HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայաստանում երիտասարդները գիտելիքի ծարավ ունեն»,- ասում է ՆԱՍԱ-ի հայ ինժեները

Ինժեներ Արբի Կարապետյանը երբեւէ չէր էլ պատկերացնի, որ մի օր աշխատանքի է անցնելու իր երազած ՆԱՍԱ-ում: Երեք անգամ դիմելուց եւ մերժում ստանալուց հետո մի օր նրան է զանգել ընկերն ու հայտնել, թե ՆԱՍԱ-ի աշխատակիցներից մեկը կարիք ունի գործընկերոջ, որը կհասկանա թե՛ տիեզերքից, թե՛ ֆիզիկայից, ապա հարցրել, թե արդյոք Արբին կցանկանա խոսել այդ մարդու հետ: Մոտ երկու ժամ հեռախոսով խոսելուց հետո ՆԱՍԱ-ի աշխատակիցն ասել է, որ ցանկանում է հարցազրույց անցկացնել նրա հետ, ինչին Կարապետյանը պատասխանել է, որ զբաղված եւ, եթե հարմար է, կարող է գալ իր տուն: Հաջորդ օրը ՆԱՍԱ-ի աշխատակիցը Արբի Կարապետյանի տանն էր: «Մամես հայկական սուրճ ու գաթա բերեց, նստեցինք, երեք ժամ խոսեցինք: Երկու շաբաթ հետո ՆԱՍԱ-ում անցա գործի»,- «Հետքի» հետ զրույցում պատմում է Արբի Կարապետյանը: Նա խոսում է հայերեն, հավելում, որ իր երեխաները եւս հայերեն են խոսում:

Արբի Կարապետյանը սեպտեմբերի առաջին տասնօրյակում Հայաստանում անցկացված գիտության եւ արվեստի «Սթարմուս» 6-րդ միջազգային փառատոնի բանախոսներից էր։

Ծնվել է Իրանում, 13 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է ԱՄՆ: Ասում է՝ երբ դեռ Թեհրանում էին, ինքը երազում էր ՆԱՍԱ-ում աշխատելու մասին: «Ամեն օր դեռ երազանք է ինձ համար, ճիշտն ասած: Առավոտյան ուրախությամբ գնում եմ գործի, ընդհանրապես պետք է մի հոգի հիշեցնի, որ ժամանակն է տուն գնալու»,- ասում է նա: Արդեն 22 տարի մեր հայրենակիցն աշխատում է ՆԱՍԱ-ում:

ՆԱՍԱ-ում հայեր շատ կան: Կարապետյանն ասում է՝ ամեն չորեքշաբթի միասին ճաշում են, թեեւ հաճախ չի կարողանում միանալ նրանց:

2000 թվականից մինչ օրս Արբի Կարապետյանը ՆԱՍԱ-ի մի շարք բաժիններում է աշխատել: 2,5 տարի է՝ ՆԱՍԱ-ի ռեակտիվ շարժման լաբորատորիայում թռիչքի էլեկտրոնիկայի բաժնի ղեկավարն է:

Նա ու եւս 15 հայ մասնակցել են «Curiosity» մարսագնացի պատրաստմանը: Վերջինս Մարսի վրա իջեցվել է 2012-ի օգոստոսին ու մինչ օրս աշխատում է այնտեղ։ Արբի Կարապետյանը մասնակցել է մարսագնացի տեխնիկական միջոցների մշակման փուլին: Ասում է՝ «Curiosity»-ն մինչ օրս Մարս ուղարկված ամենամեծ եւ ամենակարող մարսագնացն է: Դրա նպատակը Մարսի կլիմայի եւ աշխարհագրության հետազոտությունն է, ինչը կօգնի հասկանալ, թե արդյոք Կարմիր մոլորակի Գեյլի խառնարանում, որտեղ աշխատում է, երբեւէ եղել է մանրէների կենսագործունեության համար նպաստավոր շրջակա միջավայր՝ ներառյալ այս հարցում ջրի դերի հետազոտությունը։ Արբի Կարապետյանն ասում է՝ արդեն հայտնի է, որ նախկինում ջուր է եղել Մարսի վրա:

«Դեռ չգիտենք՝ կյանք եղե՞լ է այնտեղ, բայց գիտենք, որ ընդհանրապես որտեղ որ ջուր կա, այնտեղ էլ կյանք կա: Այս պարագայում մտածում ենք Մարսից նմուշներ բերել ու այստեղ թեստ անել»,- ասում է ՆԱՍԱ-ի ինժեները: Ըստ նրա՝ դա հաջորդ առաքելության խնդիրն է լինելու: Վերջինս դեռ նախապատրաստական փուլում է:

Հայ ինժեները կարծում է, որ մեր կյանքի ընթացքում կտեսնենք, թե ինչպես է մարդն իջնում Մարսի վրա։ «Չեմ կարող մտածել, որ չենք գնա, վստահ՝ պետք է մարդ ուղարկենք Մարսի վրա։ Իմ անձնական հավատքն է, որ մեր կյանքի ընթացքում է դա պատահելու»,- ասում է նա։

«Հետքի» զրուցակիցը նկատում է՝ մարդը միշտ սիրում է բացահայտումներ անել: Երբ երեխան ծնվում է, սկսում է բացահայտել աշխարհը, բայց երբ մեծանում է, շատ անգամ մոռանում ենք այդ մասին։ «Կարծում եմ՝ մենք պետք է միշտ շարունակենք բացահայտումներ անելու ոգին, որովհետեւ ապագան դրանով է ստեղծվում, մենակ էսօրվա մասին մտածելը, կարճ տեսնելը չէ։ Եթե ամբողջ ռեսուրսը դնես այսօրվա խնդիրները լուծելու վրա, ապագայի չես հասնի»,- նշում է նա:

Ասում է՝ Հայաստանի երիտասարդները գիտելիքի ծարավ ունեն, սակայն սահմանափակումներ կան, որ խոչընդոտում են: Նրա խոսքով՝ ամեն մարդ էլ սահմանափակումներ ունի, բայց կարեւոր է, որ դրանք չհուսահատեցնեն նրանց։

«Երկրորդը՝ մարդիկ մի ճյուղ են ընտրում եւ շարունակում այն մինչեւ վերջ: Իմ խորհուրդն է՝ ընթացքում ինքդ քեզ քննիր, թե արդյոք ուզում ես այդ ուղղվածությամբ գնալ, արդյոք փոխվել են քո հետաքրքրությունները: Որովհետեւ ամեն անգամ երբ մենք փոխվում ենք, ուղեղում նոր նեյրոններ են կպնում իրար, եւ տարբեր ձեւով ենք տեսնում նույն խնդիրը, ինչն օգնում է, որ ավելի կրեատիվ ձեւով լուծենք խնդիրները»,- նշում է նա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter