HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խաղողի մթերման պայմանագրերը խզվել են. վերավաճառողները հայտնվել են տնտեսվարողի ու մթերողի արանքում

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս Կառավարությունը մոլորեցրել է խաղողագործներին՝ հույս տալով, թե մթերման հարցը լուծվելու է: Մինչդեռ գործարանները կրճատել են մթերվող խաղողի քանակները, շատերի հետ խզել են պայմանագրերը:

Արմավիրի մարզի Խանջյան գյուղի խաղողագործների մեծ մասը տարիներ շարունակ խաղողի մթերման պայմանագրեր է ունեցել Երևանի կոնյակի գործարանի հետ: Տարիների ընթացքում մթերման ծավալները կրճատվել են, ինչի հետևանքով այսօր գյուղացիների մի մասի հետ այլևս պայմանագրեր չեն կնքվում: Փոխարենն օգտվում են մթերող գործարանների հետ պայմանագրեր ունեցողները. գյուղացիներից 90-100 դրամով խաղողը վերցնում են և գործարանում հանձնում 120-155 դրամով:

Մհեր Բալյանն ընտանիքի անդամների հետ խաղող էր քաղում, սակայն նա էլ մյուսների նման պայմանագիր չունի ու մասնավոր անձանց հետ է պայմանավորվել, որ 100 դրամով խաղողը գնեն: Սա այն դեպքում, երբ Մհերի հաշվարկով խաղողի ինքնարժեքը կազմում է 110-120 դրամ:

Պատմեց, որ մոտ 20 տարի է՝ պայմանագիր է ունեցել Կոնյակի գործարանի հետ: Ճիշտ է՝ ամբողջ բերքը չեն մթերել, սակայն մոտ 70% կարողացել է հանձնել: Խաղողի մնացած մասն էլ մթերել է մարզի Ամասիա գյուղում բացված  Գագիկ Ծառուկյանին պատկանող Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու գործարանի մասնաճյուղը: Ինչպես Մհերն է ասում, դրանից հետո, «սիրտը տաք» աշխատել են: Արդեն 2 տարի է՝ Ամասիայի մթերման կետը խաղող չի ընդունում, Կոնյակի գործարանն էլ այս տարի պայմանագիր չի կնքել Մհերի հետ:

«Վերջին տարիներին Կոնյակի գործարանը նախորդ տարվա համեմատ 10-20% քիչ մթերման պայմանագիր է կնքել: Բերեցին, հասցրին 5 տոննայից ցածր: Այս տարի էլ ասացին՝ ում պայմանագիրը 5 տոննայից քիչ է, հանում ենք: Բայց իրենք գիտեն, որ մեր այգին 5 չէ, 35 տոննա բերք է տալիս: Բայց գոնե այդ 4 տոննան մթերեին, մեր համար դա էլ էր էական, բայց  չարեցին»,- ասում է Մհեր Բալյանը:

Մհերը 1.5 հա խաղողի այգի ունի: Համեմատաբար երիտասարդ այգիներ են, 4-5 տարի է, ինչ սկսել է այգուց բերք հավաքել: Իրացման դժվարությունների պատճառով մտածում է քանդել այգին:

Մհերը հիշում է, որ տարվա սկզբին վարչապետը ելույթ է ունեցել Ազգային ժողովում և հանձնարարել ոլորտի պատասխանատուներին՝ խաղողի մթերման հետ կապված գյուղացիներին հստակ տեղեկություններ տալ: Մհերը, շատերի նման ուրախացել է, որ պատկան մարմինները գործընթացն ինքնակամ են սկսել՝ առանց գյուղացիների բողոքի ակցիաների ու ճնշման:

Սակայն, ուրախությունը երկար չի տևել: Նշված ժամկետում որևէ մեկը գյուղացիների հետ պայմանավորվածություն չի ունեցել խաղողի մթերման հարցում: Անհանգստանալով՝ մարզպետարանից հետաքրքրվել են, ստացել են պատասխան, որ օգոստոսի 1-ը վերջնաժամկետն է:

Օգոստոսն էլ է ավարտվել, դարձյալ ոչ մի հստակություն: Սեպտեմբերին գյուղացիները սկսել են բողոքի ակցիաներ իրականացնել:

«Էկոնոմիկայի նախարար Քերոբյանը երևի նեղություն էր քաշել, իր աթոռից վեր էր կացել ու սեպտեմբերին եկել էր Արմավիրի մարզ, որպեսզի սուտ խոսի: 2-3 հարյուր մարդ կար հավաքված, խոստացավ, որ Կառավարության առաջիկա նիստից հետո բոլորս կիմանանք, թե մեր բերքը որտեղ ենք հանձնելու: Չասաց, որ ժողովուրդ ջան՝ կներեք, չենք կարող, խոստացավ: Կառավարության նիստի օրը՝ հինգշաբթին անցավ, հաջորդ շաբաթն էլ անցավ, մարզի ղեկավարությունից ոչ ոք խաբար չէր, թե Կառավարությունում ինչ են որոշել: Կառավարության նիստն ենք նայում՝ խաղողի մասին խոսք անգամ չկա, ինչ-որ շենքի տուալետի վերանորոգման գումար են հատկացնում»,- ասում է Մհերը:

Օրեր առաջ մի խումբ գյուղացիներ գնացել են Էկոնոմիկայի նախարարություն և հանդիպել են նախարար Քերոբյանի հետ: Մհերը վիրավորվել էր նաև պետության վերաբերմունքից: Ասում է՝ նախարարությունում ծառայություն իրականացնող ոստիկաններից բացի, նախարարության շենքի մոտ են հրավիրվել նաև կարմիր բերետավորները:

Մհերի պատմելով՝ Քերոբյանը 1-2 ժամ ժամանակ է խնդրել գյուղացիներին տեղեկացնելու համար, թե ինչպես է կազմակերպվելու մթերումը: Տեղում գյուղացիները հստակ պատասխան չեն ստացել, և խոսակցությունը դարձյալ մեկ շաբաթով հետաձգվել է:

«Դա էլ բերեց նրան, որ հիմա ամեն մեկս մի ձևով, միջնորդով պիտի խաղողն իրացնենք»,- ասում է Մհերը և հավելում, որ արդեն 4 տարի է՝ գյուղացու խնդիրներն ամեն օր ավելանում են, և լուծման դրականի հույս չկա:

«Եթե տարիներով հարցերը լուծում չեն ստանում, նշանակում է իրենք չեն կարողանում լուծել, պիտի դուրս գան այդտեղից, լուծող գտնվի, գա լուծի: Նախարարը պիտի ազնվություն ունենա ու ասի, որ չեմ կարողանում լուծում գտնել, պիտի գնամ, թող գա այն մարդը, ով կարող է»,- նշում է Մհերը:

Նրա խոսքերով՝ գյուղում ամեն տարի մարդիկ խաղողի այգիներ են քանդում: Միայն իրենց փողոցից խաղողագործները 2-3 հեկտար այգի են քանդել:

Մհերն ասում է, որ եթե խաղողը քանդի, պտղատու ծառեր տնկի, առնվազն 4-5 տարի պետք է, որ բերք ստանա: Սակայն, երաշխիք չունի, որ մի քանի տարի հետո մրգի իրացման խնդիր չի առաջանա:

«10 տարի առաջ այգի ենք հիմնել, 4-5 տարի է, որ լիարժեք բերքի է, հիմա չգիտենք, թե ինչ անենք: Ստացվեց, որ մենք անիմաստ ծախս ենք արել: Մայրս 70 տարեկան կին է, ամբողջ այգին մեր հետ միասին իր ձեռքերով է մշակում: Լավ, մարդու աշխատանքն իրենց հետաքրքիր չի՞, այդ կնոջ աշխատանքը հետաքրքիր չի՞: Ստացվեց, որ իրենց չենք հետաքրքրում»,- ասում է Մհերը:

Մհերի մայրը՝ Ռոզա Բալյանը, խաղող էր քաղում: Տեսախցիկը տեսնելով՝ գոգնոցն ուղղելով առաջ եկավ: «Մեղք ենք, այսքան տառապել ենք, գոնե 100 դրամով տանեն, բերքը չմնա: Այնքան երջանկացանք, որ հողերը մեզ տվեցին, բայց հիմա լացում ենք, որովհետև տանջանքներս չի գնահատվում»,- ասում է Ռոզա Բալյանը:

Մհերի այգուց քիչ հեռու ևս բերքահավաք էր: Մինչ կհասնեին այդ այգին, ճանապարհին այգին քանդելու մասին բարձրաձայն բղավում էր Ռուբեն Շիպակցյանը:

«Էս կռիվը մեզ հերիք չէ՞ր, խեղճանալը հերիք չէ՞ր: Ես 100 դրամով խաղող տամ, որ հետո ասեմ՝ շնորհակալություն, որ ջեբիս փողը տարաք: Ես էլ գնամ սահման պահեմ, որ ուրիշն ինձ թալանի՞: Այսպես երկիր չեն կառուցում»,- բորբոքված ասում է 61-ամյա Ռուբեն Շիպակցյանը: Պարզվում է՝ նրա հետ ևս պայմանագիրը խզել են մթերող կազմակերպությունները, և ստիպված պիտի 100 դրամով խաղողը հանձնի հարևան գյուղի բնակիչներից մեկին, որ նա տանի գործարանին հանձնի:

Քայլելով հասանք հերթական այգին, որտեղ խաղող էին քաղում: Մոտ 20 մարդ, դաշտի ճանապարհի եզրին, խոտերի վրա ծածկոց էին փռել և ընդմիջում էին անում: Այստեղ նույնպես մթերման պայմանագիր չունեին:

Քնարիկ Մարտիրոսյանն ասաց, որ այս տարի որոշել են այգին քանդել, քանի որ ամեն տարի դժվարությունների են ունենում, իրենց հետ պայմանագրեր չեն կնքում:

«Եթե պայմանագիր լինի, կոնկրետ օրը, ժամին տանենք հանձնենք, չենք դժվարանա, խաղողը լավ բան ա, ես էլ հավեսով աշխատում եմ»,- նշեց տիկին Քնարիկը:

Որոշել է խաղողը քանդել պտղատու ծառեր տնկել: Սակայն, պետք է 4-5 տարի սպասեն մինչև տնկիները բերքատու ծառ դառնան: 

«5 տարի հետո էլ կարող է մրգի իրացման հարց լինի ու ստացվում է՝ ընկել ենք երկու քարի արանքը, չգիտենք՝ ինչ մշակենք, որ ապրենք»,- հավելեց Ք. Մարտիրոսյանը:

Երևանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Զարուհի Սարիբեկյանը «Հետք»-ին փոխանցեց, որ գործարանը նախորդ տարվա համեմատ ավելացրել է մթերման ծավալները՝ պահպանելով գինը՝ 1 կգ-ի համար վճարելով 155 դրամ: Այս տարի խաղողի մթերման ընդհանուր ծավալը կգերազանցի 20 հազար տոննան, ինչն ավելին է, քան արտադրության համար անհրաժեշտ ծավալը:

Զարուհի Սարիբեկյանը չի ընդունում գյուղացիների այն պնդումը, թե իրենց հետ պայմանագրերը խզվել ու դուրս են մնացել մթերման գործընթացներից: Ինչ վերաբերում է պայմանագրերի կրճատմանը, Զ. Սարիբեկյանը նշեց, որ խոսքը գնում է ոչ թե պայմանագրերի խզման, այլ մեկանգամյա պայմանագրերի մասին:

«Հազարավոր պայմանագրերի մեջ դրանք աննշան մաս են կազմում»,- ասում է Զ. Սարիբեկյանը՝ հավելելով, որ պայմանագրեր չեն կնքվել այն տնտեսվարողների հետ, որոնք չեն պահպանել մթերման գործընթացները:

«Հաշվի առնելով սոցիալական բնույթի բազմատեսակ գործոններ, յուրաքանչյուր տարի ընկերությունը կնքում է նաև նոր պայմանագրեր՝ նոր խաղողագործների հետ»,- հավելեց Սարիբեկյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter