HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բրիտանացի գիտնական․ կլիմայի փոփոխության հետեւանքները զգալու են թե՛ հարուստները, թե՛ աղքատները

Բրիտանացի գիտնական, կլիմայագետ, Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) դասախոս, Լոնդոնի գիտության թանգարանի նախկին տնօրեն Քրիս Ռափլին (Chris Rapley) սեպտեմբերին Երեւանում կայացած գիտության եւ արվեստի «Սթարմուս» 6-րդ փառատոնի բանախոսներից էր։

Ռափլին Լոնդոնի գիտության թանգարանի տնօրենն էր շուրջ 4 տարի։ 165 տարվա պատմություն ունեցող այս թանգարանը բրիտանացի գիտնականի համար գիտությամբ զբաղվելու պատճառներից մեկն էր։ Դեռ մանկության տարիներին Քրիս Ռափլին այցելում էր այս թանգարան՝ թերեւս, առանց պատկերացնելու, որ մի օր ինքն է այն ղեկավարելու։  

«Հետքի» հետ զրույցում բրիտանացի գիտնականը պատմում է, որ, այդուհանդերձ, հետագայում ինքն ստիպված էր ընտրություն կատարել թանգարանում աշխատելու եւ իր սկզբունքների միջեւ։ 2021-ին ստիպված թողել է թանգարանում աշխատանքը նավթագազային «Shell» ընկերության հովանավորչության պատճառով։ Նշում է, որ երկար ժամանակ աշխատել է այս ընկերության հետ, քանի որ ցանկանում էր տեսնել, թե կլիմակայան փոփոխությունները որքան լուրջ կընդունվեն դրա կողմից, մյուս կողմից՝ մտադիր էր օգնել, որ ընկերությունը նավթագազայինից անցում կատարի էներգետիկ ոլորտի։ Բայց հավատը կորցրել է, երբ ընկերությունն այդ անցումը համարել է չափազանց ծանր։ Հիշում է, որ երբ «Shell»-ն սկսել էր նավթի եւ գազի նոր պաշարների որոնման աշխատանքները, ինքը որոշեց հեռանալ։ Ըստ Քրիս Ռափլիի՝ նավթագազային ընկերության գործունեության հետեւանքների մասին իր բոլոր փաստարկները թանգարանը հրաժարվեց ընդունել՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել համագործակցությունը «Shell»-ի հետ՝ իբր օգնելու վերջինիս ապահովել անցումային փուլը։

«Հետքի» զրուցակիցը պատմում է, որ Լոնդոնի գիտության թանգարանը համաձայնել էր նաեւ հնդկական ընկերության հովանավորչությունն ընդունել, որը հսկայական ներդրումներ է կատարում Ավստրալիայի ածխահանքերում։

Այդուհանդերձ, պարոն Ռափլին նկատում է, որ Լոնդոնի գիտության թանգարանը հրաշալի ինստիտուտ է, հրաշալի աշխատանք է կատարում, եւ իր՝ գիտությամբ զբաղվելու պատճառներից մեկը հենց թանգարանն է եղել։ Պատմում է, որ Մեծ Բրիտանիայի Նոբելյան մրցանակակիրների հետ մի ընթրիքի ժամանակ պարզվել է, որ թանգարանն իր դրական ազդեցությունն է թողել նրանց բոլորի վրա։  

Գիտության դերը մեր օրերում

Բրիտանացի գիտնականը նշում է, որ տիեզերքի գաղտնիքները բացահայտումը, ինչն անում է, օրինակ, «Ջեյմս Ուեբ» աստղադիտակը, ոգեշնչում է մարդկանց, ու բոլոր մարդիկ էլ բացահայտողներ են, ինչը ցույց է տալիս, թե մարդկությունը՝ որպես հասարակություն, որքան է քաղաքակրթված։ Միեւնույն ժամանակ նշում է, որ շատերը չգիտեն, թե ինչպես է աշխատում գիտությունը, ասենք, իրենց «iPhone»-ը։ Փոխարենը կա հասարակության որոշակի տոկոս, որն իսկապես հասկանում է, թե ինչպես է աշխատում գիտությունը, եւ այդ հատվածը կարող է խորհուրդներ տալ քաղաքական գործիչներին, գործարար առաջնորդներին, սակայն երբեմն տեղեկություններն ու խորհուրդները կարող են վերածվել քարոզչության։ «Հետքի» զրուցակիցը նկատում է, որ եթե, օրինակ, խթանում կամ առաջարկում ես, որ ածխի արդյունահանումն ազատվի հարկերից, դա խիստ քաղաքական եւ էթիկական հարց է գիտությունից դուրս։

Քրիս Ռափլին շեշտում է, որ ներկայում մարդկությունն այնքան էլ անվտանգ ուղղությամբ չի գնում, եւ այս պարագայում գիտության ձայնը պետք է ավելի բարձր հնչի։ Սա կօգնի քաղաքականություն մշակողներին ճիշտ որոշումներ կայացնել։ Գիտնականը բերում է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխման փորձագետների միջկառավարական խմբի (IPCC) օրինակը, որը, նրա բնորոշմամբ, կլիմայագիտության ձայնն է այսօր։

«Խնդիրն այն է, որ այս աշխարհում ամեն ինչ փոխկապակցված է, իսկ կլիմայի փոփոխության սպառնալիքը բազմապատկում է գործոնները։ Չկա պարզ լուծում, մենք շատ ու շատ բաներ պետք է անենք միաժամանակ։ Սա նշանակում է, որ ամեն փոքր բան, որը միտված է ապագան ավելի լավը դարձնելուն, արժեքավոր է, նույնիսկ եթե այն կարող է չափազանց փոքր թվալ»,- ասում է կլիմայագետը։

Նկատում է, որ այսօր տեխնոլոգիաները բավարար չափով արագ չենք կիրառում, մյուս կողմից՝ նշում է, որ տեխնոլոգիաներն ինքնին բավարար չեն, պետք է մտնել մարդկանց գլխի մեջ, փոխել նրանց վարքագիծը, սպասելիքներն ու պատասխանատվության զգացումը։ Ըստ Քրիս Ռափլիի՝ կլիմայի փոփոխության առումով մարդիկ ներկայում չափից դուրս սպառողական վարքագիծ ունեն։ Խնդրահարույց է նաեւ այն քաղաքական ուժերի օգտին քվեարկելը, որոնք լուրջ չեն վերաբերվում կլիմայի փոփոխությանը, եւ նրանց անպատասխանատու քայլերի, որոշումների հետեւանքով բախվում ենք խնդիրների։

«Սթարմուս» փառատոնի ժամանակ բրիտանացի գիտնականն իր ելույթում նկատեց, որ բոլոր մարդիկ միաժամանակ թե՛ դերակատարներ են, թե՛ սցենարի հեղինակներ։ Կլիմայի փոփոխության դեմ պայքարում յուրաքանչյուրը կարող է սկսել հենց իրենից՝ ավելի քիչ մեքենա վարել, ավելի քիչ թռչել օդանավով, նվազեցնել սպառողականությունը։

Խախտվել է մոլորակի էներգետիկ հավասարակշռությունը

Քրիս Ռափլիի խոսքով՝ քանի որ Արեւից կլանած ջերմության մի մասը ջերմոցային գազերի պատճառով Երկիր մոլորակը չի կարողանում անդրադարձնել տիեզերք, այդ ավելցուկը մնում է մոլորակի վրա, ինչից առավել շատ տուժում է օվկիանոսը։ Սա մենք չենք զգում, որովհետեւ օվկիանոսում չենք ապրում, ինչպես, օրինակ, կորալներն ու ձկները, բայց սա հստակ գիտենք, քանի որ օվկիանոսում համապատասխան սարքեր ունենք։ Ավելի հստակ տեսնում ու զգում ենք ցամաքում կատարվող փոփոխությունները։ Օրինակ՝ Հայաստանում կլիմայի փոփոխության ակնհայտ դրսեւորում է տարեցտարի ջրի սակավությունը, քանի որ դրա գոյացման աղբյուրները փոփոխությունների են ենթարկվում, մասնավորապես՝ սարերում եղած սառույցի շերտը հալվում է ու չի համալրվում։

Կլիմայագետն ավելացնում է՝ կլիմայի փոփոխության հետեւանքները զգալու են թե՛ հարուստները, թե՛ աղքատները։ Նշում է, որ երբեք չի հավատացել անցյալում բավական տարածված այն տեսակետին, թե կլիմայի փոփոխությունից ամենաշատը տուժելու են աղքատները, քանի որ ավելի քիչ ռեսուրսներ ու ճկունություն ունեն, որպեսզի կարողանան կառավարել երաշտի, ջրհեղեղների ազդեցությունները։ Ռափլիի խոսքով՝ ողբերգությունն այն է, որ աղքատներն ամենաքիչն են «նպաստում» գլոբալ տաքացման խնդրի առաջացմանը։

«Ճիշտ է, որ աղքատ մարդիկ ամբողջ աշխարհում անպայման տուժում են: Բայց մարդիկ տուժում են նաեւ Կալիֆոռնիայում՝ աշխարհի ամենահարուստ նահանգում, ամենահարուստ ազգում: Եվ կան կլիմայական փախստականներ, որոնք լքում են Կալիֆոռնիան, քանի որ չեն կարողանում ապահովագրել իրենց տները անտառային հրդեհներից։ Նրանք հեռանում են, քանի որ իրենց երեխաների առողջությունը տուժում է անտառային հրդեհների ծխից: Ջրի պակասն այնքան սուր է, որ Լոս Անջելեսում եւ խոշոր քաղաքներում մարդկանց խմելու ջուր, արդյունաբերության համար ջուր մատակարարելը կարող է շատ-շատ դժվարանալ։ Այնպես որ, ուղղակի ճիշտ չէ, թե հարուստները կխուսափեն հետեւանքներից: Հետեւանքները կզգան նաեւ նրանք»,- բրիտանացի գիտնականը։

Մյուս կողմից, նկատում է, թե այո, կան շատ հարուստներ, ովքեր մտածում են, որ եթե Կալիֆոռնիայում իրենց տունը հրդեհվում է, աշխարհում եւս մի հինգ տուն ունեն, կարող են պարզապես տեղափոխվել մեկ այլ տեղ։ «Ոչ, ներողություն, ես չեմ կարծում, թե դու կփախչես, դու նույնպես սա կզգաս,- ասում է Քրիս Ռափլին՝ հավելելով,- քանի որ այս մարդիկ մեծ ազդեցություն ունեն, այս ուղերձը նրանց հասցնելը կարեւոր է»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter