HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Ներկայացվել է օրգանական արտադրանքի միասնական շուկայի ստեղծման համաձայնագրի նախագիծը

Դեռևս 2021թ․ օգոսոտոսի 20-ի N 16 որոշմամբ՝ Եվրասիական միջպետական խորհուրդը հաստատել էր ճանապարհային քարտեզ, որով ԵԱՏՄ-ում ստեղծվելու էր օրգանական գյուղատնտեսական արտադրանքի միասնական շուկա։

Օրերս Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ագրոարդյունաբերական բլոկի քննարումների ժամանակ ներկայացվել են օրգանական արտադրանքի միասնական շուկայի ձևավորման ուղղությամբ տարվող աշխատանքները, մասնավորապես՝ համաձայնագրի նախագիծը։

Այն պատրաստել է ԵՏՀ Ագրոարդյունաբերական քաղաքականության դեպարտամենտը՝ Միության պետությունների լիազոր մարմինների հետ ԵԱՏՄ տարածքում օրգանական արտադրանքի ազատ տեղաշարժն ապահովելու նպատակով։

Օրգանական գյուղատնտեսական արտադրանք՝ օրգանական գյուղատնտեսության վարման արդյունքում արտադրված կամ վերամշակված կենդանական ու բուսական ծագման մթերք ու հումք, ինչպես նաև վայրի բույսեր, որոնց շրջանառության փուլերում ապահովվում են տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջները։

«Օրգանական գյուղատնտեսությունը զարգացման զգալի ներուժ ունի Միության անդամ ամեն երկրում, և ԵԱՏՄ շրջանակներում համապատասխան համաձայնագրի ընդունումը պայմաններ կստեղծի պատրաստի օրգանական սննդամթերքի արտադրության ոլորտում փոխադարձ առևտրի և միջպետական ​​համագործակցության մեծացման համար»,- ասել է ԵՏՀ Արդյունաբերության և ագրոարդյունաբերության համալիրի նախարար Արտակ Քամալյանը։

Համաձայնագրով, մասնավորապես, հաստատվել են օրգանական արտադրանքի արտադրության համապատասխանության գնահատման մոտեցումներն ու դրա մակնշմանը ներկայացվող միասնական պահանջները։

«Փաստաթուղթն ընդգրկում է նաև երրորդ երկրներից օրգանական արտադրանքի ներմուծման կարգավորման ընդհանուր մոտեցումների հարցերը»,- ասել է ԵՏՀ ներկայացուցիչ Արմեն Հարությունյանը։

Նա նաև ընդգծել է միջպետական ​​համագործակցության կարևորությունը հողի բերրիության պահպանման և վերականգնման հարցերում ԵԱՏՄ պետությունների հողային ռեսուրսների վրա աճող մարդածին և տեխնածին ճնշման, ինչպես նաև՝ կլիմայի փոփոխության համաշխարհային միտումների պայմաններում:

Համաձայնագրի նախագիծը նախատեսվում է քննարկել այս տարվա նոյեմբերին ԵՏՀ Կոլեգիայի նիստում։ Ելնելով քննարկման արդյունքներից՝ ԵՏՀ Կոլեգիան նախատեսում է համաձայնագրի նախագիծն ուղարկել անդամ պետություններին՝ հաստատման համար։

Ներկայում Միության անդամ երկրներից ամեն մեկն ունի օրգանական արտադրանքի արտադրման և վաճառքի կարգավորման սեփական պահանջներն ու նորմերը, և այդ օրենսդրական ակտերում էական տարբերություններ կան, ինչը սահմանափակումներ է ստեղծում ԵԱՏՄ-ում օրգանական արտադրանքի ազատ շրջանառության համար:

Նշենք, որ Օրգանական գյուղատնտեսության հետազոտական ​​ինստիտուտի (FiBL) տվյալների համաձայն՝ վերջին տասնամյակներում օրգանական ապրանքի միջազգային շուկան կայուն աճ է գրանցել՝ գերազանցելով 106 միլիարդ եվրոն:

Ներկայում ԵԱՏՄ-ում օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող տարածքների տեսակարար կշիռը չի գերազանցում ԵԱՏՄ ընդհանուր վարելահողերի 1%-ը. առավելապես՝ հումքային արտադրություն է։

ԵՏՀ փորձագետների գնահատմամբ՝ ԵԱՏՄ երկրների բնական պաշարների ներուժը թույլ կտա օրգանական գյուղատնտեսության ոլորտում իր ազդեցությունն ունենալ միջազգային շուկայում։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter