Պուտինը հայտարարել է հայ-ադրբեջանական հակամարտության տեղայնացման գործում Ռուսաստանի դերի մասին
Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը տեղայնացվել է, այդ թվում՝ Ռուսաստանի ազդեցության հետևանքով։ Այդ մասին Սամարղանդում, Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում, լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Մենք ցավում ենք հակամարտության և, իհարկե, այնտեղ տեղի ունեցած զոհերի համար։ Այդ հակամարտությունը, այդ թվում, նախևառաջ, Ռուսաստանի ազդեցության հետևանքով, տեղայնացվել է, հուսով եմ, որ այդպես էլ կշարունակվի»,- ասել է Պուտինը։
Ռուսաստանի նախագահը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած միջադեպը կապված չէ Ղարաբաղի հետ։
«Վերջին սահմանային միջադեպը Ղարաբաղի հետ ընդհանրապես կապ չունի, այն բոլորովին այլ տարածաշրջանում է՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին»,- ասել է Պուտինը։
Հիշեցնենք, որ Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ընթանում էր Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը, որին բացի անդամ երկրների առաջնորդներից, մասնակցում էին նաև Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները։ Դրա շրջանակներում տեղի էր ունեցել նաև Պուտին-Ալիև հանդիպումը, որտեղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե, իբր, «ո՛չ Ադրբեջանը, ո՛չ էլ Հայաստանը չէին ցանկանում, որ լայնամասշտաբ պատերազմ լինի»։
Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ: Շուրջ երկու օր տեղի ունեցած մարտական գործողություններից հետո, սեպտեմբերի 14-ի երեկոյան, Ադրբեջանը դադարեցրել էր ՀՀ ինքնիշխան տարածքի հրթիռահրետակոծումը։
Կառավարության սեպտեմբերի 16-ի նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ վերջին տվյալներով զոհերի հաստատված թիվը 135 է։ «Ցավոք, մենք գիտենք, որ այս թիվը դեռևս վերջնական չէ։ Ունենք նաև բազմաթիվ վիրավորներ»,- ասել էր Փաշինյանը։
Լուսանկարը՝ Sergei Bobylyov/AFP/Getty Images
Պատրաստեց՝ Վաղինակ Ասատրյանը
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել