
Եվրամիության դիտորդական առաքելությունը այսօր ժամանում է Հայաստան
Եվրամիության դիտորդական առաքելությունը, որը տեղակայվելու է հայ-ադրբեջանական սահմանին, ժամանում է Հայաստան։ Այդ մասին Թվիթեր իր միկրոբլոգում գրառում է արել Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
Today advance team of 🇪🇺 monitors arrives in Yerevan. The 27 Member States have acted rapidly to respond to 🇦🇲 request. The aim of the 🇪🇺deployment will be to monitor the situation and support 🇦🇲-🇦🇿stabilisation on the ground. pic.twitter.com/xE53xfLTUo
— Toivo Klaar (@ToivoKlaar) October 14, 2022
«Այսօր ԵՄ դիտորդների նախնական թիմը ժամանում է Երևան։ ԵՄ անդամ 27 երկրներն արագ են գործել՝ արձագանքելու Հայաստանի խնդրանքին։ Եվրամիության տեղակայման նպատակն է դիտարկել իրավիճակը և աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կայունացմանը»,- գրել է էստոնացի պաշտոնյան։
Հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ առաքելության տեղակայման պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում տեղի ունեցած քառակողմ հանդիպման ժամանակ, որին մասնակցում էին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Նախատեսվում է, որ առաքելությունը կտեղակայվի հայկական տարածքում, իսկ Ադրբեջանը դրա հետ կհամագործակցի այնքանով, որքանով, որ այն վերաբերում է իրեն։ «Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը»,- նշվում էր ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։
Ռուսական կողմը բացահայտ հայտարարել էր, որ այս առաքելությամբ Եվրամիությունը «փորձում է տապալել ռուսական միջնորդական ջանքերը»։ «Մենք դրանում, ցավոք, տեսնում ենք Եվրոպական միության հերթական փորձերը ցանկացած ձևով մխրճվել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման մեջ, ճնշել մեր երկրի միջնորդական ջանքերը»,- հայտարարել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Լուսանկարը՝ Տոյվո Կլաարի Թվիթեր միկրոբլոգից։
Մեկնաբանել