HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Բյուջե 2023. որքան է նախատեսվում ծախսել բանակի, թոշակների և այլ ուղղություններով

Բյուջեից ծախսվող գումարների ամենամեծ աճը կլինի ռազմական պաշտպանության գծով։ Խոշոր ուղղություններից են նաև կենսաթոշակներն ու պետական պարտքի տոկոսավճարները։

Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել 2023 թվականի բյուջեի նախագծին։ Այն ներկայացվել է հանրային քննարկման, որից հետո կհանձնվի Ազգային ժողովի դատին։

Ըստ նախագծի՝ սպասվում է, որ 2023 թվականի պետական բյուջեն ունենալու է 2 տրլն 301.3 մլրդ դրամի եկամուտ։ Սակայն, ծախսվելու է ավելի շատ՝ 2 տրլն 590.1 մլրդ դրամ։ Հետևաբար, բյուջեն կունենա մոտ 289 մլրդ դրամի դեֆիցիտ, որը կլրացվի պետական պարտքը ավելացնելու հաշվին. կներգրավվեն նոր վարկեր միջազգային կառույցներից ու պետություններից, ինչպես նաև գումարներ՝ տեղի ռեզիդենտներից:

Բյուջեի նախագիծը մշակած ֆինանսների նախարարությունը կանխատեսում է, որ եկող տարի կաճեն ինչպես բյուջեի եկամուտներն ու ծախսերը, այնպես էլ դեֆիցիտը: Եկամուտներին ու դեֆիցիտին կանդրադառնանք առանձին հոդվածով։ Այս անգամ դիտարկել են ծախսերը։

Սպասվում է, որ 2023 թվականին պետական բյուջեի ծախսերը, 2022-ի բյուջեով հաստատված ծախսերի համեմատ, կաճեն շուրջ 406 մլրդ դրամով կամ 18.6%-ով։  

Կենսաթոշակներ, պաշտպանություն, պետական պարտքի տոկոսներ. բյուջեի խոշոր ուղղությունները

Պետական բյուջեի ծախսերում ամենախոշոր ուղղությունը շարունակում է մնալ սոցիալական ոլորտը։ Նախագծով սպասվում է, որ 2023 թվականին բյուջեի հաշվին սոցիալական պաշտպանության ոլորտում կծախսվի 648.5 մլրդ դրամ։ Դա կազմում է բյուջեի պլանավորված ամբողջ ծախսերի ուղիղ մեկ քառորդը։ Այստեղ խոսքը մեծ մասամբ ծերության կենսաթոշակների մասին է։ Այդ տողի ներքո են նաև սոցիալական նպաստներն ու օժանդակությունները՝ բազմազավակ ընտանիքներին, գործազուրկներին, անաշխատունակներին և այլն։ Ընդհանուր առմամբ, սոցիալական պաշտպանությանն ուղղվող ծախսերը կավելանան 11.5%-ով։

Բյուջեի ծախսերի հաջորդ խոշոր ուղղությունը պաշտպանության ոլորտն է (ռազմական պաշտպանություն)։ Կառավարության անդամներն ու Ազգային ժողովի իշխանական պատգամավորները արդեն հասցրել են իրենց հարցազրույցներում ու գրառումներում «հպարտանալ» պաշտպանությանը հատկացվելիք բյուջեի ցուցանիշներով։ Նախատեսված է հատկացնել 509 մլրդ դրամ կամ բյուջեի ամբողջ ծախսերի մոտ 20%-ը։ Հենց այս գծով է ծախսերի ամենամեծ աճը սպասվում՝ մյուս ոլորտների համեմատ (տես երկրորդ ինֆոգրաֆիկան)։ Սպասվում է, որ այն կավելանա 162 մլրդ դրամով կամ 46.7%-ով։ Գումարները կտնօրինի Պաշտպանության նախարարությունը։

Բյուջեի ուղերձում շեշտվում է, որ այդ գումարները հիմնականում կուղղվեն «ՀՀ պաշտպանության ապահովում» ծրագրին։ Դրանք կծախսվեն ՀՀ զինված ուժերի պահպանման համար, պահանջվող ռազմական, մարտական տեխնիկայի, տրանսպորտային միջոցների, կապի համակարգի սարքավորումների բավարարման, ինչպես նաև՝ զորանոցային և տեխնիկական գույքի, պարենի, հանդերձանքի, վառելիքա-քսուքային նյութերի սահմանված պաշարների մակարդակի, զենքի և զինամթերքի հնարավոր ներհանրապետական գնումների, բանակի մարտունակության և կենսապահովման պահանջների համար։

Եվ երրորդ ամենախոշոր ուղղությունը կլինեն ընդհանուր բնույթի հանրային ծառայությունները՝ 508.2 մլրդ դրամ, աճը՝ 18.2% կամ 78.2 մլրդ դրամ: Այս տողով են գումարներ հատկացվում օրենսդիր և գործադիր մարմիններին, ինչպես մարզպետարաններին, Ազգային ժողովին, նախարարություններին՝ իրենց գործառույթներն ու ծրագրերն իրականացնելու համար։ Սակայն, պետք է շեշտել, որ այստեղ մեծ կշիռ ունի Ֆինանսների նախարարությունը, որը կառավարում է պետական պարտքը։ Ինչպես ավելի վաղ գրել ենք, նախատեսվում է, որ պետական պարտքի տոկոսավճարներին բյուջեից կուղղվի 272.1 մլրդ դրամ։ Այս գումարը ներառված է «ընդհանուր բնույթի հանրային ծառայություններում»։ Միայն պարտքի տոկոսների գծով ծախսերը կաճեն 58 մլրդ դրամով։

Ունեցած կշռով ծախսերի առաջին հնգյակում են նաև տնտեսական հարաբերությունները և կրթությունը։

«Տնտեսական հարաբերություններ» տողով բյուջեից հատկացումներն են արվում գյուղատնտեսության, շինարարության, տրանսպորտի, կապի և տնտեսության այլ ոլորտների։ Գումարները, ըստ ծրագրերի, տնօրինում են Էկոնոմիկայի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունները և այլ գերատեսչություններ։

Ինչ վերաբերում է կրթությանը, ապա նախատեսվում է 212 մլրդ դրամը համամասնորեն ուղղել կրթության առանձին տեսակների՝ նախադպրոցական, տարրական, միջնակարգ, մասնագիտական, բարձրագույն, հետբուհական, ինչպես նաև կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայությունների ֆինանսավորմանը։

Ընդհանուր առմամբ, ոլորտներից մեծամասնության գծով բյուջեից հատկացումների աճ է պլանավորվում, բացառությամբ պահուստային ֆոնդերի և շրջակա միջավայրի պաշտպանության։

Ցուցանիշները առավել մանրամասն ներկայացված ինֆոգրաֆիկայում։ Այստեղ ըստ ոլորտների նշված են պլանավորված ծախսերը, ինչպես նաև դրանց աճը՝ 2022 թվականի բյուջեով հաստատված ցուցանիշների համեմատ։

Կառավարությունը լավատես է տնտեսական աճի հարցում և վերը նշված ցուցանիշները պլանավորում է ապահովել դրա հաշվին։ «Չնայած 2022 թվականին ակնկալվող բարձր տնտեսական աճին 2023 թվականին Կառավարությունը շարունակում է թիրախավորել երկարատև բարձր տնտեսական աճի ապահովումը՝ առնվազն տարեկան 7%, իսկ բարենպաստ արտաքին միջավայրի դեպքում` 9%»,- նշված է բյուջեի ուղերձում:

Սակայն, կան ռիսկեր, որոնք կարող են ազդել տնտեսական աճի և բյուջեի ցուցանիշների վրա։ Դրանցից են, ինչպես նշված է բյուջեի նախագծում, ռուս-ուկրաինական հակամարտությունը և Ռուսաստանի դեմ կիրառված աննախադեպ պատժամիջոցները։ Ռիսկային գործոններից են նաև համաշխարհային շուկաներում գրանցվող գնաճը, նավթի համաշխարհային գների հնարավոր փոփոխությունները, դրամ-դոլար փոխարժեքի տատանումները։ 

Տես նաև՝

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter