HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

«Հրավար» ՍՊԸ-ն քանդման աշխատանքներ է կատարել վիճելի տարածքում՝ վնասելով քաղաքացու գույքը

Երևանի Բրյուսովի 6 հասցեում գործող «Հրավար» ընկերությունը երեկ՝ հոկտեմբերի 15-ին առանց թույլտվության քանդել է նույն հասցեում գտնվող Զառա Սահակյանին պատկանող շինությունը։ Բրյուսով փողոցի բակային տարածքի հողամասի մի մասը, որը 1980 թվականից տնօրինում է Զառա Սահակյանի ընտանիքը, ըստ փաստաթղթերի՝ դուրս է նրանց սեփականաշնորված տարածքից։ «Հրավար» ՍՊԸ-ն 2001-2010 թվականներին վարձակալել է 783,6քմ մակերեսով հողամասը, որի 150.6քմ մակերեսը 1970-ից տնօրինում է Զառա Սահակյանի ընտանիքը։Ստացվում է, որ Զառայի ընտանիքը տարիներ շարունակ օգտագործել է 2001-2010 թվականներին «Հրավար» ՍՊ ընկերության վարձակալած տարածքի մեջ մտնող հատվածը։ Վարձակալության պայմանագրի ժամկետը լրացել է 2010 թվականին։

Զառա Սահակյանը սեփականաշնորհման իրավունք ստանալու համար 2019 թվականին դիմել է  վարչական դատարան։ Գործը վարույթում է։

«Հրավար» ՍՊԸ-ն նախկինում եղել է  կոշիկի ֆաբրիկա, այժմ բազմահարկ շենքը ծառայում է որպես բիզնես կենտրոն՝ «Սփեյս Նոա» անվանումով։

Զառա Սահակյանի՝ Բրյուսովի 9 հասցեում գտնվող տունը վնասվել էր «Ջերմուկ Գրուպի» «Բյուրեղ» թաղամասի կառուցման ընթացքում։ Այժմ ընկերությունն այն նորոգում է։ Զառան այժմ որդու և մոր հետ ապրում է հարևան փողոցում՝ եղբոր տանը։ Առավոտյան Զառայի հարևանուհին զանգահարել է նրան ու ասել, որ քանդում են իր բակի ցանկապատը։ 

«9:20 էր, հարևանուհիս զանգեց, ասեց՝ Զառ, քանդում են ցանկապատդ, ծառերդ արմատախիլ են արել, ես չեմ էլ հիշում ոնց եմ տնից դուրս եկել։ Եկել Հասել եմ ու տեսել, որ արդեն համարյա ամբողջը քանդել են, ես ուղղակի չեմ հասկանում՝ ի՞նչ իրավունքով են նման բան արել, ես տարածքի սեփականության իրավունքի ճանաչման համար դիմել եմ դատարան, գործն ընթացքի մեջ է, հաջորդ նիստը նշանակված է հունվարին, ո՞նց կարող էին էդքանը հաշվի չառնել ու գալ ապօրինի գործողություններ անել»,-ասում է Զառան։

Նա զանգահարել է ոստիկանություն և քաղաքապետարանի թեժ գիծ, շուտով քաղաքապետարանի աշխատակիցն ու ոստիկանները ժամանել են դեպքի վայր։

Ոստիկանները բացատրել են, որ, ամեն դեպքում, քանի դեռ գործը դատարանում է, կողմերիցոչ մեկը՝ ո’չ «Հրավար» ՍՊ ընկերությունը և ո’չ էլ Զառա Սահակյանն ու նրա ընտանիքի անդամները չպետք է տարածքում որևէ ապօրինի գործողություն կատարեն։ Ոստիկանները Զառային հորդորել են ներկայանալ Կենտրոնի բաժին ու հաղորդում նեկայացնել։ Ըստ Զառայի՝ նրանք արձանագրություն են կազմել, խոսել նաև «Հրավար» ՍՊ ընկերության ներկայացուցչի՝ Նոննա Չոլախսավովայի հետ։

Մեր այցելության ժամանակ ոստիկաններն ու քաղաքապետարանի աշխատակիցը դեռ այնտեղ էին։

Քաղաքապետարանի աշխատակիցը, որը ներկայացավ Արտյուշ անունով, հրաժարվեց մեր հարցերին պատասխանել, միայն նշեց, որ ամեն բան պարզ կդառնա երկուշաբթի, երբ քաղաքապետարանի իրավաբանները զբաղվեն գործով։

 «Քաղաքապետարանի ներկայացուցիչն ինձ ասում է ՝ կարող ես դու քո օրինական հատվածի չափով սահմանազատում անել ու հանգիստ ու ապահով ապրել, բայց ես չեմ կարող անել դա, ես դիմել եմ դատարան մյուս մասի սեփականության իրավունքի ճանաչման համար, իմ ընտանիքը 1980 թվականից այդ հասցեում է ապրել, էդ հատվածը միշտ օգտագործել ենք, դա մեր բակն է եղել, ծառեր են եղել պտղատու, եթե սահմանազատում անեմ, ինչպե՞ս կարող եմ ապացուցել, որ պայքարում եմ հողամասի համար, կստացվի, որ դատարան ներկայացրած հայցս, հարուցված գործը, որ գրեթե 3 տարի է ընթացքի մեջ է, լրիվ անիմաստ են»,-ասում է Զառան։

Մոտ մեկ ժամ մենք փորձում էինք «Հրավար» ՍՊ ընկերության ներկայացուցիչ Նոննա Չոլախսավովայի հետ հանդիպել, մի քանի անգամ շենքի անվտանգության աշխատակցին խնդրեցինք ճշտել՝ ե՞րբ կարող է նա ընդունել մեզ։

Ավտանգության ախատակիցը վերադառնում էր՝ պատասխանելով, որ Նոննան զբաղված է։

Անվտանգության աշխատակցին խնդրեցինք փոխանցել, որ հակառակ դեպքում հոդվածը կհրապարակվի առանց իրենց  լսելու, որից հետո Նոննա Չոլախսավովան ընդունեց մեզ։

Սկզբում նա  ցույց տվեց մի լիազորագիր, որը թույլ չտվեց լուսանկարել ու ասաց, որ լիազորագիրը տրամադրել է  «Հրավար» ՍՊ ընկրության տնօրեն Վարդան Կիրակոսյանը, համաձայն որի՝ Նոննան լիազորվում է բարեկարգման աշխատանքներ անել տարածքում։

Այնինչ լիազորագրում նշված էր՝ քանդման աշխատանքներ։ 

Մեր այն դիտարկմանը, թե քանդման թույլտվություն տալու իրավունք ունի միայն քաղաքապետարանը, Նոննան նշեց, որ դա լիազորագրի դասական օրինակ է։

Թե ինչ հիմքով են տարածքում ապամոնտաժման աշխատանքներ սկսել, եթե վիճահարույց հողամասի գործը դատարանում է, ընկերության ներկայացուցիչը պատասխանեց, որ իրենք ունեն վարձակալության պայմանագիր։ Խնդրեցինք ցույց տալ պայմանագիրը, նա իր ձեռքով ցույց տվեց, սակայն թույլ չտվեց այն վերցնել եւ ուսումնասիրել։ Պայմանագրի ժամկետը լրացել էր 2010 թվականին։

Զառա Սահակյանը 2019-ի հունիսին գրավոր հարցմամբ դիմել է Երևանի քաղաքապետարան, որտեղից հայտնել են, որ «Հրավար» ՍՊԸ-ի վարձակալության պայմանագիրը դադարեցված է  2010 թվականից։

Ըստ Դատալեքս դատական տեղեկատվական համակարգի՝ Զառա Ռաֆիկի Սահակյանը 27.12.2019թ. հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝  Բրյուսովի փողոց 9 հասցեի հողամասին հարակից 150.6քմ մակերեսով հողամասն անհատույց սեփականության իրավունքով հայցվորին տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին:

Դատարանը որոշել է պատասխանողից՝ Երևանի քաղաքապետարանից, որպես ապացույց հետազոտման նպատակով, պահանջել դատարանին ներկայացնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության՝ հայցվորին տրված մերժողական գրության համար հիմք հանդիսացած վարչական վարույթի նյութերը:

Դատական նիստին որպես երրորդ կողմ ներգրավվել է «Հրավար» ՍՊԸ-ն։

27.05.2020 թ. «Հրավար» ՍՊԸ-ի  ներկայացուցիչ Կիմա Սարյանը դիմում է ներկայացրել դատարան՝ հայտնելով, որ 2000թ. դեկտեմբերի 19-ին Երևանի քաղաքապետարանի և «Հրավար» ՍՊ ընկերության միջև կնքված պայմանագրի համաձայն Երևան քաղաքի Բրյուսովի փողոցի թիվ 6 հասցեում «Հրավար» ՍՊԸ-ին պատկանող կոշիկի ֆաբրիկայի դիմաց գտնվող 783,6քմ մակերեսով հողամասը (որը ներառում է վիճելի հողամասը) հանձնվել է «Հրավար» ՍՊ ընկերության ժամանակավոր տիրապետմանը և օգտագործմանը ընկերության կարիքների սպասարկման համար անվճար ավտոկայանատեղեր կազմակերպելու, տարածքը բարեկարգելու և կանաչապատելու նպատակով: Ստացվում է, որ  Զառա Սահակյանի պահանջած Բրյուսովի փողոց 9 հասցեի հողամասին հարակից 150.6քմ մակերեսով հողամասը ընդգրկված է Երևան քաղաքի Բրյուսովի փողոցի թիվ 6 հասցեում «Հրավար» ՍՊԸ-ին պատկանող անշարժ գույքի դիմաց 783,6քմ մակերեսով հողամասի մեջ: Գործի քննությանը պատասխանող Երևանի քաղաքապետարանը չի ներկայացել։ Հաջորդ դատական նիստը նշանակված է 2023 թվականի հունվարի  19-ին։

Ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների՝ 1994 թվականին ստեղծված «Հրավար» ՍՊԸ-ն պատկանում է Վարդան Գևորգի Կիրակոսյանին։

Վերջինիս անձնագրային տվյալներով գրանցված են նաև «Կաշի» ԲԲԸ , «Ծիծեռնակ-8» ՍՊԸ, «Հայաստանի թեթև արդյունաբերության զարգացման ասոցիացիա» ՀԿ, «Այլուր» ՍՊԸ, «Պանսիոնատ բուրմունք» ՍՊ ընկերությունները։

Ըստ Պետեկամուտների կոմիտեի տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի տվյալների՝ «Հրավար» ՍՊԸ-ն զբաղվում է սեփական կամ վարձակալված անշարժ գույքի հանձնման, վարձակալության և այլ գործառնություններով։

«Հրավար» ՍՊԸ-ի ներկայացուցիչ հանդես եկող Նոննա Չոլախսավովայի անձնագրային տվյալներով իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցված է «Կոմերսանտ լեգալ» ՍՊԸ-ն, որի գործունեությունը դադարեցված է, «Քո իրավունքը» ՍՊԸ, որի գործունեությունը դադարեցված է ժամանակավոր և «Քո իրավունքը պլյուս» ՍՊԸ-ն, որը գործող է։ Ընկերությունների գործունեության տեսակը իրավաբանական ծառայությունների մատուցումն է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter