HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Մանկավարժականը դեռևս դիրքորոշում չի հայտնում, Ֆիզկուլտինստիտուտը դեմ է բուհերի միավորմանը

Երեկ՝ հոկտեմբերի 12-ին հայտնի դարձավ, որ բուհերի խոշորացման կառավարության ծրագրով Բրյուսովի անվան պետական համալսարանը պետք է միանա երկու այլ բուհի ՝Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի հետ։

Չնայած կառավարությունը համապատասխան նախագիծը դեռ չի ներկայացրել, սակայն Բրյուսովի համալսարանի ղեկավարությունը հայտարարել է, որ ստույգ տեղեկություններ ունեն այդ մասին, եւ որ իրենց համալսարանը որեւէ սցենարով այս բուհերի միավորմանը դեմ է։

«Հետքն» այսօր փորձել է պարզել մյուս ուսումնական հաստատությունների դիրքորոշումը։

Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Խիթարյանը նշեց՝ քանի դեռ նախագծին ծանոթ չեն, դժվար է որևէ բան ասել, քանի որ ծանոթ չեն դրա բովանդակությանը։

«Երկու անգամ տվյալ թեմայով հանդիպում է եղել փոխնախարարի հետ, կարծիքների փոխանակում է եղել, մոտավորապես երկու ամիս առաջ եղել է հանդիպում նախարարի հետ, ասաց, որ բուհերի միացման գաղափար կա, բնականաբար հարցեր առաջացան մեզ մոտ, նախարարն ասաց, որ դա դեռևս գաղափարի մակարդակում է ու երբ կլինի կոնկրետ նախագիծ, այն կուղարկվի նաև բուհերին, երեկվա լուրն անակնկալ էր նաև մեզ համար»,-նշեց նա։

Այս պահի դրությամբ բուհը որևէ նախագիծ չի ստացել։

Խիթարյանը նշեց, որ թե նախարարի, թե փոխնախարարի հետ հանդիպման ժամանակ հստակ դիրքորոշում է հայտնել, որ դեմ են որևէ բուհի միանալուն, քանի որ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը պետք է գոյություն ունենա որպես առանձին կառույց։ Այն միակն է իր ոլորտում ու որևէ այլ հաստատության միացումը կարող է կազմալուծել ինստիտուտն ու կաթվածահար անել ոլորտը։

Ռեկտորը հիշեց ԽՍՀՄ փլուզումից հետո Վրաստանի ֆիզկուլտուրայի և սպորտի ինստիտուտի միացումն այլ բուհի ու շեշտեց, որ դա ոչ միայն չի բարելավել կրթության մակարդակը, այլև կազմաքանդել է այն։

«20 տարի անց որոշվեց նորից վերաբացել, բայց արդեն կադրերի լուրջ խնդիր կար, նույն խնդիրը կարող է մեզ սպառնալ»,-ասաց ռեկտոր Դավիթ Խիթարյանը։

Նա նշեց, որ ուսանողները ցանկացել են դասադուլ անել, բայց ինքը խոսել է նրանց հետ ու խնդրել դեռևս ոչ մի քայլ չձեռնարկել ու սպասել զարգացումներին։

Ըստ Դավիթ Խիթարյանի՝ բուհերի միավորումը ենթադրելու է նաև կադրային կրճատումներ ու տասնյակ մարդիկ դառնալու են գործազուրկ։ 

«Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը հետևում է իրադարձություններին, որևէ հստակ բան դեռ մեզ հայտնի չէ, երբ կլինի պաշտոնական նախագիծ կամ հայտարարություն, այդ ժամանակ մենք էլ կարտահայտենք մեր հստակ դիրքորոշումը»,-ասաց Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետ Դիանա Մարկոսյանը։ 

Օգոստոսի 9-ին 3 բուհերի ռեկտորների հետ նախարար Վահրամ Դումանյանի հետ հանդիպման վերաբերյալ Մարկոսյանը նշեց, որ այն ոչ թե քննարկում էր, այլ իրազեկում։ 

Ըստ նրա՝ բուհերի միավորման վերաբերյալ Մանկավարժական համալսարանի ուսանողների արձագանքը, ի տարբերություն Բրյուսովի համալսարանի ուսանողների, ավելի հանգիստ էր։ Ուսանողներին մտահոգել է լեզվաբանական համալսարանի ուսանողության կոպիտ արձագանքը։

«Ի վերջո, ուսանողները կածում են, որ իրենցից ոչինչ կախված չի, իրենք հարգում են Բրյուսովի ուսանողների պայքարն իրենց համալսարանի համար, բայց նաև շատ բացասական արձագանքներ են նկատում, որը վիրավորում է մեր ուսանողներին»,-ասաց նա։

Հնարավոր կադրային կրճատումների առնչությամբ Դիանա Մարկոսյանը նշեց՝ քանի դեռ չկա հստակ որոշում եւ իրենց ոչինչ հայտնի չէ կրճատումների մասին, խոսել չեն կարող։

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը այսօր լրագրողներին տված ճեպազրույցում ասել է, թե միավորման գաղափարը նոր չէ, եւ ռեկտորները տեղյակ են եղել այդ մասին։

Նա փարատել է այն մտահոգությունները, թե Բրյուսովի անվան համալսարանը փակվելու է եւ նշել, թե այս ամենը կրթության որակի բարձրացման միտում ունի․ «Որևիցե բան չի փակվում, հաստիք չի կրճատվում, այս ամենի արդյունքում միգուցե 2 ռեկտորի հաստիք պակաս ունենանք։ Բովանդակային առումով ոչինչ չի փոխվելու։ 3 շենքն էլ պահպանվելու է, բոլորը մնալու են այնտեղ, որտեղ մնում են, ոչ մի տեղափոխություն, նոր սենյակներ չկան»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter