար անձինք, ոտնահարելով վստահորդներիս օրինական շահերն ու սեփականության իրավունքը, իրենց կոռուպցիոն վարքագծով ընդհանուր շահ հետապնդելով իրավախախտի հետ, բացահայտ ամեն ինչ անում են, որ՝ 1 տարի առաջ հարուցված քրեական գործով իրավախախտի և հափշտակության 5 դրվագով նրան օժանդակողների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացվի և գազալցակայանի ապօրինի շահագործունից գոյացած հանցագործության պտուղներից օգտվեն:
Ամբողջ զավեշտը կայանում է նրանում, որ արդեն 1 տարի է, որ դատաիրավական համակարգի պաշտոնյաները ոչ թե՝ զոհերին են պաշտպանում հանցագործությունից, այլ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձանց են պաշտպանում հանցագործության զոհերի օրինական պահանջներից: Մասնավորապես՝
-13.09.2021թ. հարուցված թիվ 15963121 քրեական գործով, որպես տուժողների ներկայացուցիչ, բազմիցս միջնորդություն եմ ներկայացրել և խնդրել կալանք դնել սեփականության իրավունքով տուժողներին պատկանող, սակայն ապօրինաբար Աշոտ Խլղաթյանի կողմից շահագործվող գազալցակայանի վրա:
Միջնորդությունները չեն մերժվում, քանի որ՝ մերժելու հիմքեր չկան, բայց հանցագործության առարկա գազալցակայանի և տուժողներից հափշտակված 4 ամենագնաց ավտոմեքենաների (LEXUS GX 460, TOYOTA SEQUOIA 5.7, LEXUS GX 470, MERCEDES-BENZ G550) վրա էլ կալանք չի դրվում, քանի որ գազալցակայանը ամսական 6-7 մլն ՀՀ դրամ շահույթ է ապահովում Աշոտ Խլղաթյանի և նրան հովանավորող պաշտոնատար անձանց համար, իսկ տուժողներից հափշtակված ավտոմեքենաններն էլ հավանաբար իրենց խմբի մեջ բաժանելու պատրանքով են գոյատևում:
Ի դեպ, այդ 4 ավտոմեքենաներից GX470 մակնիշի ավտոմեքենան հաշվառված է Աշոտ Խլղաթյանի եղբոր որդու, մինչև 2021թ. հոկտեմբեր ամիս ՀԿԾ քննիչ աշխատած Արթուր Խլղաթյանի մոր՝ Զեմֆիրա Խլղաթյանի անվամբ:
Եվ 29.08.2022թ., երբ, տուժողը, քննիչի հորդորով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնի պետ Ն. Հարությունյանի մոտ է գնում, վերջինս հանցագործության զոհին բառացի ասում է, որ՝ ինքն է քննիչներին հրահանգ տվել, որ շուրջ 8 ամիս այդ գործով քննություն չիրականցնեն, քանի որ՝ Աշոտ խլղաթյանի եղբոր որդին՝ Արթուր Խլղաթյանն իրենց (բաժնի պետի ու նրա տեղակալի)՝ ընկերն է և ամիսներ շարունակ քննություն չիրականացվելուց հետո, քրեական գործն ուղարկվել է Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից տուժողը գործի քննության վերաբերյալ որևէ տեղեկությւոն չի կարող ստանալ: Տուժողի այն հարցին, թե՝ փաստորեն վերջին 8 ամսում Ն. Հարությունյանն է Աշոտ Խլղաթյանի հետ իր գրպանը մտել՝ գազալցակայանից ստացվելիք եկամուտներից տուժողներին զրկել և գումարները հափշտակել, Ն. Հարությունյանը, պատասխանել է, որ՝ տուժողն ինչպես ցանկանում է թող այդպես էլ մտածի:
Երբ հաջորդ օրը տուժողն այդ ամենի մասին ինձ հայտնեց, ես մտածեցի, որ՝ կամ՝ Ն. Հարությունյանն ինչ-որ բան այն չի ասել, կամ էլ՝ ինչ-որ բան տուժողը ճիշտ չի հասկացել, քանի որ մտքովս անգամ չէր կարող անցնել, որ գնդապետի ուսադիրներ կրող անձը կարող է նախ այդպիսի ապօրինության գնալ, դրանից հետո էլ՝ այդ մասին հայտնել հանցագործության զոհին:
30.08.2022թ. դիմում եմ ներկայացրել Ն. Հարությունյանին և խնդրել՝ տրամադրել քրեական գործը 5 ամսում արդեն 5-րդ անգամ այլ քննչական բաժին ուղարկելու վարութային ակտի օրինակը: Դիմումը հանձնելուց հետո քննչական բաժնում հանդիպելով քննիչին, վերջինիս խնդրանքով գնացել եմ Ն. Հարությունյանի մոտ, ով կրկնեց այն ամենն ինչ տուժողին էր ասել, իսկ 8 օր անց՝ այսօր, նաև մի անհեթեթ պատասխան է ուղարկել և ինձ մոտ վերջնական համոզմունք ձևավորվեց, որ այդ մարդն իր վարքագծին անհամապատասխան պաշտոն է զբաղեցնում և ոչ միայն պետք է ազատվի այդ պաշտոնից, այլ նաև՝ պատասխանատվության ենթարկվի:
-Իսկ թիվ ԵԴ/36341/02/21 քաղաքացիական գործով դատավոր Ս. Ե. Հովսեփյանն, ի թիվս այլ ապօրինությունների, 06.10.2021թ. թվագրված ապօրինի որոշում է կայացրել, որով «արտոնվել» է Աշոտ Խլղաթյանի կողմից գազալցակայանի ապօրինի շահագործումը, իսկ գազալցակայնի սեփականատերերին, ի թիվ այլ անհեթեթ արգելքների, արգելել է՝ անգամ մուտք գործել իրենց սեփականությունը հանդիսացող տարածք:
Թեև այդ փաստով արդեն քրեական գործ է հարուցված, բայց դատավորի այդ ապօրինի որոշումն առ այսօր գործում է: Դատավորն այս մեկ տարվա ընթացքում արդեն 2-րդ անգամ ամենամյա հերթական արձակուրդի է գնացել, բայց շինծու գործի քննությունը դեռևս ավարտվել և վճիռ չի կայացվել, քանի որ՝ վճռով շինծու հայցն աներկբա ենթակա է մերժման և այդ դեպքում՝ դատավորի 06.10.2021թ. ապօրինի որոշումը կվերանա և գազալցակայնն ապօրինի շահագործողն ու նրա հովանավոր կոռումպացված պաշտոնյաները կզրկվեն գազալցակայանից ստացվելիք եկամուտից:
Պարոն Փաշինյան, այնուամենայնիվ, դատաիրավական համակարգում կան նաև օրենքին ծառայող պաշտոնյաներ և հաղթահարվելու է նաև այս կոռուպցիոն ոստայնը, սակայն անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություն և ամեն ոք ի զորու չէ պայքարել կոռումպացված պաշտոնյաների դեմ, որոնց արմատախիլ անելը պետության պոզիտիվ պարտականությունն է:
Մեկնաբանել