HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Օրական 750 կանչ. Շտապօգնության ծանրաբեռնվածությունը նույնն է, թեև դեպքերի թիվը նվազել է

Շտապօգնության կանչերը 2022թ. նախորդ տարվա համեմատ 7%-ով նվազել են։ Կանչերի մեջ գերակշռում են սրտանոթային հիվանդությունների դեպքերը։ Կանչերի մեծ մասը գրանցվում է երեկոյան ժամերին։

Հայաստանի վրա Ադրբեջանի վերջին հարձակման ժամանակ՝ սեպտեմբերի 13-ին, Շտապօգնությունն աշխատել է երկու ուղղությամբ՝ Գորիս և Վարդենիս՝ պատշաճ սպասարկելով բոլոր կանչերը։

«Շտապօգնության» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանն ամփոփել է 2022թ. գործունեությունը։


2022թ. գրանցվել է Շտապօգնության 193 431 կանչ` 14476-ով ավելի քիչ, քան նախորդ տարում։ Սա պայմանավորված է, հիմնականում, կորոնավիրուսի համավարակով։ 

Թեև կանչերի թիվը նվազել է, սակայն 7255-ով աճել է հիվանդանոց տեղափոխված քաղաքացիների թիվը. մանկական կանչերն ավելացել են 4769-ով՝ ընդհանուր կազմելով 16604 դեպք։ 1406-ով ավելի շատ երեխա է տեղափոխվել հիվանդանոց, քան 2021-ին։

Չնայած կանչերի թվի նվազմանը՝ Շտապօգնության ծանրաբեռնվածությունը մնացել է. օրական միջինում գրանցվում է մոտ 750 կանչ։

Հայաստանի վրա Ադրբեջանի վերջին հարձակման ժամանակ (սեպտեմբերի 13-ին, հեղ.) և դրանից հետո, Շտապօգնության ծանրաբեռնվածությունը չի փոխվել։

Աշխատանքն այդ օրերին եղել է երկու ուղղությամբ՝ դեպի Գորիս և Վարդենիս, ինչը, ըստ Շտապօգնության տնօրեն Թագուհի Ստեփանյանի, արվել է «պատշաճ մակարդակով»։

«Գոյություն ունեն պիկ ժամեր, դրանք հիմնականում երեկոյան ժամերն են, այդ ժամանակ ծանրաբեռնվածությունն ավելի է երևում»,- ասում է «Շտապօգնության» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը։  

Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ինչպես նաև՝ Ամերիկայի առողջապահության ազգային ինստիտուտի չափորոշիչներով՝ Շտապօգնության 1 բրիգադը (սովորաբար՝ բժիշկ, բուժքույր, վարորդ-սանիտար-հեղ.) պետք է սպասարկի մոտ 50 000 բնակչության։ Հետխորհրդային երկրներում, մասնավորապես՝ Ռուսաստանում, ընդհանուր պրոֆիլի բժշկական 1 բրիգադը հաշվարկված է 10 000 բնակչության թվով այն տեղանքներում, որտեղ բնակեցումը խիտ է (սպասարկման տարածքի շառավիղը 20 կմ է)։

Ավելի նոսր բնակեցված տարածքներում սպասարկման տարածքի շառավղի 30 կմ-ի համար նախատեսված է 1 բրիգադ 8000 մարդու համար, 50 կմ շառավղի դեպքում՝ 1 բրիգադ 7000 մարդու, 50 կմ և ավելիի դեպքում՝ 1 բրիգադ 6000 մարդ սպասարկելու համար։

Կարևոր նշանակություն ունի նաև տեղանքը. օրինակ` լեռնային շրջաններում, բացի նրանից, որ բնակչությունը նոսր է, տարբեր է նաև ռելիեֆն ու բնակավայրի՝ Շտապօգնության մեքենայով հասանելիությունը։

Մասնագիտացված բրիգադների դեպքում այլ է՝ 1 բրիգադ 50-100 հազար բնակչության համար։

Հայաստանը որևէ հստակ մեթոդաբանություն կամ չափորոշիչ չունի և առաջնորդվում է արդեն իսկ ընդունվածներով։ 

Ընդհանուր կանչերի մեջ 16482-ով ավելացել են սրտանոթային հիվանդությունների դեպքերը, որոնք, ըստ Շտապօգնության տնօրենի, առաջին տեղն են զբաղեցնում կանչերի մեջ։

Երկրորդ տեղում՝ սուր շնչառական հիվանդություններն են, դրանցից հետո՝ վնասվածքներն ու կոտրվածքները։

Ամառվա շոգերի ժամանակ գրանցվել են նաև արևահարումների դեպքեր, սակայն դրանք այդքան էլ շատ չեն եղել։ 2022թ. գրանցվել է 12 դեպք, 2021թ.-ին՝ 11 դեպք։

  • Ինչպես պաշտպանվել արևահարումից, կարդացեք այստեղ

Թագուհի Ստեփանյանն ասում է, որ հիմնականում, իրենք տեղավորվում են սահմանված 15 րոպե ժամանակահատվածի մեջ՝ առավելությունը տալով անհետաձգելի դեպքերին.

«Մեզ մոտ կանչերը բաժանվում են կատեգորիաների, և առաջնահերթ կանչերին մենք հասնում ենք, երբ որ մարդու կյանքին վտանգ է սպառնում,-ասում է տնօրենը։- Իսկ արդեն հետո անդրադառնում ենք այն կանչերին, որոնք անհետաձգելի չեն։ Պետք է ասեմ, որ անհետաձգելի կանչերի քանակը կազմում է ընդհանուր կանչերի 20-25%»։

Թ. Ստեփանյանը նշում է, որ լինում են դեպքեր, երբ Շտապօգնությունը գնում և միայն մահն է արձանագրում, կամ, մարդիկ մահանում են հիվանդանոցի ճանապահին։ Այն հարցին, թե քանի տոկոս են այդ դեպքերը, տնօրենը դժվարանում է պատասխանել՝ ասելով, որ դրանք շատ չեն։

Տնօրենն ասում է, որ այս փուլում կարևոր է Շտապօգնությունում հնամաշ մեքենաների փոխարինումը։ Ինչ վեարբերում է դեղորայքով ապահովվածծությանն ու սարքերի հանգեցվածությանը, տնօրենն ասում է, որ չափորոշիչներով հաստատված ամեն ինչ իրենք ունեն և այդ մասով խնդիր չունեն։

«Շտապօգնության ծառայությունը գալիս է մարդկանց փրկելու, այլ ոչ թե վնասելու, և դեպքերը, որոնք գրանցվում են վերջերս, կոնկրետ բժշկի վրա ուժ կիրառելու, այդ ուժը կարելի է կիրառել լրիվ այլ տեղերում, պետք չէ բժշկի վրա ուժ կիրառել, որը որ գալիս է ձեր և ձեր երեխայի կյանքը փրկելու»,- եզրափակեց Թ. Ստեփանյանը։

Շտապօգնության մեքենաների թիվն ու բաշխվածությունը կտեսնեք ստորև.

Շտապօգնության մեքենաները Հայաստանում
Infogram

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter