HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երեկվա միջադեպի հետեւանքով հայկական կողմը 1 վիրավոր ունի․ ՊՆ-ն լռում է

Երեկ երեկոյան ՊՆ-ն հաստատեց սոցցանցերում տարածված այն տեղեկությունները, որ ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտել է Կապանի Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ։ Ըստ գերատեսչության՝ որոշակի պարբերականությամբ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները խախտել են հրադադարի ռեժիմը` հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան ուղղությամբ կիրառելով հրաձգային զինատեսակներ: Ժամը 22:30-ի դրությամբ, ՊՆ-ի փոխանցմամբ, իրադրությունը սահմանին կայուն էր, կրակոցներ չկային:

Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը «Հետքին» փոխանցեց, որ մի քանի անգամ թշնամու կողմից կրակոցներ են արձակվել մինչեւ լույս գիշերվա ժամը 4-ը։ Բաղդասարյանի տեղեկացմամբ՝ բնակիչները Ներքին Հանդում են, սակայն լարվածությունը պահպանվում է։ Բաղդասարյանը հաստատեց «Հետքի» այն տեղեկությունը, որ թշնամու կրակոցներից հայկական կողմը մեկ վիրավոր ունի, սակայն նշեց, որ, իր տեղեկություններով, միջադեպը տեղի է ունեցել հարեւան գյուղի՝ Սրաշենի ուղղությամբ։ Խ․ Բաղդասարյանի ունեցած ինֆորմացիայի համաձայն՝ վիրավորը «Երկրապահ» կամավորականների միությունից է։ 

«Հետքի» մեկ այլ աղբյուրի տեղեկացմամբ՝ վիրավորը 1967 թ․ ծնված Ժորիկ Մարտիրոսյանն է (Շենգավիթ)։ Վիրավորումը ստացել է ազդրի շրջանում։ 

ՊՆ-ն որեւէ ինֆորմացիա չի հայտնել այս դեպքի մասին։ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը մեր հարցին, թե արդյոք հաստատում է, որ երեկվա միջադեպի հետեւանքով վիրավոր ունենք, պատասխանեց, թե նախարարությունը հայտնում է հակառակորդի կրակոցից վիրավորման ցանկացած դեպքի մասին։ 

Լուսանկարում՝ Ներքին Հանդը (արխիվ, հեղ․՝ Նարեկ Ալեքսանյան)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter