
Հայաստանի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը կկայանա սեպտեմբերի 14-ին
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը, որը նվիրված կլինի Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի լայնածավալ գործողություններին, կկայանա վաղը՝ սեպտեմբերի 14-ին։ Այդ մասին գրում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ՄԱԿ-ում իր աղբյուրին։
«Այո, քննարկումը նշանակված է վաղը»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Վաղ առավոտյան հայտնի էր դարձել, որ Հայաստանի կառավարությունը, Անվտանգության խորհրդի նիստի ավարտից հետո, որոշել է դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին։ Ավելի ուշ, հայտնի դարձավ, որ Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ կհրավիրի և կներկայացնի հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի հատուկ նիստի ժամանակ հայտարարել է, որ, վերջին տվյալներով, հայկական կողմն ունի 49 զոհ։ Նա նաև հավելել է, որ այդ թիվը վերջնական չէ։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ իրենք ունեն 50 զոհ։
Լուսանկարը՝ Reuters գործակալության
Մեկնաբանել