HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Սպասվում է, որ 2023-ին բյուջեի եկամուտները 12.7%-ով կաճեն

Բյուջե 2023-ը դեռևս հանրային քննարկման փուլում է, թեև դրա շուրջ քննարկումները Կառավարության նիստից մի քանի օր անց շատ արագ մարեցին և «կվերակենդանան» միայն Ազգային ժողովում տեղի ունենալիք նիստերի ժամանակ։ Իսկ մինչ այդ` մինչև հոկտեմբերի 25-ը, բյուջեի նախագիծը կմնա e-draft.am-ում։

Ըստ նախագծի՝ սպասվում է, որ 2023 թվականի պետական բյուջեն ունենալու է 2 տրլն 301 մլրդ դրամի եկամուտ։ Սակայն, ծախսվելու է ավելի շատ՝ 2 տրլն 590 մլրդ դրամ։ Հետևաբար, բյուջեն կունենա մոտ 289 մլրդ դրամի դեֆիցիտ։

Ինչպես ավելի վաղ ներկայացրել ենք, բյուջեի ծախսերի խոշոր ուղղությունները կլինեն սոցիալական պաշտպանությունը, որտեղ էական դեր ունեն կենսաթոշակները, ռազմական պաշտպանությունն ու պետական պարտքի տոկոսավճարները։ Բյուջեից ծախսվող գումարների ամենամեծ աճը կլինի ռազմական պաշտպանության գծով։ Սպասվում է, որ 2023 թվականին պետական բյուջեի ծախսերը, 2022-ի բյուջեով հաստատված ծախսերի համեմատ, կաճեն շուրջ 406 մլրդ դրամով կամ 18.6%-ով։

Կանխատեսվում է, որ կաճեն ոչ միայն ծախսերը, այլև՝ եկամուտներն ու դեֆիցիտը։

Մասնավորապես, եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 2 տրլն 301.3 մլրդ դրամի չափով՝ 2022 թվականի համար սպասվող 2 տրլն 042.5 մլրդ դրամի դիմաց։ Այդպիսով, սպասվում է, որ բյուջեի եկամուտները կաճեն 12.7%-ով։

Բյուջեի եկամուտները մեծ մասամբ գոյանում են քաղաքացիների ու տնտեսվարողների վճարած հարկերից։ Փոքր մասն են կազմում պաշտոնական դրամաշնորհներն ու այլ եկամուտները։

2023-ին բյուջեի նախագծով սպասվում է, որ միայն հարկային եկամուտները կկազմեն մոտ 2 տրլն 204 մլրդ դրամ, այլ եկամուտները՝ 80.5 մլրդ դրամ, իսկ պաշտոնական դրամաշնորհները՝ 17.1 մլրդ դրամ։

Պաշտոնական դրամաշնորհները 2023 թվականի համար ծրագրվել են` հաշվի առնելով առկա պայմանագրերը, դոնորների հետ ձեռք բերված նախնական համաձայնությունները և Եվրամիությունից ակնկալվող դրամաշնորհների դեպքում` սպասումները:

Այլ եկամուտները ներառում են բանկերում և ֆինանսավարկային հաստատություններում պետական բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից և դեպոզիտներից ստացվող տոկոսավճարները, իրավաբանական անձանց կապիտալում կատարված ներդրումներից ստացվող շահաբաժինները, պետական ձեռնարկությունների գույքի օգտագործման վճարները, պետության կողմից տրված վարկերի օգտագործման դիմաց վճարները (տոկոսավճարները), իրավախախտումների համար գործադիր և դատական մարմինների կողմից կիրառվող պատժամիջոցներից ստացվող մուտքերը և այլն։

Վերջին տարիներին բյուջեի եկամուտների աճը ապահովվել է հարկերի աճի հաշվին՝ բացառությամբ 2020 թվականին։ Այդ տարի գրանցված անկումը Կառավարությունը պայմանավորում է կորոնավիրուսի համավարակով ու 44-օրյա պատերազմով։

Ինչպես երևում է ինֆոգրաֆիկայում, 2020-ին հարկային եկամուտների նվազմանը զուգահեռ, աճել են պաշտոնական դրամաշնորհներն ու այլ եկամուտները։ Հաջորդող երկու տարում հարկային եկամուտներն աճել են։ 

Հարկային եկամուտների և պետական տուրքերի գծով 2023 թվականի բյուջետային մուտքերի հաշվարկներում ենթադրվել է, որ հարկերի գծով 2023 թվականի համար հարկային եկամուտներ և պետական տուրքեր /ՀՆԱ ցուցանիշի սպասողական մակարդակը ապահովելու համար բավարար հիմքեր կստեղծեն առկա օրենսդրական նախադրյալները, կիրառվելիք վարչարարական միջոցառումները, ինչպես նաև մակրոտնտեսական զարգացումները: 

2022 թվականի ութ ամիսներին հարկային եկամուտներն աճել են 25.2%-ով

Պաշտոնական տվյալներով՝ 2022 թվականի հունվար-օգոստոսին ՀՀ պետական բյուջե մուտքագրված հարկերն ու տուրքերը կազմել են 1 տրլն 232 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 25.2%-ով:

«Բյուջեի եկամուտներն աճել են բարձր տեմպերով՝ պայմանավորված բարձր տնտեսական աճով և գնաճով, ինչպես նաև հարկային օրենսդրության փոփոխություններով: Ընդ որում, առաջին ութ ամիսներին տնտեսական ակտիվության տեմպերի արագացմանը զուգընթաց, հարկերի հավաքագրման բարձր աճի տեմպերը պահպանվել են ամբողջ ժամանակահատվածի ընթացքում։ Հարկային եկամուտների աճը հիմնականում պայմանավորված է հարկման բազաների (հիմնականում սպառման և ներմուծման, ինչպես նաև շահույթների և աշխատավարձերի) աճի, ինչպես նաև 2021 թվականի հարկային օրենսդրության բարեփոխումներով, մասնավորապես՝ մետաղական հանքանյութերի արտահանման տուրքի ներդրմամբ»,- պարզաբանվում է Ֆինանսների նախարարության հրապարակած ուղերձում:

Բյուջեն նախագծող նախարարությունը սպասում է, որ 2022 թվականի տարեկան արդյունքներով նախապես ծրագրվածի համեմատ հարկային եկամուտների էական գերակատարում կլինի, ինչի արդյունքում սպասվում է բյուջեի պակասուրդի նվազում, ինչպես նաև՝ Կառավարության պարտքի բեռի սպասվածից ավելի արագ նվազում: 

Պետական պարտքը կաճի դեֆիցիտը փակելու համար

Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի դեֆիցիտը ծրագրավորվել է ՀՆԱ-ի 3.1%-ի չափով և կազմում է 288.9 մլրդ դրամ։ Համեմատության համար, սպասվում է, որ 2022-ին տարեկան տվյալներով բյուջեի դեֆիցիտը կկազմի 204.2 մլրդ դրամ։

Դեֆիցիտի ֆինանսավորումը 2023-ին տեղի կունենա ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին աղբյուրների հաշվին։

Ներքին աղբյուրները հիմնականում պետական արժեթղթերի տեղաբաշխումից գոյացող գումարներն են, որոնց «շնորհիվ» տեսանելի տեմպերով աճում է ներքին պետական պարտքը։

Զգալի են նաև արտաքին աղբյուրներից` միջազգային կազմակերպություններից և օտարերկրյա պետություններից ստացվելիք վարկերի հաշվին պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանն ուղղվող միջոցները:

Ինչպես բյուջեի ծախսերի, այնպես էլ եկամուտների հաշվարկներում Կառավարությունը նաև ցուցանիշների կանխատեսվածից շեղման ռիսկերի մասին է նշում բյուջեի ուղերձում։ Դրանք ենք ռուս-ուկրաինական հակամարտությունը և Ռուսաստանի դեմ կիրառված աննախադեպ պատժամիջոցները, որոնք կարող են շղթայաբար փոխանցվել Հայաստան։

Ենթադրություններից շեղումների ռիսկ են նաև ԵԱՏՄ անդամ այլ պետությունների տնտեսական զարգացումները:

Ռիսկային են բարձր գնաճը, փոխարժեքի չկանխատեսված շեղումները։ Փոխարժեքի տատանումները ազդում են, օրինակ, ներմուծումից ՀՀ պետական բյուջե մուտքագրվող հարկային եկամուտների վրա:

Հիշեցնենք, որ բյուջե 2023-ի նախագիծը դեռևս պետք է քննարկվի Ազգային ժողովի հանձնաժողովներում ու նիստերում։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter