
Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հաջորդ հանդիպումը` նոյեմբերին, Բրյուսելում
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հաջորդ հանդիպումը կկայանա այս տարվա նոյեմբերին, Բրյուսելում։ Այդ մասին նշվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի` Պրահայում կայացած հանդիպումից հետո ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրության մեջ։
Ալիևի հանդիպումը Շառլ Միշելի հետ կայացել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում։ Ինչպես հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը, Ալիևը կարևորել է Շառլ Միշելի մասնակցությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին։
Տարածված հաղորդագրության համաձայն՝ Ալիևն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների բանակցությունների բրյուսելյան ձևաչափին, որին մասնակցում է նաև ԵԽ նախագահը։ Բացի այդ, ըստ ադրբեջանական կողմի, Ալիևը շնորհակալություն է հայտնել Միշելին իր միջնորդական առաքելության համար։
Met today with @azpresident in Prague after meeting with @NikolPashinyan in New York.
— Charles Michel (@CharlesMichel) October 6, 2022
This afternoon together with @EmmanuelMacron we’ll meet again with 🇦🇿 President and 🇦🇲 Prime Minister on relations between Armenia and Azerbaijan & on advancing sustainable peace in the region. pic.twitter.com/USWeshrPm0
Հանդիպումից հետո թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է արել նաև ԵԽ նախագահը։ Շառլ Միշելը նշել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քառակողմ հանդիպում կունենան Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ՝ քննարկելու երկու երկրների միջև հարաբերություններն ու տարածաշրջանում խաղաղության ապահովումը։
Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայության
Մեկնաբանել