
Տնտեսության ութ ամիսը՝ թվերով
2022 թվականի հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ՝ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն (ՏԱՑ) աճել է 13.9%-ով։
Ինչպես ցույց են տալիս Վիճակագրական կոմիտեի տվյալները (ՀՀ ՎԿ), միայն օգոստոսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, ՏԱՑ-ն աճել է 18.5%-ով։
Տարեսկզբին գրանցված երկնիշ աճից հետո տնտեսական ակտիվության աճի տեմպը նվազել է մինչև ապրիլ, որից հետո նոր թափ է հավաքել։
Թե՛ վիճակագրական տվյալները, թե՛ տնտեսագետները փաստում են, որ տնտեսական աճը հիմնականում պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմից հետո ռուսաստանցիների Հայաստան ներհոսքով։ Զուգահեռ Ռուսաստանից ռեկորդային ծավալի տրանսֆերտներ են հոսում Հայաստան։
- Վաչե Գաբրիելյան. «Հայաստանի երկնիշ տնտեսական աճն, իմ կարծիքով, միանշանակորեն կապված է ռուսական գործոնի հետ»
- Ռուսաստանից ռեկորդային ծավալի գումարներ են փոխանցվում Հայաստան
- 2022 թ.-ի առաջին կիսամյակում Հայաստան ժամանած զբոսաշրջիկների 43%-ը Ռուսաստանից է
- Երկրորդ եռամսյակում 13% տնտեսական աճ է գրանցվել, որն ապահովել են հիմնականում առևտուրն ու ծառայությունները
Մինչև հունիս արդյունաբերությունն աճել է թույլ տեմպերով, հունիսից հետո այն արագացել է։ Արդյունաբերության աճին նպաստել է մշակող արդյունաբերությունը, օրինակ՝ սննդի, հիմնային մետաղների, ոսկերչական արտադրատեսակների արտադրությունը։ Բոլոր դեպքերում, արդյունաբերությունը դեռևս փոքր չափով է նպաստում տնտեսական աճին։ Առաջին կիսամյակում գրանցված 13% տնտեսական աճին արդյունաբերությունը նպաստել է միայն 0.58 տոկոսային կետով։ Համեմատության համար՝ առևտրին ու ծառայություններին բաժին է ընկել 11.45 տոկոսային կետը։
Ինչպես նշվեց վերևում, այս տարի տնտեսական աճը պայմանավորված է մեծապես ռուսաստանցիների ներհոսքով։ Հայաստան ժամանած ռուսաստանցիները ակտիվորեն օգտվում են ծառայություններից, բանկային համակարգից, առևտուր անում, որը էապես ազդում է առևտրի և ծառայությունների տնտեսական ցուցանիշների վրա։
Այս տարվա առաջին ութ ամիսներին (հունվար-օգոստոսին), ծառայությունների ոլորտում գրանցվել է 27.1% աճ, առևտրի ոլորտում՝ 13.6%:
Շինարարությունը նոր թափ է ստացել ապրիլից։ Շինարարության աճը հիմնականում պայմանավորված է կազմակերպությունների կողմից շինարարության ծավալների աճով։ Առհասարակ, Հայաստանում շինարարության շարժիչ ուժը անշարժ գույքի ոլորտն է։ Նորակառույց բազմաբնակարան շենքերի շինարարությունը շարունակում է աճել մեծ տեմպով, որին նպաստող եկամտային հարկի վերադարձի ծրագիրը, սակայն, սահմանափակվում է։ Երևանում ծրագրի դադարից հետո շինարարության տեմպերը կարող են թուլանալ։ Ութ ամսում շինարարության աճը կազմել է 14.2%:
Ինչ վերաբերում է գյուղատնտեսությանը, ապա ցուցանիշները հրապարակվում են եռամսյակային պարբերականությամբ։ Երրորդ եռամսյակի ցուցանիշները կհրապարակվեն սեպտեմբերից հետո, սակայն մինչև այդ գրանցված միտումները բացասական են։ Առաջին կիսամյակում՝ հունվար-հունիսին գյուղատնտեսության համախառն արտադրանքը նվազել է 5.5%-ով։
2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը նոր ռազմական ագրեսիա սկսեց Հայաստանի դեմ։ Տնտեսագետները տարբեր կանխատեսումներ ունեն, թե դա ինչպես կազդի տնտեսության վրա։ Բացի այն, որ անորոշությունն է ավելացել, տնտեսության վրա ազդող արտաքին այլ գործոններ են պարբերաբար ի հայտ գալիս։ Դրանցից մեկն այն է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարած զորահավաքից հետո ռուսաստանցիների նոր հոսք է գրանցվում դեպի Հայաստան, և ինչպես եղավ մարտից սկսած, նրանք կարող են լրացուցիչ եկամուտների բերել առևտրի և ծառայությունների ոլորտին ու կրկին նպաստել տնտեսական աճին։ Մյուս կողմից՝ շատ բան կախված կլինի Հայաստանի անվտանգային և քաղաքական հարցերից։
Մեկնաբանել