Հայրենանվիրումի վառ օրինակներ են դրսևորել նաև կին զինծառայողներն ու աշխարհազորայինները․ ՊՆ
2022թ. սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության դեմ սանձազերծված լայնածավալ ագրեսիայի ընթացքում անկոտրում կամքի, ոգու արիության ու հայրենանվիրումի վառ օրինակներ են դրսևորել նաև կին զինծառայողներն ու աշխարհազորայինները` Սուսաննա Մարգարի Գրիգորյանը, Անուշ Աշոտի Ապետյանը, Ալիսա Սուրենի Մելքոնյանը, Իրինա Կառլենի Գասպարյանը և այլք: Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարությունը։
«Նրանք, մինչև վերջ կատարելով Հայրենիքի` իրենց վստահված սահմանի պաշտպանության սուրբ առաքելությունը, ցուցաբերել են բացառիկ խիզախություն, աննահանջ պաշտպանվելու վճռականություն, դիմագրավել են քանակապես գերազանցող թշնամու շարունակական հարձակումներին` նրան պատճառելով կենդանի ուժի մեծաթիվ կորուստներ և շարունակելով մեր փառահեղ կին մարտիկների դարավոր ավանդույթը:
Հավերժ փառք Հայրենիքի պաշտպանության համար ամենաթանկը` կյանքը զոհաբերած և իրենց անուններն անմահացրած մեր բոլոր հերոսներին»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները լայնածավալ հարձակում են սկսել ՀՀ Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց Ձորի մարզերի ուղղություններով՝ կիրառելով հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական, և թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները։ Կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ադրբեջանական ուժերի հարձակման հետևանքով հայկական կողմն ունի 135 զոհ։ Այժմ, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հաղորդմամբ, միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել