HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

ՏԻՄ ընտրություններում «նախկինները» գլխավորում են «ներկաների» ընտրական ցուցակը

Սեպտեմբերի 25-ին համամասնական ընտրակարգով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություն տեղի կունենա Հայաստանի 17 համայնքում, իսկ Արագածոտնի մարզի եզդիաբնակ Ալագյազ համայնքում համայնքի ղեկավար կընտրեն (այս համայնքում 2017թ․-ին միավորվել է 11 եզդիաբնակ գյուղ)։

Տեղական ինքնակառավարման (ՏԻՄ) մարմինների ընտրություններ են տեղի ունենալու Կոտայքի մարզի Չարենցավան, Ակունք, Բյուրեղավան և Ջրվեժ համայնքներում։ Նշված չորս համայնքների ղեկավարները տեղական ինքնակառավարման ոլորտի երկարակյացներից են և այս ընտրություններում կրկին առաջադրվել են։ Հետաքրքիրն այն է, որ նրանցից երկուսն այս անգամ գլխավորում են իշխող քաղաքական ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը։

Կոտայքի մարզում ամենից երկար պաշտոնավարող համայնքապետը Ջրվեժի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանն է։ Նա համայնքը ղեկավարում է 31 տարի և սեպտեմբերի 25-ին տեղի ունենալիք ՏԻ ընտրություններին գլխավորում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը։ 

Ռ․ Պետրոսյանը 1991-1996 թթ. եղել է Ջրվեժի գյուղխորհրդի նախագահը։ Այնուհետև, 1996-ից Ջրվեժ համայնքի ղեկավարն է և, շարունակաբար, համայնքի ղեկավարի պաշտոնում վերընտրվել է 6 անգամ։ Նրա հարատևության գաղտնիքը կուսակցափոխ լինելու մեջ է։ 2005թ․-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ժամանակ նա առաջադրվել է որպես անկուսակցական թեկնածու, 2008 և 2012 թթ․ ընտրությունների ժամանակ եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) անդամ: 2016-ին կրկին ինքնառաջադրվել է որպես անկուսակցական։ Ընտրվելուց մեկ տարի հետո՝ 2017թ.-ին, երբ Ջրվեժ համայնքը խոշորացվում էր և նոր ընտրություններ տեղի ունեցան, Ռոբերտ Պետրոսյանը ԲՀԿ անդամ էր և ինքնառաջադրվեց որպես խոշորացված համայնքի ղեկավար։

Ակունք համայնքի ղեկավար Հունան Ռուբենյանը 5-րդ անգամ է առաջադրվում համայնքի ղեկավարի պաշտոնում։ 2022թ․ սեպտեմբերի 25-ին տեղի ունենալիք ՏԻՄ ընտրություններում նա գլխավորում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը։ 

Հ․ Ռուբենյանը պաշտոնավարում է 2005-ից, վերընտրվել է չորս անգամ։ Սկզբում՝ որպես անկուսակցական, հաջորդ՝ 2008թ․և 2012թ․-ի ՏԻՄ ընտրությունների ժամանակ եղել է ԲՀԿ անդամ, 2016թ․-ին կրկին անկուսակցական է ներկայացել, բայց առաջադրվել է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) կողմից:  

Այսպիսով, համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու 17 տարիների ընթացքում նա երեք կուսակցություն է փոխել՝ ԲՀԿ, ՀՀԿ և այժմ՝ «Քաղաքացիական պայմանագիր», որոնք նրա վերընտրվելու երաշխավորն են եղել։ 

Չարենցավան համայնքի երկարամյա ղեկավար Հակոբ Շահգալդյանը նույնպես այդ ճանապարհն է ընտրել։ Նա համայնքը ղեկավարում է 2007թ․-ից և առաջադրվել է որպես անկուսակցական թեկնածու։ Դրանից հետո ընտրվել է ևս երեք անգամ։ 2017-ի ՏԻՄ ընտրությունների ժամանակ եղել է ՀՀԿ անդամ և առաջադրվել է կուսակցության կողմից։ Չարենցավան համայնքի ղեկավարի պաշտոնում նա առաջադրվում է 5-րդ անգամ, բայց այս անգամ գլխավորելու է «Միասնական համայնք» դաշինքի համամասնական ցուցակը։ Դաշինքը ձևավորել են «Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցությունը և «Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցություն»-ը։ 

Նախորդ երեք ընտրությունների ժամանակ՝  2007, 2014 և 2017թթ., նա մրցակից չի ունեցել ընտրատարածքում։ Առաջին երկու ընտրությունների ժամանակ նրա հայրը՝ Կավալենկո Շահգալդյանն էր Կոտայքի մարզպետը և այդ հանգամանքը վճռորոշ դերակատարություն ուներ նրա վերընտրության հարցում։ Այս անգամ ընտրություններին «Միասնական համայնք» դաշինքից բացի, մասնակցում են «Քաղաքացիական պայմանագիր» և «Ապրելու երկիր» կուսակցությունները։

Այդ իմաստով բացառություն է Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը, որը նույնպես համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրվում է 5-րդ անգամ։ Նա համայնքը ղեկավարում է 2008թ․-ից և համայնքի ղեկավարի պաշտոնում վերընտրվել է 4 անգամ։ Հ․ Բալասյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է, և թե 2008, թե 20012 և 2017թթ․ ընտրություններում կուսակցությունն է նրան առաջադրել։ 2016թ․-ին համայնքի ղեկավարի ընտրության ժամանակ ներկայացել է որպես անկուսակցական թեկնածու, այս անգամ՝ սեպտեմբերի 25-ի ընտրություններին առաջնորդում է «Միասնություն» կուսակցությունների դաշինքը։ Դաշինքը ձևավորվել է «Բարգավաճ Հայաստան» և «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունների միավորումից։

Ընտրություններ Արագածոտնի Ծաղկահովիտ և Թալին համայնքներում

Արագածոտնի մարզում ընտրություններ տեղի կունենան Ծաղկահովիտ և Թալին համայնքներում։ Երկու համայնքներում էլ մրցակցությունն ապահովված է՝ մի քանի կուսակցություն և կուսակցությունների դաշինքներ են առաջադրված։ 

Ծաղկահովիտ համայնքի գործող համայնքապետ Նորաին Հակոբյանն այս անգամ կգլխավորի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու ցուցակը։ Նա համայնքը ղեկավարում է 2002թ․-ից և մինչ օրս վերընտրվել է 4 անգամ՝ ամեն անգամ առաջադրվելով տարբեր կուսակցությունների կողմից։ Այսպես՝ 2005 և 2008թթ․ ՏԻՄ ընտրություններին ՀՀԿ անդամ է եղել, 2016-ին ինքնառաջադրվել է որպես անկուսակցական թեկնածու։ 2017թ․ նոյեմբերի 5-ին, երբ Ծաղկահովիտ համայնքը խոշորացվել էր և ՏԻՄ ընտրություններ նշանակվեցին, նա դարձյալ գրանցվել էր որպես անկուսակցական թեկնածու։ Սակայն Հայ Հեղափոխական դաշնակցության հետ կապված «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը նրան ներկայացրել է որպես  ՀՅԴ կուսակցության թեկնածու։ Սեպտեմբերի 25-ի ընտրություններում, արդեն 6-րդ անգամ առաջադրվող Նորաին Հակոբյանը գլխավորում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը։ 

Թալին համայնքում իշխող կուսակցության թեկնածուն Տավրոս Սափեյանն է, որին չհաջողվեց ղեկավարել համայնքը։ Վարչապետի որոշումով նրա լիազորությունները վաղաժամկետ դադարեցվեցին, իսկ նա նշանակվեց համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Համայնքում նոր ընտրություններ նշանակվեցին։ Այդ ընթացքում փորձեցին չեզոքացնել հնարավոր բոլոր մրցակիցներին։ Չնայած դրան, այս համայնքում պայքարը կրկին թեժ է լինելու, մրցակցելու է 5 կուսակցություն։ Նրանք ավագանու կազմի բավականին մեծ ցուցակ են ներկայացրել, թվաքանակով ամենափոքր ցուցակն առաջադրել է «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը՝ 32 հոգի, որից 13-ն արդեն ինքնաբացարկ է հայտնել։ «Ապրելու երկիր» կուսակցության 39 հոգանոց ցուցակից 4-ն է ինքնաբացարկ ներկայացրել, իսկ «Կայունություն» կուսակցության 35 հոգանոց ցուցակից՝ 2-ը։

Արենի և Եղեգիս համայնքների ՀՀԿ-ական համայնքապետերը կներկայացնեն «Քաղաքացիական պայմանագիր»-ը

Վայոց ձորի մարզում ընտրություններ տեղի կունենան երկու համայնքում՝ Արենի և Եղեգիս։ Արենի համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է համայնքի ներկայիս ղեկավար Հուսիկ Սահակյանը։ Նա այդ պաշտոնը զբաղեցնում է 1996-ից, այդ տարիներին անդամակցում էր ՀՀԿ-ին և մինչև 2005-ը երեք անգամ անընդմեջ ընտրվել է Ռինդ համայնքի ղեկավար։

Երկու տարի ընդմիջելուց հետո, 2007-ին կրկին առաջադրվել է համայնքի ղեկավարի պաշտոնում, վերընտրվել է 2010 և 2014թթ․։ 2017-ի նոյեմբերի 5-ին ընտրվել է Արենի խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնում: Նշված բոլոր ընտրությունների ժամանակ նա եղել է ՀՀԿ անդամ և համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրվել է կուսակցության կողմից։ 

Եղեգիս համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը նույնպես գլխավորելու է գործող համայնքապետ Արթուր Ստեփանյանը։ Նա տեղական ինքնակառավարման ոլորտում է 2008-ից, Քարագլուխ համայնքի ղեկավար է ընտրվել որպես ԲՀԿ անդամ։

Համայնքապետի պաշտոնում վերընտրվել է 2012-ին, ինքնառաջադրվել է որպես անկուսակցական թեկնածու, 2016-ին նույպես ներկայացել է որպես ակուսակցական, բայց նրա թեկնածությունը ՀՀԿ-ն է առաջադրել։ 2017թ․ նոյեմբերի 5-ին Եղեգիս խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել է որպես ՀՀԿ անդամ: Այս անգամ կգլխավորի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 26-հոգանոց ցուցակը։

Այսպիսով, տեղական ինքնակառավարման ոլորտի երկարակյացները հասկացել են, որ պաշտոնը պահպանելու նախապայմանը կուսակցափոխ լինելն է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter