HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության վայրը հայտնի է

Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսությունը կգործի Շահումյան փողոցում՝ Ողջի գետի հարեւանությամբ։ Շենքի հարեւանությամբ արդեն տեղադրվել են Հայաստանի եւ Իրանի դրոշները։  

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել էր ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիի ուղեկցությամբ ԱԳՆ այցելած նորանշանակ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին: Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսն Արարատ Միրզոյանին էր հանձնել հյուպատոսական արտոնագիրը, իսկ նախարարը նրան հանձնել էր էկզեկվատուրան (հյուպատոսին այդ կարգավիճակում ճանաչող փաստաթուղթ, որը տրվում է ընդունող երկրի կողմից): 

Այս տարվա ապրիլին էլ ԻԻՀ դեսպանը հանդիպել էր Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին եւ Կապանի ղեկավար Գեւորգ Փարսյանին։ Հանդիպման հիմնական թեման Իրանի հյուպատոսության բացումն էր։ Դեսպան Բադախշան Զոհուրին ներկայացրել էր նաեւ հանդիպմանը ներկա հյուպատոսին։ Իրանական կողմը դեռ նախորդ տարի էր Կապանում հյուպատոսություն բացելու համաձայնություն ձեռք բերել։ Իրանի դեսպանը  հանդիպմանը նշել էր, որ Սյունիքում հյուպատոսություն բացելու նպատակը բոլոր ոլորտներում հարաբերությունները զարգացնելն է։

Կապան կատարված այցի վերջում իրանցի հյուրերը տարածքներ էին դիտարկել ապագա հյուպատոսարանի համար: Ավելի ուշ՝ հուլիսին, Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը «Հետքին» հայտնել էր․ «Մենք մի քանի տեղ առաջարկել ենք դեսպանին ու հյուպատոսին, հիմա, կարծես թե, այդ հարցերը հստակեցման փուլում են: Իրենց կողմից տեսանք Կապանում հյուպատոսություն ունենալու գործնական պատրաստակամություն, հստակություն»։ Հարցին, թե երբ է նախատեսվում դրա բացումը, Գեւորգ Փարսյանը պատասխանել էր. «Գնահատելով իրենց տրամադրվածությունը՝ այս տարվա մասին է խոսքը»։

ԱԳՆ կայքում ներկայացված օտարերկրյա հյուպատոսությունների թվում առայժմ նշված չեն Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության տվյալները։  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter