HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Ադրբեջանցի հաքերները կոտրել են web.am հոսթինգի սերվերը և այնտեղ գրանցված կայքերը

Ադրբեջանական հաքերային խումբը հոկտեմբերի 13-ի գիշերը հարձակումներ է իրականացրել հայկական մի շարք կայքերի վրա, ինչի հետևանքով ավելի քան 200 կայք է կոտրվել և խաթարվել կայքերի բնականոն գործունեությունը։ Տեղեկատվության անվտանգության մասնագետ Արթուր Պապյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ ադրբեջանցի հաքերները կոտրել են web.am հոսթինգի սերվերը և այնտեղ գրանցված կայքերը։

«Ոչ թե կայքերն առանձին-առանձին կոտրել են, այլ հասել են հիմնական սերվերին, որի մեջ բազմաթիվ կայքեր կան, ու այնտեղից բոլորը կոտրել են։ Սերվերին հասանելիություն ստանալով՝ հարձակումը լայնակի, հորիզոնական տարածվել է բոլոր կայքերի վրա»,- նշում է Արթուր Պապյանը։ 

Կոտրված կայքերի մեջ եղել է նաև Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարության կայքը։ Այսպիսի հարձակումների դեպքում, Արթուր Պապյանի խոսքով, հաքերները թիրախավորում են կոնկրետ մեկ կայք, ներխուժում այդ կայքի սերվեր ու տեսնում, որ այն խոցելիություն ունի։ Կոտրելուց հետո տեսնում են, թե էլ ինչ կայքեր կան այդ սերվերի վրա գրանցված, ինչից հետո էլ կոտրում են սերվերի բոլոր կայքերը։ Տվյալ դեպքում Արթուր Պապյանը կարծում է, որ այդ թիրախավորված կայքը եղել է հենց Արցախի ֆիննախինը։ 

Ադրբեջանական հաքերային հարձակման հետևանքով կոտրված կայքերի թվում են նաև Գյումրու քաղաքապետարանի, «Հարավկովկասյան երկաթուղու» կայքը, «Ազատազէն» հասարակական կազմակերպության կայքերը և մի քանի տասնյակ տարատեսակ այլ կայքեր։ Ավելի ուշ էլ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն հայտնեց, որ ադրբեջանցի հաքերները հարձակվել են կազմակերպության UIC.am, UMDIMEL.am, REFORMS.am կայքերի վրա։

Արթուր Պապյանի փոխանցմամբ՝ այս հարձակումն իրականացրել է Az-Security Team անունով ներկայացող հաքերային խումբը, որը 2012 թվականից սկսած հարձակումներ է գործել հայկական կայքերի վրա։ Այս հարձակումներից հետո ադրբեջանցի հաքերները կայքերի գլխավոր էջերում տեղադրել են ադրբեջանական բանակին նվիրված մի տեսանյութ, որն ուղեկցվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքով։ 

Կոտրված կայքերից որոշների բնականոն աշխատանքը վերականգնվել է, իսկ մյուսների համար մասնագետները դեռևս աշխատանքներ են կատարում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter