HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Դոլարը էժանանում է

 Հայաստանյան արտարժույթի շուկան արձագանքում է Ռուսաստանից եկող մարդկանց և գումարների նոր հոսքին։

Հայաստանի բանկերում ու փոխանակման կետերում վերջին 2-3 օրերին դոլարը էժանանում է՝ նախորդ մեկ շաբաթվա բարձրացումից հետո։ Սեպտեմբերի 24-ի առավոտյան՝ 9:00-9:30-ի սահմաններում փոխանակման կետերում դոլարը վաճառվել է 418-420 դրամով, գնվել՝ 407-410 դրամով։

Տվյալները՝ rate.am-ի

Մինչդեռ երեք օր առաջ առքը 420 դրամի սահմաններում էր, իսկ վաճառքը՝ 430 դրամի։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը կարծում է, որ հայաստանյան արտարժույթի շուկան արձագանքում է ռուս զբոսաշրջիկների և գումարների նոր հոսքին։ «Նպաստել է Ռուսաստանում զորահավաքի հայտարարությունից հետո արձանագրված հոսքը»,- ասում է տնտեսագետը։ 

Սեպտեմբերի 21-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել հեռուստաուղերձով և հայտարարել Ռուսաստանում մասնակի զորահավաքի մասին։ 

Հայտարարությունից հետո կայծակնային արագությամբ սպառվեցին Մոսկվայից դեպի Երևան չվերթների ավիատոմսերը, և գները կտրուկ բարձրացան։

Ըստ Կենտրոնական բանկի հրապարակած վերջին տվյալների (ՀՀ ԿԲ)՝ սեպտեմբերի 23-ին մեկ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 416.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 1.77 դրամով։

Զուգահեռ նվազում է նաև եվրոն։ Սեպտեմբերի 23-ին միջին փոխարժեքը կազմել է 406.03 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով 6.53 դրամով։

Մինչ վերջին երեք օրերի էժանացումը, դոլարը հակառակ միտումներն էր գրանցում։  Սեպտեմբերի 13-ից, թշնամու կողմից Հայաստանի դեմ սանձազերծած ռազմական ագրեսիայի մասին տեղեկություններից անմիջապես հետո այն սկսել էր թանկանալ։ 

Հայաստանի վրա հարձակումից առաջ դրամը դոլարի նկատմամբ շարունակաբար արժևորվում էր: Այս տարի դոլարը կտրուկ թանկացավ փետրվարի վերջից մինչև մարտի կես, որից հետո դրամը սկսեց ամրապնդել դիրքերը: Արդյունքում մարտից հետո դոլարը շուրջ 20%-ով էժանացել էր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter