HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Տնտեսագետ. «Պատերազմի հետևանքով անորոշությունն ավելացել է․ առաջինը տուժում են առևտուրն ու ծառայությունները»

«Հետք»-ը զրուցել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ, տնտեսագետ Հայկ Մնացականյանի հետ: 

- Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը նոր պատերազմ սանձազերծեց Հայաստանի նկատմամբ։ Տնտեսության տարբեր ոլորտներ, սովորաբար, բավական արագ են արձագանքում այս դեպքերում։ Լինում են նաև երկարաժամկետ ազդեցություններ։ Այս պատերազմը ինչպե՞ս կազդի Հայաստանի տնտեսության վրա։  

- Ցանկացած պատերազմ բացասական կերպով է ազդում տնտեսության վրա։ Երկարաժամկետ հատվածում եթե իրավիճակն ավելի խորանա, կտուժեն արտահանելի հատվածները, որոնք տնտեսության զարգացման համար կարևորագույն գործոն են հանդիսանում։ Իսկ կարճաժամկետում՝ առաջին հերթին առևտուրն ու ծառայությունները։ Քանի որ անորոշությունն ավելանում է, մարդիկ սկսում են սև օրվա կամ պարզապես հետագայի համար գումարներ խնայել, այսօր քիչ առևտուր անել, քիչ օգտվել ծառայություններից, որ անհրաժեշտության դեպքում հետագայում օգտագործեն այդ գումարները։ Իսկ առևտրի ու ծառայությունների ոլորտում հիմնականում փոքր ու միջին բիզնեսն է, որն էլ տուժում է այս իրավիճակում։ 

- Պաշտոնական տվյալներով՝ 2022 թվականի հունվար-հուլիսին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 13.1%-ով, սակայն ամենայն հավանականությամբ, այս տեմպը չի պահպանվի եկող ամիսներին։ Երբ այս տարվա Հայաստանի տնտեսական աճի կառուցվածքն ենք ուսումնասիրում, տեսնում ենք, որ աճը հիմնականում ապահովել են ծառայություններն ու առևտուրը։ Ենթադրվում է, որ այստեղ էական դեր են ունեցել ռուսաստանցիներն ու տրանսֆերտները, որոնց մի մասի հասցեատերը կրկին նրանք էին։ Ի՞նչ է սպասվում այս ոլորտներում։

- Այս տարի տնտեսական աճի վրա երկու հիմնական գործոններ են ազդել։ Երկուսն էլ արտաքին գործոններ են։ Առաջինը ամբողջ աշխարհում գրանցված բարձր գնաճն է, որը թեև ՀՆԱ-ի աճի վրա դրական է ազդում, սակայն բացասաբար է անդրադառնում մարդկանց կենսամակարդակի վրա։ Այսինքն՝ կարող ենք ունենալ տնտեսական աճ, բայց մյուս կողմից էլ՝ մարդկանց կենսամակարդակի վատացում, աղքատության խորացում։ Երկրորդ գործոնը պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմով, որի հետևանքով տեղի ունեցավ ռուսական կապիտալի արտահոսք դեպի Հայաստան։ Կապիտալը գնում է այնտեղ, որտեղ որոշակիություն կա։ Մինչև այս դեպքերը Հայաստանում որոշակի հանդարտություն կար, և ռուսաստանցիները ,Հայաստան գալով, նաև իրենց կապիտալի մի մասը տեղափոխեցին այստեղ։ Բանկերում ավանդների աճ գրանցվեց, բայց այդ գումարները որպես ցպահանջ ավանդներ են դրվել (ցպահանջ ավանդների պարագայում հաճախորդն իրավունք ունի առաջին իսկ պահանջով հետ վերցնել գումարները բանկից, խմբ.)։ Ակնհայտ է, որ առաջին իսկ խնդրի դեպքում այդ գումարները կարող են դուրս գալ նաև Հայաստանից։ 

Տնտեսական աճի մյուս գործոնն էլ շինարարության աճն է, որը նպաստել է տնտեսական աճին։ Բայց, ցավոք սրտի, շինարարությունը արտահանելի ոլորտ չէ, և դրա աճը չի կարող երկարաժամկետ դրական ազդեցություն ունենալ տնտեսության զարգացման հարցում։ 

- Սեպտեմբերի 13-ին, երբ Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ ԱԺ ամբիոնից։ Նա հայտարարեց, որ ի թիվ այլ պատճառների՝ Ադրբեջանի սադրանքը նպատակ ունի նաև Հայաստանի տնտեսական դինամիկան կոտրելու։ Ըստ Ձեզ՝ Հայաստանի տնտեսական զարգացումները թշնամու համար կարո՞ղ էին հիմք դառնալ հարձակման։ 

- Եթե պատճառը դա է, ապա ցանկացած երկիր կարող է հարձակվել մեկ այլ երկրի վրա, որտեղ ենթադրաբար գոյություն ունի տնտեսական աճ։ Ես կարծում եմ, որ պատճառներն ավելի խորն են և ոչ տնտեսական, այլ՝ աշխարհաքաղաքական։ Չեմ կարծում՝ այդ մի քանի ամսվա աճը այդպիսի մեծ պատճառ կարող էր հանդիսանալ ռազմական գործողությունների մեկնարկի համար։ 

- Վերադառնալով տրանսֆերտներին՝ այս տարի տրանսֆերտների աննախադեպ ներհոսք է գրանցվում Ռուսաստանից։ Դա նաև տնտեսական աճի հիմնական ապահովող գործոններից է։ Այս վերջին դեպքերը ինչպե՞ս կազդեն տրանսֆերտների վրա։

 - Տրանսֆերտների աճն այս անգամ ոչ թե պայմանավորված էր արտագնա աշխատանքի մեկնողների գործոնով, այլ դա կապիտալի արտահոսք էր Ռուսաստանից։ Այդ ժամանակահատվածում նաև զբոսաշրջության աճ տեղի ունեցավ, որն էլ աշխուժացրեց ծառայություններն ու առևտուրը։ Բայց արդյոք մենք մեր տնտեսությունը պե՞տք է կառուցենք միայն զբոսաշրջության և առևտրի վրա։ Ակնհայտ է, որ նման մոտեցման դեպքում ուղղակի սեզոնային որոշակի աճ ենք ունենալու միայն։ Տրանսֆերտների աճը ոչ միայն  դրական, այլ՝ բացասական ենթատեքստ ունի։ Դա տնտեսության համար դառնում է «թմրանյութ» և անհրաժեշտության դեպքում միշտ ելքեր փնտրելու փոխարեն կառավարությունը հույսը դնում է տրանսֆերտների վրա՝ տնտեսության ճյուղերը զարգացնելու փոխարեն։ Պետք է զարգանալ ոչ թե տրանսֆերտների հաշվին, այլ՝ աշխատելու ու մասնագիտական գործունեության։ Եթե անվտանգության ապահովման խնդիրները չլուծվեն, ռուսական կապիտալը՝ այն գումարները, որոնք ռուսաստանցիները տեղափոխել են Հայաստան, կարող է դուրս գալ նաև Հայաստանից։ Դրա հետևանքով տրանսֆերտների ներհոսքը կկրճատվի։ 

- Տրանսֆերտների ավելացմամբ՝ ավելացավ նաև արտարժույթի քանակը Հայաստանում, և դա այն մի քանի գործոններից մեկն էր, որը թույլ տվեց, որ վերջին 5-6 ամիսներին դրամը դոլարի նկատմամբ արժևորվի։ Սակայն սեպտեմբերի 13-ից հետո դոլարը որոշակի թանկացավ։ Այսօրվա փոխարժեքը որքանո՞վ է նպաստավոր Հայաստանի տնտեսության համար, Կենտրոնական բանկն այստեղ անելիք ունի՞։

-Կենտրոնական բանկի դերը ոչ թե փոխրաժեքը կարգավորելն է, այլ՝ գնաճը։ ԿԲ-ն իր վրա դրած խնդիրը կատարում է՝ անընդհատ բարձրացնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ փորձելով զսպել գնաճը։ 

Արձանագրենք, որ կայուն դրամը օգնում է պետական պարտքի սպասարկման, մարդկանց եկամուտները ճիշտ օգտագործելու հարցում, բայց դրամի արժևորումը որևիցե ձևով չի ազդում տնտեսության աճի վրա, այլ ընդհակառակը՝ այն հանգեցնում է արտահանման նվազմանը։ Իսկ տնտեսության զարգացման համար արտադրությունն ու արտահանումը անփոխարինելի գործոններ են։ 

- Այս իրավիճակում ներդրումների ոլորտում ի՞նչ ռիսկեր են ի հայտ գալիս։

- Ներդրումները գնում են այնտեղ, որտեղ կա երկու գործոն՝ շահութաբերություն և անվտանգություն։ Եթե չապահովենք անվտանգությունը, բնականաբար չի լինի նաև շահութաբերություն։ Իրավիճակը խնդրահարույց կլինի նախ ներդրումների ներգրավման, հետո՝ եղած ներդրումները ընդլայնելու առումով։ Համար 1 խնդիրը անվտանգության ապահովումն է, դրանից են բխում մյուս գործոնները։ Հնարավոր չէ շահութաբերության որոշակի մակարդակ ապահովել, եթե չկա անվտանգություն։ Հակառակ պարագայում՝ եթե երկար տևի այս վիճակը, մենք կունենանք ներդրումների էական արտահոսք։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter