
Էժան դոլարի հույսով. 2023-ին բյուջեի 10.5%-ը կուղղվի պետական պարտքի տոկոսավճարներին
Կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը նվազում է, բայց ոչ թե Կառավարության ջանքերի արդյունքում, այլ արտաքին գործոնների և դոլարի էժանացման։ Էժան դոլարն այս տարի բարենպաստ պայմաններ է ստեղծել պետական պարտքի համար։ Ռուսաստանից մարդկանց ու փողերի ներհոսքն էլ հանգեցրել են տնտեսական աճին։ Սպասվում է, որ 2023-ին պետական պարտքն ու բյուջեից դրա տոկոսավճարների հատկացումները կավելանան, միևնույն ժամանակ՝ պարտք/ՀՆԱ ցուցանիշը կնվազի։
Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի հիմքում դրված կանխատեսումների համաձայն` 2022 թվականի տարվա վերջի դրությամբ պետական պարտքը կկազմի 4 տրլն 490 մլրդ դրամ։ Մեկ տարվա ընթացքում աճը կկազմի 60 մլրդ դրամ կամ 1.3%:
Արդեն եկող տարի՝ 2023 թվականին, կանխատեսվում է, որ պետական պարտքը կավելանա ևս 389 մլրդ դրամով կամ 8.7%-ով:
Երբ պարտքն աճում է, աճում են նաև դրա դիմաց բյուջեից վճարվող տոկոսագումարները, ինչպես նաև՝ պետությունը ստիպված է լինում նոր պարտքային միջոցներ հայթայթել պարտքի մայր գումարները մարելու համար։
Միևնույն ժամանակ, բյուջեն կազմողները՝ ի դեմս Ֆինանսների նախարարության, հավաստիացնում են, որ լավ լուր էլ կա՝ պետական պարտք/ՀՆԱ-ի ցուցանիշը կնվազի, որը թույլ կտա ավելի ազատ կառավարել սոցիալական ծախսերը: Սակայն, մինչ այդ հասկանանք՝ ինչ ունենք այսօր։
Էժան դոլարը նպաստել է, որ պարտքը դրամային արտահայտությամբ նվազի
Ֆինանսների նախարարության ամենաթարմ տվյալներով՝ 2022 օգոստոսի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 9 մլրդ 992 մլն դոլար, որը տարվա սկզբի համեմատ աճել է 8.3%-ով։ Դա տեղի է ունեցել ներքին պարտքի աճի հետևանքով։ Մասնավորապես, արտաքին պարտքը նվազել է մոտ 356 մլն դոլարով կամ 5.4%-ով, իսկ ներքին պարտքը հակառակը՝ ավելացել է 1 մլրդ 126 մլն դոլարով կամ 43.7%-ով։
Ինչպես հայտնի է, դոլարը այս տարվա ընթացքում զգալի էժանացել է։ Չնայած որոշակի կարճաժամկետ տատանումներին՝ տարեսկզբի համեմատ այն 15-20%-ով էժանացել է։
Սրա արդյունքում, երբ պետական պարտքը հաշվարկում ենք ՀՀ դրամով, ավելի ցածր ցուցանիշ ենք ստանում։ Օրինակ՝ եթե 1 մլն դոլար պետական պարտքը հունվարի սկզբին կկազմեր մոտ 482 մլրդ դրամ, ապա օգոստոսի վերջի փոխարժեքով՝ 405 մլրդ դրամ։
Այսպես, ՀՀ դրամով արտահայտված պետական պարտքը օգոստոսի վերջին կազմել է 4 տրլն 44.5 մլրդ դրամ՝ տարեսկզբի համեմատ նվազելով 385 մլրդ դրամով կամ 8.7%-ով։ Արտաքին պարտքը նվազել է 20.3%-ով, իսկ ներքին պարտքն ավելացել է 21.1%-ով։
Բյուջեի կանխատեսումներով այս տարեվերջին արդեն պարտքը կհասնի 4.5 տրլն դրամի շեմին։
Դոլարի էժանացման արդյունքում նվազում է Կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը
Չնայած, որ պարտքը շարունակել է աճել դոլարային արտահայտությամբ, սակայն Կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը նվազել է, քանի որ հաշվարկներն արվում են ՀՀ դրամով։ Մյուս կողմից էլ ՀՆԱ-ն ավելի արագ է աճել, քան պետական պարտքը, որը պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմից հետո Ռուսաստանից Հայաստան մարդկանց ու փողերի հոսքով։
Կառավարության պարտք/ՀՆԱ-ն կարևոր ցուցանիշ է տնտեսության համար։ Այն նախևառաջ ցույց է տալիս պարտքի բեռի մակարդակը, դրա փոփոխությունը։ Իսկ օրենքով սահմանված է, որ Կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը 60%-ը հատելու դեպքում պետությունը պարտավոր է «ձգել գոտիները», սահմանափակել սոցիալական ծախսերը։
2020 թվականին, կորոնավիրուսի համավարակի ու պատերազմի պայմաններում, Կառավարությունը նախատեսվածից շատ պարտք ներգրավեց աշխարհից, որի արդյունքում Կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը հատեց 60%-ի շեմը։
Բյուջե-2023-ի ուղերձում կանխատեսվում է, որ արդեն 2022 թվականից այն նշված շեմից ցածր կլինի:
«2022թ․-ին ՀՀ կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշի նվազմանը նպաստող հիմնական գործոնները կլինեն բարձր տնտեսական աճը և դրամի փոխարժեքի արժևորումը, իսկ 2023թ․-ին՝ տնտեսական աճը»,- նշված է բյուջեի ուղերձում։
Հիշեցնենք, որ Հայաստանի ընդհանուր պետական պարտքի փոքր մասն է միայն Կենտրոնական բանկինը, մնացածը՝ Կառավարության ներքին ու արտաքին պարտքն է։ Մասնավորապես, կանխատեսվում է, որ 2022 թվականի վերջի դրությամբ 4 տրլն 490 մլրդ դրամի պարտքից 4 տրլն 232 մլրդ դրամը կկազմի Կառավարության պարտքը։
Բյուջեի 10.5%-ը՝ պարտքի տոկոսավճարներին
Նախատեսվում է 2023 թվականի բյուջեի ծախսերի 10.5%-ն ուղղել պետական պարտքի տոկոսները վճարելուն։ Դա կկազմի 272.1 մլրդ դրամ։
Պարտքի աճին զուգահեռ աճում են նաև տոկոսավճարները։ Համեմատության համար՝ 2021-ին այն կազմել է մոտ 181 մլրդ դրամ:
Արդյունքում բյուջեն բաշխելիս մի շարք կարևոր ոլորտների ավելի քիչ գումար են հատկացվում, քան պետական պարտքի տոկոսավճարներին։ Օրինակ՝ նույն 2023 թվականին կրթության ոլորտին հատկացվելու է բյուջեի 8.2%-ը, առողջապահությանը՝ 5.7%-ը։
Ընդհանուր առմամբ, 2023 թվականին Կառավարության պարտքի մարման և սպասարկման համար կպահանջվի 604.9 մլրդ դրամ, որից 332.8 մլրդ դրամը կկազմեն պարտքի գծով մարումները, իսկ 272.1 մլրդ դրամը, ինչպես նշվեց, տոկոսավճարները:
Հիշեցնենք, որ 2023 թվականի բյուջեի օրենքի նախագծով կանխատեսվում է, որ նշված տարում բյուջեի ծախսերը կկազմեն 2 տրլն 590 մլրդ դրամ, իսկ եկամուտները՝ 2 տրլն 301 մլրդ դրամ։ Ու քանի որ ծախսերը եկամուտներից շատ են, ինչպես ամեն տարի, բյուջեն կունենա մոտ 289 մլրդ դրամի դեֆիցիտ, որը կլրացվի ներգրավվելիք պետական պարտքի հաշվին։
Մեկնաբանել