HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Արմավիրում շտապօգնությունն ուշանում է, Լոռիում չկան թթվածնի բալոններ, բայց մարզպետարաններից ասում են՝ բողոքներ չկան

Առողջապահության նախարարի հրամանի համաձայն՝ Երևանում և Հայաստանի մարզերի քաղաքային բնակավայրերում շտապօգնության` կանչը ստանալուց դեպքի վայր ժամանելու տևողությունը, մինչև 20 կմ հեռավորության համայնքներ գնալիս, չպետք է գերազանցի 15 րոպեն, 20 կմ-ից ավելի հեռավորության համայնքներից՝ 30 րոպեն՝ բացառությամբ ձմեռային ամիսների, երբ բրիգադի ժամանման առավելագույն ժամանակը կարող է հասնել 20 րոպեի` ելնելով ճանապարհային երթևեկության չնախատեսված բարդություններից:

Սակայն իրականությունը միշտ չէ, որ համապատասխանում է նախարարի հրամանին, և 15-20 րոպեում շտապօգնության մեքենայի ժամանումը երբեմն մնում է միայն թղթի վրա՝ իրավական ակտերում. «Հետք»-ը քանիցս անդրադարձել է նման դեպքերի

«Հետք»-ն ուսումնասիրել է Երևանի և մարզերի պետական և համայնքային շտապօգնության մեքենաների թիվը (մասնավորը ներառված չէ), դրանց հագեցվածությունը սարքավորումներով ու տեխնիկական վիճակը։

Պարզվել է, որ Լոռու մարզում որոշ մեքենաներ չունեն թթվածնի բալոններ, ԷՍԳ (էլեկտրասրտագրություն), դեֆիբրիլյատոր, Տավուշում կա շտապօգնության բժիշկների կարիք, Արմավիրի մարզում բողոքում են մեքենաների ուշացումներից, բարդ ռելիեֆով գյուղերի բնակչությանը սպասարկելու համար անհրաժեշտ են ամենագնաց մեքենաներ, օրինակ` Սյունիքում։ Սրանով հանդերձ, մեկ շնչին բաժին հասնող շտապօգնության մեքենաներով ամենահագեցած մարզը Սյունիքն է, ամենաքիչ հագեցածը` Արմավիրը։ 

Ինչևէ, բոլոր մարզպետարաններից հայտնում են, որ շտապօգնության աշխատանքի վերաբերյալ քաղաքացիներից բողոքներ չեն եղել։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ինչպես նաև՝ Ամերիկայի առողջապահության ազգային ինստիտուտի չափորոշիչներով՝ շտապօգնության 1 բրիգադը (սովորաբար՝ բժիշկ, բուժքույր, վարորդ-սանիտար-հեղ.) պետք է սպասարկի մոտ 50 000 բնակչության։

Հետխորհրդային երկրներում, մասնավորապես՝ Ռուսաստանում, ընդհանուր պրոֆիլի բժշկական 1 բրիգադը հաշվարկված է 10 000 բնակչության թվով այն տեղանքներում, որտեղ բնակեցումը խիտ է (սպասարկման տարածքի շառավիղը 20 կմ է

Ավելի նոսր բնակեցված տարածքներում սպասարկման տարածքի շառավղի 30 կմ-ի համար նախատեսված է 1 բրիգադ 8000 մարդու համար, 50 կմ շառավղի դեպքում՝ 1 բրիգադ 7000 մարդու, 50 կմ և ավելիի դեպքում՝ 1 բրիգադ 6000 մարդ սպասարկելու համար։ Կարևոր նշանակություն ունի նաև տեղանքը. օրինակ` լեռնային շրջաններում, բացի նրանից, որ բնակչությունը նոսր է, տարբեր է նաև ռելիեֆն ու բնակավայրի՝ շտապօգնության մեքենայով հասանելիությունը։

Մասնագիտացված բրիգադների դեպքում այլ է՝ 1 բրիգադ 50-100 հազար բնակչության համար։ Հայաստանը որևէ հստակ մեթոդաբանություն կամ չափորոշիչ չունի և առաջնորդվում է արդեն իսկ ընդունվածներով։

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած 2020թ. վերջին տվյալներով՝ Հայաստանում կա շտապօգնության սպասարկման 69 կայան, նույն տարում Հայաստանում գրանցվել է շտապօգնության 606 953 կանչ։ 2018թ.-ի համեմատ կանչերի թիվն աճել է 21%-ով կամ 127 186 դեպքով։

Թեև նույն՝ 2018-ի համեմատ 2020թ. շտապօգնության կայանների թիվը 3-ով նվազել է, սակայն ավելացել է 100 000 բնակչի հաշվով սպասարկող բժիշկների թիվը՝ 4,2-ից դառնալով 6,5։

ԱՆ ենթակայության տակ գտնվող մեքենաների մեծ մասն անհատույց օգտագործման իրավունքով հանձնված է տարբեր բուժհաստատությունների

Հայաստանում շտապօգնության ծառայություն մատուցում են պետական, մասնավոր և համայնքային բուժհաստատությունները։

Պետական և համայնքային ենթակայությամբ շտապօգնության ավելի քան 350 մեքենա  կա (թիվը հստակ չէ, քանի որ Վայոց Ձորի մարզպետարանը հրաժարվել է տեղեկություններ տրամադրել)։ Ծառայությունը, ինչպես նաև՝ կանչից հետո իրականացված հրատապ միջոցառումներն անվճար են։

Առողջապահության նախարարության ենթակայության ներքո շտապօգնության 116 մեքենա կա, որից տարբեր բուժհաստատությունների ժամանակավոր օգտագործման իրավունքով հանձնված է 10-ը, մնացած 106 մեքենան անհատույց օգտագործման իրավունքով է հանձնված բուժհաստատություններին, մեծ մասը՝ մոտ 80 մեքենա, ԱՆ-ն տվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ին, 3 մեքենա անհատույց օգտագործման իրավունքով՝ Արցախին և մի քանիսը Երևանի և մարզերի բուժհաստատություններին։ Ընդհանուր առմամբ, մարզային բուժհաստատություններին տրվել է 14 մեքենա, 99 մեքենա բաշխվել է Երևանի տարբեր բուժհաստատությունների և ԱՆ ՊՈԱԿ-ների միջև։

Առողջապահության նախարարությունից «Հետք»-ին հայտնել են, որ իրենց ենթակայության տակ գտնվող մեքենաները «համապատասխանում են սահմանված նորմերին, անհրաժեշտ սարքերով հագեցած են»՝ բացառությամբ «Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի» 5 մեքենայի։

Շտապօգնության մեքենաներն աշխատում են թե’ բենզինով, թե’ դիզելային վառելիքով, ավտոմեքենաներն էլ, օրենսդրությամբ սահմանված կարգով, անցնում են տեխնիկական զննում։

«Այն կազմակերպությունները, որոնք մատուցում են շտապօգնության ծառայություն, ապահովված են բուժանձնակազմով»,- հայտնում են ԱՆ-ից։

Մարզերից և համայնքներից շտապօգնության մեքենաների և սպասարկող բուժանձնակազմի մասին ԱՆ-ն պարբերաբար տեղեկություններ և առաջարկներ է ստանում, որոնք, ըստ նախարարության, ուսումնասիրվում են, և հնարավորության դեպքում միջոցներ են ձեռնարկվում եղած կարիքները բավարարելու համար։

Այս տարի շտապօգնության նոր մեքենաների գնում չի նախատեսվում։

Առավել մանրամասն՝ ինֆոգրաֆիկայում։

Շտապօգնության մեքենաները Հայաստանում
Infogram

Երևան. 1 մեքենա 30 111 բնակչի սպասարկման համար

Երևանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն շտապօգնության ծառայությունն իրականացնում է վարչական շրջաններում տեղակայված 7 ենթակայաններում գործող 36 բրիգադով: Շուրջօրյա գործում է 36 բրիգադ, որոնցից 23-ը` գծային, 10-ը` վերակենդանացման, 1-ը` հոգեբուժական, 2-ը` ֆելդշերական։

Ենթակայաններից ամենաշատ մեքենա ունի «Կենտրոն»-ը, որը սպասարկում է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանները։ Մնացած ենթակայաններն ունեն 4-5 մեքենա և սպասարկում են երկուական վարչական շրջան, բացառությամբ՝ Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների, որոնցից յուրաքանչյուրը սպասարկում է 4-ական շտապօգնության մեքենա։

«Երևանի շտապբուժօգնության ծառայության բրիգադների քանակը ձևավորվել է 30 000 բնակչին՝ 1 բրիգադ սկզբունքով»,- հայտնում է Երևանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն։ Անհրաժեշտության դեպքում սպասարկվում են նաև կանչեր մարզերից (սանավիացիա)։

Սակայն, պետք է հաշվի առնել նաև, որ Առողջապահության նախարարության ենթակայության տակ գտնվող 116 մեքենայից 99-ը նույնպես Երևանի տարածքում է՝ չհաշված Երևանում գտնվող մասնավոր բուժհաստատությունների շտապօգնության մեքենաները, որոնք նույնպես կարող են սպասարկել երեւանյան կանչերը։

Նշենք, որ դեռևս 2018թ.-ին Չինաստանը Հայաստանին շտապօգնության 200 մեքենա էր նվիրել , որից 35-ը՝ ռեանիմոբիլ, 165-ը՝ գծային շտապօգնության մեքենաներ։ Դրանք բաշխվել են մարզային և երևանյան բուժհաստատությունների միջև։

Արագածոտն. 1 մեքենա 7335 բնակչի սպասարկման համար

Արագածոտնի մարզում շտապօգնության ծառայություն մատուցում է 4 բուժհաստատություն՝ «Աշտարակի», «Թալինի», «Ապարանի» բժշկական կենտրոններն ու «Ծաղկահովիտի առողջության կենտրոնը»։

Արագածոտնի մարզում շտապօգնության 1 մեքենային բաժին է հասնում 7335 մարդու սպասարկում (այս և հետագա տվյալները հաշվարկված են Ազգային վիճակագրական ծառայության՝ ՀՀ բնակչության վերաբերյալ հրապարակված վերջին տվյալներով)։ Բուժհաստատություններն ունեն շտապօգնության 17 մեքենա, որից 6-ը՝ ռեանիմոբիլ, 11-ը՝ գծային շտապօգնության մեքենա։

Մեքենաները բաշխված են հետևյալ կերպ՝

  • «Աշտարակի» ԲԿ - 5 մեքենա, որից 3-ը` շտապօգնության գծային մեքենա, 2-ը՝ ռեանիմոբիլ։
  •  «Թալինի» ԲԿ 3 մեքենա, որից 2-ը շտապօգնության գծային մեքենա, 1-ը՝ ռեանիմոբիլ։
  •  «Ապարանի» ԲԿ - 4 մեքենա, որից, 3-ը շտապօգնության, 1-ը՝ ռեանիմոբիլ։
  • «Ծաղկահովիտի առողջության կենտրոն»- 5 մեքենա, որից 3-ը` գծային շտապօգնության մեքենա, 2-ը՝ ռեանիմոբիլ։

Ըստ Արագածոտնի մարզպետարանի՝ բոլոր ﬔքենաները համապատասխանում են սահմանված նորﬔրին, ունեն անհրաժեշտ պարտադիր սարքավորուﬓերն ու հագեցած են դեղորայքով, կա անհրաժեշտ բավարար թվով անձնակազմ` մարզի բոլոր համայնքները սպասարկելու համար։

Ռեանիմոբիլ - շտապօգնության մեքենա, որը նախատեսված է վերակենդանացման կամ հատուկ մասնագիտացված խմբի կողմից շտապ բժշկական միջոցառումներ իրականացնելու, ինչպես նաև՝ տեղափոխման և նախահոսպիտալացման փուլում հիվանդի վիճակը վերահսկելու համար:

Մեքենաները հիմնականում աշխատում են բենզինով, կան նաև դիզելային վառելիքով աշխատող մեքենաներ. գազաբալոնով աշխատող մեքենաներ չկան։ Մեքենաները տարեկան տեխզննություն անցնում են՝ ըստ սահմանված ժամկետների՝ տարին մեկ անգամ, իսկ շտապօգնության ﬔքենաների տեխնիկական վիճակը, հագեցվածությունը ստուգվում է յուրաքանչյուր հերթափոխից առաջ։

Արագածոտնի մարզպետարանից հայտնում են, որ մինչ օրս բնակչության կողմից որևէ բողոք չի եղել շտապօգնության և դրա սպասարկման մասով։

Մարզում առաջիկայում շտապօգնության նոր մեքենաների գնում չի նախատեսվում։

Արարատ. 1 մեքենա 11 663 բնակչի սպասարկման համար

Արարատի մարզում գործող 4 բժշկական հաստատությունում հաշվառված է շտապօգնության 22 մեքենա, և բոլոր մեքենաները, ըստ մարզպետարանի, համապատասխանում են սահմանված նորմերին, ունեն անհրաժեշտ սարքավորումներ և դեղորայք, ինչպես նաև՝ բավարար թվով բուժանձնակազմ։

Արարատի մարզում շտապօգնության 1 մեքենան սպասարկում է 11 663 մարդու։

Շտապօգնության մեքենաները բաշխված են հետևյալ կերպ՝

  • «Արտաշատի» ԲԿ-ն ունի 7 մեքենա, որից 4-ը` JIN-BEL մակնիշի, 2-ը` Ford Transit, 1-ը` Mercedes Benz մակնիշի։
  • «Մասիսի» ԲԿ-ն ունի 5 մեքենա, որից 3-ը` JIN-BEL մակնիշի, 2-ը Ford Transit։
  • «Վեդու» ԲԿ-ն  ունի 6 մեքենա,  որից  3-ը JIN-BEL մակնիշի, 2-ը` Ford Transit, 1-ը` Mercedes Benz մակնիշի։
  • «Արարատի հիվանդանոց» ԲԿ-ն ունի 4 մեքենա, որից 3-ը` JIN-BEL մակնիշի, 1-ը` Ford Transit։

23 մեքենայից 16-ն աշխատում են բենզինով, 7-ը՝ դիզելով։ Մարզի շտապօգնության բոլոր մեքենաները տեխզննում վերջին անգամ անցել են 2021թ. ապրիլ-հուլիս ամիսներին. որևէ խախտում չի հայտնաբերվել։

Արարատի մարզպետարանից հայտնում են, որ մեքենաների տեխնիկական վիճակը ստուգվում է՝ ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան տարին մեկ անգամ. հագեցվածությունն էլ ստուգվում է յուրաքանչյուր հերթափոխից առաջ։

«Ավտոմեքենաների վիճակից և հագեցվածությունից բողոքներ չեն եղել։ Արարատի մարզի շտապօգնության մեքենաների թիվը բավարարում է մարզի բնակչության պատշաճ սպասարկման և բուժօգնության տրամադրման համար»,- հայտնում են մարզպետարանից։

Առաջիկայում մարզում շտպօգնության նոր մեքենաների գնում չի նախատեսվում։

Արմավիրի մարզ. 1 մեքենա 14 655 բնակչի սպասարկման համար

Արմավիրի մարզում շտապօգնության ծառայությունն իրականացնում է 4 բժշկական հաստատություն, որտեղ կա շտապօգնության 18 մեքենա՝ 2-ը ռեանիմոբիլ է («Արմավիրի» ԲԿ և «Վաղարշապատի հիվանդանոց» ԲԿ), 16-ը՝ գծային։

Արմավիրի մարզում շտապօգնության 1 մեքենային բաժին է հասնում ՀՀ մարզերից ամենամեծ թվով բնակչության՝ 14 655 հոգու սպասարկում։

Մեքենաները բաշխված են հետևյալ կերպ՝

  • «Արմավիր» ԲԿ - 7 մեքենա, 1 ռեանիմոբիլ, 3 բրիգադ։
  • «Վաղարշապատի հիվանդանոց» ԲԿ -8 մեքենա, 1 ռեանիմոբիլ, 3 բրիգադ։
  • «Մեծամորի» ԲԿ - 2 մեքենա, 1 բրիգադ։
  • «Հիսուսի մանուկներ» առողջության կենտրոն - 1 մեքենա, 1 բրիգադ։

Մեքենաները, ըստ մարզպետարանի, հագեցած են անհրաժշետ սարքավորումներով և դեղորայքով։ Բոլորն աշխատում են բենզինով կամ դիզելով. գազաբալոնով աշխատող շտապօգնության մեքենա այստեղ նույնպես չկա։

Կանչերը սպասարկում են շտապօգնության բրիգադների միջոցով։ Արմավիրի մարզում գործում է 8 բրիգադ, բոլորն ապահովված են բավարար թվով բուժանձնակազմով։

Մարզպետարանից հայտնում են, որ բոլոր մեքենաների տեխնիկական վիճակն ու հագեցվածությունը ստուգվում է ամեն օր, պրոֆիլակտիկ՝ ամիսը մեկ անգամ, հայտնաբերված թերություններն էլ «համապատասխան մասնագետների կողմից կարգավորվում են»։ Սակայն, հաշվի առնելով որոշ մեքենաների տեխնիկական մաշվածությունը, ֆինանսական միջոցների առկայություն դեպքում մարզպետարանը նախատեսում է ձեռք բերել գծային տիպի շտապօգնության մեքենաներ։

Այս առումով նաև՝ շտապօգնության մեքենաների հետ կապված բողոքներ կան, որոնք հիմնականում պայմանավորված են ուշացումներով։

«Դրանք ուղղակիորեն կապված են եղել տվյալ օրվա ընթացքում գրանցված կանչերի թվի հետ՝ ելնելով սպասարկվող ազգաբնակչությունից»,- ասում են մարզպետարանից՝ ընդգծելով, որ մեքենաների վիճակի կամ հագեցվածության վերաբերյալ բողոքներ չեն եղել։

Գեղարքունիք. 1 մեքենա՝ 7851 բնակչի սպասարկման համար

Գեղարքունիքի մարզում բնակչության սպասարկման համար կա շտապօգնության 29 մեքենա, որից 7-ը ռեանիբոմիլ է, 22-ը՝ գծային մեքենա։ Գեղարքունիքում շտապօգնության 1 մեքենան սպասարկում է 7851 մարդու։

Շտապօգնության մեքենաները բաշխված են հետևյալ կերպ՝

  • «Գավառի» ԲԿ - 6 մեքենա, որից 2-ը` ռեանիմոբիլ։
  • «Սևանի» ԲԿ - 5 մեքենա, որից 1-ը՝ ռեանիմոբիլ։
  • «Մարտունու» ԲԿ - 8 մեքենա, որից 2-ը՝ ռեանիմոբիլ։
  • «Վարդենիս հիվանդանոց» - 6 մեքենա, որից 1-ը՝ ռեանիմոբիլ
  • «Ճամբարակի ԱԿ» -  4 մեքենա, որից  1-ը՝ ռեանիմոբիլ։

Բոլոր մեքենաներն, ըստ մարզպետարանի, համապատասխանում են սահմանված նորմերին, հագեցած են անհրաժեշտ սարքավորումներով և դեղորայքով, համալրված բավարար թվով անձնակազմով։

«Վարդենիսի հիվանդանոց»-ին և «Սևանի» ԲԿ-ին պատկանող շտապօգնության մեքենաների տեխնիկական վիճակը ստուգվել է, համապատասխանաբար, 2020թ. սեպտեմբեր և դեկտեմբեր ամիսներին, 2021թ.-ին են ստուգվել «Ճամբարակ» (փետրվարին), «Մարտունի» (ապրիլին), «Գավառի» ԲԿ-ներինը (հուլիսին). ոչ մի տեղ խախտումներ չեն արձանագրվել։ Սովորաբար, մեքենաների տեխզննումն իրականացվում է տարին մեկ անգամ, իսկ տեխնիկական վիճակն ու հագեցվածությունը ստուգվում են ամեն հերթափոխից հետո։

Մեքենաներն աշխատում են բենզինով և դիզելով, գազաբալոնով աշխատող մեքենաներ չկան։ Գեղարքունիքի մարզպետարանը շտապօգնության աշխատանքի վերաբերյալ բողոքներ չի ստացել։

Մեքենաների թիվն ու անձնակազմը, ըստ մարզպետարանի, լիարժեք բավարարում են բնակչությանը պատշաճ օգնություն ցուցաբերելու համար, և առաջիկայում նոր մեքենաների գնում չի նախատեսվում։

Լոռի. 1 մեքենա՝ 6656 բնակչի սպասարկման համար

Լոռու մարզում շտապօգնության ծառայությունն իրականացնում է 5 բուժհաստատություն, ընդհանուր՝ 32 մեքենայով, որից 8-ը ռեանիմոբիլ է, մեկն այժմ անսարք է, մեկն էլ մասամբ է համապատասխանում պահանջված նորմերին։

Լոռու մարզում շտապօգնության 1 մեքենան սպասարկում է 6656 մարդու։

Շտապօգնության մեքենաները բաշխված են հետևյալ կերպ՝

  • «Ալավերդու» ԲԿ - 6 շտապօգնության մեքենա, որից` 3 գծային, 1 ռեանիմոբիլ, 2 սանիտարական ամենագնաց (2007 և 2019թթ.-ին)։
  • «Սպիտակի» ԲԿ - 4 շտապօգնության մեքենա, որից` 3 գծային (Ford, Jinbei. UAZ), 1 ռեանիբոմիլ (Toyota)։
  • «Ստեփանավանի» ԲԿ - ընդհանուր 5 մեքենա, որից` 4 գծային, (դրանցից УАЗ մասամբ է համապատասխանում նորմերին) 1 ռեանիմոբիլ։
  • «Տաշիրի» ԲԿ - 4 մեքենա, որից` 2 գծային (Ford Transit, УАЗ) 2 ռեանիմոբիլ (Jinbei, որից 1-ը անսարք է)։
  • «Վանաձորի» ԲԿ, 13 մեքենա, որից` 10 գծային, 3 ռեանիմոբիլ։

«Ալավերդու» ԲԿ-ի 6 մեքենայից 4-ը համապատասխանում են սահմանված նորմերին և չափորոշիչներին՝ հագեցվածության և այլնի մասով, իսկ 2-ը՝ սանիտարական մեքենաները, չունեն թթվածնի բալոններ, ԷՍԳ, դեֆիբրիլյատոր. ունեն միայն դեղորայք և պատգարակներ։

«Ալավերդու» ԲԿ-ում գործում է բժշկական 2 բրիգադ, որոնք թեև ապահովված են անձնակազմով, սակայն շտապօգնության բժշկի որակավորում ունեցող 3 բժշկի կարիք կա։ Այնուամենայնիվ, անձնակազմը բավարար է բնակչության սպասարկման համար, իսկ հեռավոր, բարդ ռելիեֆով գյուղերի բնակչությանը սպասարկելու համար անհրաժեշտ են լրացուցիչ ամենագնաց շտապօգնության գծային մեքենաներ։

«Ստեփանավանի» ԲԿ-ում յուրաքանչյուր հերթափոխում կա մեկ անձնակազմ (բժիշկ, բուժքույր, վարորդ-սանիտար)։ Բուժքույրերի ու վարորդների հաստիքներն ամբողջությամբ զբաղված են, բայց կա ՇԲՕ մեկ բժիշկ, մնացած բժիշկները համատեղում են դա հիմնական աշխատանքի հետ։

«Տաշիր» ԲԿ-ն նույնպես ունի շտապօգնության բժշկի կարիք։ Իսկ շտապօգնության մեքենաներից մեկը՝ ռեանիմոբիլը, այժմ անսարք է՝ օգոստոսի 23-ին տեղի ունեցած վթարի պատճառով։ Ուստի, բժշկական կենտրոնն այժմ ունի մեկ ռեանիմոբիլի կարիք։

«Վանաձորի» ԲԿ-ի շտապօգնության բրիգադների դեղորայքը համապատասխանում է չափորոշիչներին, բացակայում է միայն հոգեմետ և ափիոնային դեղորայքը, քանի որ բաժանմունքն ապահովված չէ անվտանգության համապատասխան պայմաններով։ Գծային «Ford» և «ՈՒԱԶ» մեքենաներում չկան ԷՍԳ ապարատներ և ինֆուզոմատներ։ Մնացած առումով՝ անձնակազմը բավարարում է։

Բոլոր մեքենաներն աշխատում են բենզինով։ Մեքենաները տեխզննում անցնում են կառավարության սահմանած կարգով՝ տարին մեկ անգամ, իսկ տեխնիկական վիճակն ու հագեցվածությունը ստուգվում են ամեն օր։

Շտապօգնության մեքենաների վիճակի առնչությամբ մարզպետարանը բողոքներ չի ստացել։

«Քաղաքացիների կողմից գրավոր կամ բանավոր բողոքներ չեն եղել»,- հայտնում են մարզպետարանից։

Կոտայք. 1 մեքենա՝ 9650 բնակչության սպասարկման համար

Կոտայքի մարզում շտապօգնության ծառայություն մատուցում է 7 բուժհաստատություն, ընդհանուր՝ 26 մեքենայով (մեկն անսարք է), որից 8-ը՝ ռեանիմոբիլ, 17-ը՝ գծային շտապօգնության մեքենա։

Կոտայքի մարզում շտապօգնության 1 մեքենային բաժին է հասնում 9650 մարդու սպասարկում։

Շտապօգնության մեքենաները բաշխված են հետևյալ կերպ՝

  • «Հրազդանի բժշկական կենտրոն», - 8 մեքենա` 6 գծային, 2 ռեանիմոբիլ։
  • «Չարենցավանի բժշկական կենտրոն» -  4 մեքենա` 2 գծային, 1 ռեանիմոբիլ, 1 անսարք։
  • «Աբովյանի բժշկական կենտրոն»-  7 մեքենա` 5 գծային, 2 ռեանիմոբիլ։
  • «Նաիրիի բժշկական կենտրոն» - 2 մեքենա` 1 գծային, 1 ռեանիմոբիլ։
  • «Գառնու ԱԿ» - 2 մեքենա` 1 գծային, 1 ռեանիմոբիլ։
  • «Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» -1 գծային 
  • «Նոր Հաճնի պոլիկլինիկա» - 2 մեքենա` 1 գծային, 1 ռեանիմոբիլ։

Բոլոր մեքենաները, ըստ մարզպետարանի, համապատասխանում են սահմանված նորմերին, սարքին են, գտնվում են լավ վիճակում։ Մեքենաներն աշխատում են բենզինով, տեխզննում անցնում են տարին մեկ անգամ, իսկ դրանց տեխնիկական վիճակը ստուգվում է ամեն հերթափոխից հետո։ Առաջիկայում նոր մեքենայի գնում չի նախատեսվում։

Կոտայքի մարզպետարանից հայտնում են, որ բուժհաստատությունների շտապօգնության աշխատանքներից որևէ բողոք մինչ օրս չի եղել։

Շիրակ. 1 մեքենա՝ 7713 բնակչի սպասարկման համար

Շիրակի մարզպետարանի ենթակայության տակ գտնվում է շտապ բժշկական օգնության ծառայություն մատուցող 30 շտապօգնության մեքենա։ Շիրակի մարզում շտապօգնության 1 մեքենան սպասարկում է 7713 մարդու (մարզպետարանը չի տրամադրել առանձին տեղեկություններ՝ ըստ մարզային բուժհաստատությունների

Դրանք, ըստ մարզպետարանի, համապատասխանում են սահմանված նորմերին, հագեցած են անհրաժեշտ սարքավորումներով և դեղորայքով, շտապօգնության բոլոր բրիգադները համալրված են բժշկական անձնակազմով։

Մեքենաներն աշխատում են բենզինով, տարին մեկ անգամ անցնում են տեխնիկական զննություն, իսկ յուրաքանչյուր օր՝ հերթափոխից առաջ, ստուգվում են մեքենաների տեխնիկական վիճակը և հագեցվածությունը։

«Մեքենաների տեխնիկական վիճակից և ոչ բավարար հագեցվածությունից մինչև օրս բողոքներ չեն եղել»,- հայտնում են Շիրակի մարզպետարանից։

Առաջիկայում շտապօգնության մեքենաների գնում չի նախատեսվում, «եղած շտապ բուժօգնության ծառայություն մատուցող բժշկական հաստատությունները պատշաճ բժշկական օգնություն և սպասարկում կազմակերպելու համար ապահովված են բավարար քանակով շտապ բուժօգնության մեքենաներով և բժշկական անձնակազմով»։ 

Սյունիք. 1 մեքենա՝ 3813 բնակչի սպասարկման համար

Սյունիքի մարզպետարանի ենթակայության տակ շտապօգնության 36 մեքենա կա, որից 8-ը՝ ռեանիմոբիլ։

Սյունիքի մարզն ամենահագեցածն է շտապօգնության մեքենաներով, մասնավորապես՝ 1 մեքենան 3813 մարդու է սպասարկում։

Շտապօգնության մեքենաները բաշխված են հետևյալ կերպ՝

  • «Կապանի» ԲԿ-ում կա շտապօգնության 12 մեքենա, որից 8-ը` գծային, 4-ը՝ ռեանիմոբիլ։
  • «Գորիսի» ԲԿ-ում կա շտապօգնության 10 մեքենա, որից 9-ը` գծային, 1-ը՝ ռեանիմոբիլ։
  • «Սիսիանի» ԲԿ-ում կա շտապօգնության 5 մեքենա, որից 4-ը` գծային, 1-ը՝ ռեանիմոբիլ։
  • «Մեղրու» ԲԿ-ում կա 5 շտապօգնության մեքենա, որից 4-ը` գծային, 1-ը՝ ռեանիմոբիլ։
  • «Քաջարանի» ԲԿ-ում կա շտապօգնության 4 մեքենա, որից 3-ը` գծային, 1-ը՝ ռեանիմոբիլ։

Մեքենաները, ըստ մարզպետարանի տրամադրած տեղեկության, համապատասխանում են սահմանված նորմերին և կառավարության որոշմամբ սահմանված պահանջներին։ Մեքենաներն աշխատում են  բենզինով կամ դիզելային վառելիքով, տեխզննում անցնում են ժամանակին՝ օրենքով սահմանված ժամկետներում։

Շտապօգնության անձնակազմն անհրաժեշտության դեպքում՝ համատեղության սկզբունքով համալրվում է տվյալ բուժհաստատության համապատասխան հմտություններ ունեցող բուժանձնակազմով։

Սյունիքի մարզպետարանից հայտնում են, որ 3 բուժհաստատությունում՝ Սիսիանի, Մեղրիի և Քաջարանի բժշկական կենտրոններում, կա «շտապօգնության ավտոպարկի համալրման խնդիր»։

Տավուշ. 1 մեքենա՝ 7593 բնակչի սպասարկման համար

Տավուշի մարզում շտապօգնության ծառայություն մատուցում է 3 բուժհաստատություն, ընդհանուր՝ 16 մեքենայով, որից 8-ը՝ ռեանիմոբիլ, 8-ը՝ սովորական, գծային շտապօգնության մեքենա։

Տավուշի մարզում շտապօգնության 1 մեքենան սպասարկում է 7593 մարդու։

Շտապօգնության մեքենաները բաշխված են հետևյալ կերպ՝

  • «Բերդի» ԲԿ- 5 մեքենա, որից 1-ը` ՈՒԱԶ գծային, 4-ը` ռեանիմոբիլ։
  • «Դիլիջանի» ԲԿ- 4 սովորական, գծային մեքենա, ռեանիմոբիլ չկա։
  • «Նոյեմբերյանի» ԲԿ- 7 մեքենա, որից 3-ը սովորական է, 4-ը (նաև 1 ՈՒԱԶ) ռեանիմոբիլ։
  • «Իջևանի» ԲԿ-ն ունի 7 մեքենա, որից 2-ը` ռեանիմոբիլ, 3 գծային շտապօգնության մեքենա, 1-ը օգտագործման է հանձնված «Աչաջրի» ՊՈԱԿ-ին, 2-ը ենթակա է դուրսգրման, չի շահագործվում։

Մեքենաներն աշխատում են բենզինով և դիզվառելիքով, գազաբալոնով աշխատող մեքենաներ չկան։ Տեխզննում իրականացվում է տարին մեկ անգամ։ Չափորոշիչներին համապատասխան մեքենաներ են՝ իրենց բուժանձնակազմով, անհրաժեշտ դեղորայքով։

«Իջևանի» ԲԿ-ն գնում չի նախատեսում, քանի որ ԲԿ-ի մեքենաները տրամադրում է Առողջապահության նախարարությունը։

«Բերդի» ԲԿ-ում նույնպես չեն նախատեսում նոր շտապօգնության մեքենաների գնում։ Սակայն «Բերդի» ԲԿ-ին անհրաժեշտ է շտապօգնության երկու բժիշկ։ Երկու բժիշկ է անհրաժեշտ նաև «Նոյեմբերյանի» ԲԿ-ին: Եղած մեքենաների քանակը բավարարում է Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանի բնակչության բժշկական սպասարկումն իրականացնելու համար։

«Դիլիջանի» ԲԿ-ի 4 մեքենայից 3-ի տեխնիկական վիճակը ստուգվել է 3 տարի առաջ, 1-ինը՝ 1 տարի առաջ։ «Նոյեմբերյանի» ԲԿ-ի բոլոր շտապօգնության մեքենաները վերջին անգամ տեխզննում անցել են այս տարի՝  2021թ. օգոստոսի 17-ին, իսկ ամեն 10-15 օրը մեկ մեքենաներն անցնում են տեխնիկական ստուգում։

Շտապօգնության սպասարկումից, ըստ մարզպետարանի, բողոքներ չեն եղել։ Նոր մեքենաների կարիք ևս չկա։

Վայոց Ձորի մարզպետարանը շտապօգնության մեքենաների մասին տեղեկությունը համարում է «ազգային անվտանգության սպառնալիք»

Վայոց Ձորի մարզպետարանը հրաժարվեց մեզ որևէ տեղեկություն տրամադրել մարզում առկա շտապօգնության մեքենաների թվի վերաբերյալ՝ նշելով, որ մարզում կա «բավարար թվով» շտապօգնության մեքենա, իսկ կոնկրետ թիվ հայտնելը կարող է սպառնալ ՀՀ ազգային անվտանգությանը կամ օգտագործվել «ընդդեմ Հայաստանի Հանրապետության»։

Վերադաս՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջոցով նույնպես չհաջողվեց Վայոց Ձորի մարզպետարանից տեղեկություններ ստանալ։

Նշենք, որ մարզպետարանի կայքում կա 2018թ. հրապարակում, որտեղ նշված է, թե մարզի 4 բժշկական կենտրոններ շտապօգնության մեքենաներ են ստացել Չինաստանի կողմից Հայաստանին կատարած նվիրաբերությունից։ 

Մասնավորապես` մարզի բուժհաստատություններին տրամադրվել է շտապօգնության 4 գծային մեքենա և 1 ռեանիմոբիլ, հետևյալ բաշխվածությամբ. 

  • Եղեգնաձորի ԲԿ՝ 2 շտապօգնության գծային մեքենա և 1 շտապօգնության ռեանիմոբիլ։
  • Վայքի ԲԿ՝ 1 շտապօգնության գծային մեքենա։
  • Ջերմուկի ԱԿ՝ 1 շտապօգնության գծային մեքենա:

Այս հրապարակմամբ Վայոց Ձորի մարզպետին տեղեկացնում ենք, որ մարզպետարանի կայքում հրապարակված են իր ձեւակերպմամբ՝ «ազգային անվտանգությանը» սպառնացող և «ընդդեմ Հայաստանի Հանրապետության» օգտագործվող տեղեկություններ։

Տես նաև՝ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter