HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Փաշինյանն առաջարկում է միջազգային դիտորդական առաքելություն տեղակայել Հայաստան-Ադրբեջան սահմանին

Սեպտեմբերի 29-ի Կառավարության հերթական նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Հայաստանը շատ ակտիվ աշխատանք է իրականացնում միջազգային բոլոր հնարավոր գործընկերների հետ։

«Որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ՝ մենք ականջալուր ենք և ընդունում ենք և համաձայն ենք բոլոր այն կոչերին և ընդգծումներին, որ հարցերը պետք է լուծել դիվանագիտական խաղաղ ճանապարհով, բայց, ինչպես տեսնում ենք, Ադրբեջանը շարունակաբար դիմում է ագրեսիվ գործողությունների, և այս իրավիճակում մենք միջազգային գործընկերներին առաջարկում ենք հետևյալ բանաձևը և կարծում ենք, որ լուծում կարող է լինել Հայաստան-Ադրբեջան սահմանին միջազգային դիտորդական առաքելության տեղակայումը։ Կլինի դա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԵԱՀԿ-ի, թե որևէ այլ միջազգային կազմակերպության»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա ընդգծեց նաև, որ այս ամենի նպատակներից մեկը Հայաստանին բնականոն կյանքի ցիկլից դուրս բերելն է․ «Իհարկե, հասկանալի է, որ նման պայմաններում կյանքը բնականոն համարել չի կարելի, հասկանալի է, որ բոլորը՝ սկսած Կառավարության անդամներից, շարունակած ամբողջ հանրությամբ լարվածությամբ անընդհատ սպասում են լուրերի, և ամեն մի լուր, ամեն մի այդպիսի ահազանգ բոլորին շեղում է իրենց կյանքի, աշխատանքի բնականոն ցիկլից, և սա հասկանալի է, այլ կերպ լինել չի էլ կարող»։

Կառավարության ղեկավարն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ այդ դառնությամբ և կսկիծով յուրաքանչյուրը պետք է գերկենտրոնացած լինի իր ամենօրյա աշխատանքի վրա, որովհետև դա չափազանց կարևոր է։

Նաև նշեց, որ Հայաստանի ռազմավարական մոտեցումն է, որ անկախությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պետք է սկզբունքայնորեն և հետևողականորեն պաշտպանենք։

«Ինձ համար ակնհայտ է, որ մենք 3 հիմնական ռազմավարական ուղղություններով պետք է շարժվենք։ Առաջին՝ մենք պետք է բոլոր ջանքերը գործադրենք Հայաստանի շուրջ տևական խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ, երկրորդ՝ հետևողականորեն պետք է շարունակենք կրթության ոլորտում մեր բարեփոխումները և այդ ոլորտում մեզ պետք են էական, խոշոր պետական ներդրումներ, երրորդ՝ ՀՀ ԶՈՒ-երի՝ բանակի հետևողական բարեփոխումներ»,- ասաց նա։

Նա նաև խոսեց այսօր աշխարհում տեղի ունեցողի մասին․ «Ըստ էության՝ աշխարհակարգը, կամ եթե ժողովրդական լեզվով ասենք՝ աշխարհը բոլորիս աչքի առաջ փլուզվում է։ Սրանում ոչ մի չափազանցություն չկա, և մենք պետք է աշխատենք այս իրողության արձանագրմամբ։ Պետք է ասեմ, որ գոնե եվրասիական տարածաշրջանում չկա մի երկիր և պետություն, որն այս ցնցումից հարվածի իր բաժինը չի ստանալու։ Եվ մենք այս փլուզման գործընթացի մեջ պետք է լինենք կրկնակի ճկուն, կրկնակի ինտելեկտուալ, կրկնակի դիմադրողական, որ կարողանանք մեր երկիրը, ինչպես նախկինում ասել եմ, այս փոթորկված օվկիանոսի միջոցով անցնելով՝ հասցնենք խաղաղ նավահանգիստ»,- նշեց Փաշինյանը։

Ըստ նրա՝ Հայաստանին պետք են հատուկ կամք, հատուկ իմաստություն, հատուկ աշխատասիրություն, հատուկ հետևողականություն, և Հայաստանը պետք է նորից անդրադառնա մտածողության այն բանաձևերին, որոնցով առաջնորդվել է․ «Մենք պետք է վերստուգենք այդ բանաձևերը և համոզվենք դրանց կենսունակության մեջ։ Եթե չհամոզվենք դրանց կենսունակության մեջ, ուրեմն պետք է այդ բանաձևերում անել որոշակի սրբագրումներ՝ մեր երկրի կենսունակությունը, դիմադրողականությունը և հարատևությունն ապահովելու համար»,- իր ելույթը եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։

Մեկնաբանություններ (1)

Mariam
Desperate !

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter