HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Արթուր Ալեքսանյանը՝ աշխարհի քառակի չեմպիոն

Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 97 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը հռչակվեց չեմպիոն։ Եզրափակչում նա առավելության հասավ Բուլղարիայի ներկայացուցիչ Կիրիլ Միլովի նկատմամբ։ Արթուր Ալեքսանյանն իր կարիերայի ընթացքում չորրորդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն։

Արթուր Ալեքսանյանը պայքարը պետք է սկսեր որակավորման փուլից, սակայն նրա մրացկիցը մրցագորգ դուրս չեկավ։ 1/8 եզրափակչում Արթուր Ալեքսանյանին դիմակայեց աշխարհի 2017 և 2018 թվականների չեմպիոն (87 կգ քաշում), թուրք Մեթեհան Բաշարը։ Հայ ըմբիշը հաղթեց 3:1 հաշվով: Քառորդ եզրափակչում Արթուր Ալեքսանյանը 9:0 հաշվով ջախջախեց Ղրղզստանի ներկայացուցիչ Բեկսուլթան Մախմուդովին։ Կիսաեզրափակչում էլ 30-ամյա հայ ըմբիշը 3:1 հաշվով պարտության մատնեց 97 կգ քաշում աշխարհի 2021 թվականի առաջնության չեմպիոն, իրանցի Մոհամադհադի Սարավիին։

Ոսկու համար պայքարում Արթուր Ալեքսանյանի մրցակիցը Եվրոպայի գործող չեմպիոնն էր՝ բուլղարացի Կիրիլ Միլովը, որին Ալեքսանյանը հաղթեց 5:1 հաշվով:

Ինչպես արդեն նշեցինք, Ալեքսանյանի համար սա աշխարհի չորրորդ չեմպիոնությունն էր։ Նախկինում նա ոսկե մեդալակիր էր դարձել նաև 2014, 2015 և 2017 թվականներին։ Ալեքսանյանը նաև Եվրոպայի հնգակի չեմպիոն է, 2016 թվականի Օլիմպիական խաղերի հաղթող: Հարկ է նշել նաև, որ 2021 թվականին տեղի ունեցած Տոկիոյի Օլիմպիական խաղերից հետո Արթուր Ալեքսանյանը ոչ մի մրցաշարի չէր մասնակցել։

Հիշեցնենք, որ Արթուր Ալեքսանյանից բացի աշխարհի ընթացիկ առաջնությունում մեդալ է նվաճել Հայաստանը ներկայացնող ևս մեկ ըմբիշ։ Մալխաս Ամոյանը 77 կգ քաշային կարգում դարձել է բրոնզե մեդալակիր։ Ազատ ոճայինների պայքարը դեռևս չի մեկնարկել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter