HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Sabah. Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը նախատեսվում է անցկացնել Թուրքիայում

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հաջորդ հանդիպումը նախատեսվում է անցկացնել Թուրքիայում։ Այդ մասին գրում է թուրքական Sabah օրաթերթը՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին։ Թուրքական կողմի պնդմամբ՝ երկու երկրների միջև ընթացող բանակցությունների գործընթացը դրական է ընթանում։ 

Sabah-ի փոխանցմամբ՝ Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը մեկտեղում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ և նախատեսվում է, որ այդ երկու գործընթացները տեղի կունենան միասնաբար։ «Այս պահին երբ կարգավորման գործընթացը շարունակվում է ընթանալ դրական ուղղությամբ, հայ-թուրքական սահմանների բացման հարցում մատնացույց է արվում Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղության պայմանագրի կնքումը»,- ասվում է հոդվածում։

Sabah-ի աղբյուրները նշում են, որ հատուկ ներկայացուցիչներ Սերդար Քըլըչի և Ռուբեն Ռուբինյանի վերջին հանդիպման ժամանակ ընդունած որոշումներն ամբողջականացնելու նպատակով, որը կայացել էր այս տարվա հուլիսի 1-ին, մոտ ապագայում ձևավորվելու է մասնագիտական հանձնաժողով։ Բացի այդ, նախատեսվում է, որ նրանց հաջորդ հանդիպումը կկայանա Թուրքիայի տարածքում։ Թե որ քաղաքում, թուրքական պարբերականը չի մանրամասնում։

Sabah-ը նշում է, որ 1993 թվականին, երբ փակվեց հայ-թուրքական սահմանը, այն հատել էր 140 հազար մարդ և 40 հազար տոննա ապրանք։ «Եթե այսօր սահմանը բացվի, ապա այս թվերը կմեծանան առնվազն 10 անգամ»,- գրում է Sabah-ի լրագրող Բեթյուլ Ուսթան։ Վերջինիս պնդմամբ՝ թուրքական Աքյաքա անցակետը կարելի է մեկ ամսում բերել աշխատանքային վիճակի։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչների վերջին հանդիպումը կայացել էր Վիեննայում։ Դրա արդյունքում կողմերը պայմանավորվել էին բացել հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար։ «Պայմանավորվել են նաև հնարավոր ամենասեղմ ժամկետներում մեկնարկել Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները»,- նշվում էր ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։

Հայաստանն ու Թուրքիան դեռ նախորդ տարի էին նշանակել հարաբերությունների կարգավորման հատուկ բանագնացներ։ Հայկական կողմը ներկայացնում է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, իսկ թուրքականը՝ ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։ Մինչ այժմ այս ձևաչափով 4 հանդիպում է եղել, որից մեկը Մոսկվայում, իսկ մյուս երեքը՝ Վիեննայում։

Ավելի վաղ, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն այն կարծիքն էր հայտնել, որ երկրի ներսում Հայաստանի կառավարության վրա ճնշումները գլխավոր խոչընդոտն են Անկարայի և Երևանի հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Նրա խոսքով՝ պաշտոնական Անկարան կողմ է Երևանի հետ հարաբերությունների կարգավորմանը և պատրաստ է աստիճանաբար առաջ տանել այդ գործընթացը։

Չնայած ընդհանուր սահմանին՝ Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ։ 1993 թվականից Թուրքիան փակել է Հայաստանի հետ սահմանը։ 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրի արտաքին գործերի նախարարները ստորագրել էին «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները, սակայն այդ փաստաթղթերը չէին վավերացվել երկու կողմի խորհրդարանների կողմից։ 2018 թվականի մարտի 1-ին Հայաստանը հայտարարել էր հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգի դադարեցման մասին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter