
Լևոն Տեր-Պետրոսյան․ «Հայաստանին սպասվում են ցավոտ և ծանր լուծումներ»
Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կարծում է, որ ներկայի լարված իրավիճակում Հայաստանին սպասվում են ցավոտ և ծանր լուծումներ, պայմանագրեր պետք է ստորագրվեն թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի հետ, և այդ պայմանագրերը, առաջին նախագահի խոսքով, Հայաստանում ոչ ոքի հաճելի չեն լինելու, սակայն այլընտրանք չկա։ Այս մասին Տեր-Պետրոսյանն ասաց Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
«Եթե որևէ փաստաթուղթ չի ստորագրվում, եթե հաշտություն չի կնքվում այս երկու հարևանների հետ, որոնք, գիտեք՝ ինչքան են մեզ սիրում, այլևս 70 տարվա իրողությունը (նկատի ունի խորհրդային ժամանակները, խմբ․) չենք կարող վերականգնել։ Մենք, նորից պիտի քարը քարի վրա դնելով, պետություն կառուցենք և աշխատենք շենացնել այս երկիրը»,- նշեց Լևոն Տեր-Պետրոսյանը։
Խոսելով Հայաստանի և Արցախի նախկին նախագահների ու Ամենայն հայոց կաթողիկոսի սեպտեմբերի 22-ի հանդիպման մասին՝ Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց, որ իրենք չեն կարող լուծումներ և կարգավորումներ առաջարկել, քանի որ չեն տիրապետում անհրաժեշտ ինֆորմացիային, թե ինչ են առաջարկում Հայաստանին, օրինակ՝ Ռուսաստանը, Թուրքիան, ԱՄՆ-ն և այլն։ Առաջին նախագահի խոսքով՝ միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմակիցների շատ նեղ շրջանակ է տիրապետում ամբողջ ինֆորմացիային, և որպեսզի նախկին նախագահները կարողանան որևէ բանով օգնել, ապա իշխանությունները իրենց հետ պետք է կիսվեն ունեցած ինֆորմացիայով։
«Մեր ընդդիմության մեծագույն մասը կարծում է, որ եթե Փաշինյանից կարողանան ազատվել, ապա մենք կկարողանանք խուսափել ցավոտ լուծումներից, որոնք սպասվում են Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Ով էլ գա, նույնը, գուցե և ավելի վատ փաստաթուղթ ստորագրի։ Ընդդիմությունը չի ապացուցել, որ կարող է ավելի լավ պայմաններ բերել։ Նրանք չեն կարող, քանի որ չգիտեն, թե ինչ է պահանջվում Հայաստանից, չունեն ինֆորմացիա։ Ես էլ չեմ կարող, քանի որ ոչինչ չգիտեմ։ Ես գիտեմ միայն, որ բոլոր լուծումներն էլ վատ են լինելու մեզ համար։ Ես տեսնում եմ խնդիր՝ բոլոր վատ լուծումներից ընտրել ամենաքիչ ցավալին, իսկ դա հասկանալու համար մենք պետք է տիրապետենք ինֆորմացիայի, որի միակ տերը Փաշինյանն է»,- ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը։
Առաջին նախագահի խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ է վախենում փաստաթուղթ ստորագրել, քանի որ ինչ էլ ստորագրի, նրան անվանելու են թուրք և դավաճան։ Տեր-Պետրոսյանն ասում է, որ նախկին նախագահները ձեռք են մեկնում Փաշինյանին՝ առաջարկելով միասին ընտրել քիչ ցավալի տարբերակը։ Լևոն Տեր-Պետրոսյանը շեշտեց, որ ինքը պատրաստ է Փաշինյանի հետ կիսել այդ պատասխանատվությունը։
Լուսանկարը՝ արխիվային / © Հետք
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել