HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Հիբրիդային կառավարում Լոռու մարզի Գուգարք, Դարպաս և Շահումյան գյուղերում

Լոռու մարզի Գուգարք, Դարպաս և Շահումյան գյուղերը մեկ տարի առաջ միավորվեցին Վանաձոր համայնքի հետ՝  2021թ սեպտեմբերի 9-ին «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում Ազգային Ժողովի կատարած փոփոխության հիման վրա։ Սակայն, համայնքների փաստացի միավորումը տեղի չունեցավ։ 2021թ դեկտեմբերի 5-ին Վանաձոր համայնքում ավագանու համամասնական ընտրակարգով ընտրություններ տեղի ունեցան, բայց նորընտիր ավագանուն չհաջողվեց տեղական իշխանություն ձևավորել։ Այդպիսով՝ Վանաձոր միավորված համայնքը որպես վարչական միավոր փաստացի չկայացավ։ 

2022թ մայիսի 13-ին Հայաստանի վարչապետը Վանաձոր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեց համայնքի ղեկավարի նախկին տեղակալ Արկադի Փելեշյանին: Այս նշանակումը, թերևս, որոշակի տեխնիկական հարցեր կարգավորեց Վանաձոր համայնքում, բայց ոչ Գուգարք, Դարպաս և Շահումյան համայնքներում։ Համայնքի ղեկավար և ավագանի չունեցող այս գյուղերը հայտնվեցին փակուղում՝ բյուջե չունեն, ծախսեր չեն կարող կատարել, եկամուտներ չեն կարող  հավաքագրել։ 

«Գուգարքի համայնքապետարանի գործունեությունը չխափանելու համար Ֆինանսների և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարարությունները ժամանակավոր լուծումներ առաջարկեցին։ Համայնքապետարանի ֆինանսական հաշիվները չփակեցին, և գումարների փոխանցումներն ու հավաքագրումները  շարունակվում են Գուգարք համայնքի հաշվեհամարին արվել»,- հայտնեց Գուգարքի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հայկանուշ Սարգսյանը։ 

Հ Սարգսյանն ասում է, որ հաշվեհամարները գործում էին, բայց դրանից հետո էլ ծախսեր չէին կարողանում կատարել, որովհետև համայնքի ղեկավար չունեն, որը կհաստատեր ֆինանսական գործարքները։ «ՏԿԵ նախարարությունը մեզ հետևյալ մեխանիզմն առաջարկեց փոխանցումները մենք կատարում ենք՝ դրանք հաստատում է Վանաձոր համայնքի պաշտոնակատարը։ Սկսեցինք այդպես աշխատավարձ ստանալ, և վճարումներ կատարել։ Բնակիչները նույնպես հարկերը Գուգարք համայնքի հաշվեհամարին են փոխանցում»,- ասում է Գուգարքի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

Նույն սկզբունքով են գործում Դարպաս և Շահումյան գյուղերը։ Գուգարք և Շահումյան գյուղերում աշխատակազմերի համակարգման պարտականությունները փոխանցվել են աշխատակազմի քարտուղարին, Դարպասում՝ հաշվապահին: 

Դարպասի համայնքապետարանի հաշվապահ Անահիտ Վարդանյանը  նույնպես հաստատեց, որ համայնքապետարանի ֆինանսական հաշիվները գործում են։ Նախորդ տարվա պարտավորությունների սահմանում որոշ աշխատանքներ են իրականացնում, բնակիչները հարկերը վճարում են այդ հաշվեհամարներին։ «Տուրքեր չենք հավաքագրում, տուրքերի մասով թույլտվություններ տալու իրավասություն չունենք, քանի դեռ Վանաձոր համայնքը չի ձևավորվել։ Եթե անցյալից պարտքեր կան՝ դրանք են վճարում բնակիչները,- հայտնեց Ա Վարդանյանը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ Գուգարք, Շահումյան և Դարպաս գյուղերի համայնքապետարանների աշխատակազմերը գործում են, չեն լուծարվել։ Գործում են, որովհետև «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածի համաձայն՝ «համայնքի ղեկավարի պաշտոնակատարի պաշտոնավարման ընթացքում չեն կարող կատարվել աշխատակազմի և համայնքային ենթակայության կազմակերպությունների կառուցվածքային և հաստիքացուցակի փոփոխություններ»: Կառավարությունը Վանաձորի դեպքում չկրկնեց Վեդի համայնքում կատարված ապօրինությունը, երբ համայնքի ղեկավարի պաշտոնակատարը վարչական ղեկավարներ նշանակեց Վեդիի հետ միավորված բնակավայրերում։ 

Այդուհանդերձ, հաշվեհամարները չփակելով դեռևս չի կարելի ֆորսմաժորը հաղթահարված համարել այդ գյուղերի կառավարման մասով։ Իրավական առումով նոր կազուս է ստեղծվել․Գուգարք, Դարպաս և Շահումյան համայնքներ գոյություն չունեն, ինչպես Վանաձոր միավորված համայնք գոյություն չունի։ Բայց, աբսուրդն այն է, որ գոյություն չունեցող մի համայնքի ֆինանսական ծախսերը վավերացնում է այդ համայնքի նկատմամբ իրավասություններ չունեցող, մեկ այլ համայնքում պաշտոնակատար նշանակված անձը։ 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին հարցրել ենք, թե կառավարման ի՞նչ մոդել է գործում Գուգարք, Դարպաս և Շահումյան գյուղերում։ «Բոլոր համայնքներում իրականացվում է տեղական ինքնակառավարում, որը տարածվում է նաև Գուգարք, Շահումյան և Դարպաս գյուղերի վրա»,- մեր հարցմանը պատասխանել է նախարարության գլխավոր քարտուղար Արթուր Երիցյանը։

Նախարարության գլխավոր քարտուղարը պետք է տեղեկացված լիներ, որ տեղական ինքնակառավարում իրականացնողները համայնքի ընտրված ավագանին և համայնքի ղեկավարն են։ Նշված երեք գյուղերը մոտ մեկ տարի է ավագանի և համայնքի ղեկավար չունեն, հիբրիդային կառավարման այս ձևը իրավական որևէ կարգավորում չունի, ինչպե՞ս կարող է այն տեղական ինքնակառավարում համարվել։

Գուգարքը Վանաձորի հետ միավորված երեք գյուղերից ամենամեծն է՝ 6000 բնակիչ ունի։ Ի՞նչ գործունեություն եք կարողանում իրականացնել բնակավայրում մեր հարցին, Գուգարքի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հայկանուշ Սարգսյանը հայտնեց «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության օգնությամբ և համատեղ ցանկությամբ փորձել ենք միջին լուծումներ գտնել։ Համայնքի ղեկավարի պաշտոնակատարի ստորագրությամբ որոշ պայմանագրեր ենք կնքել, օրինակ, աղբահանություն իրականացնելու վերաբերյալ։ «Հիմա համայնքը գոյատևում է, բայց առաջընթաց չենք կարողանում ապահովել։ Հողի վարձակալություն, վաճառք չենք կարողանում իրականացնել, որը եկամուտ կապահովի գյուղի համար, սուբվենցիոն ծրագրեր չենք իրականացնում»,- հայտնեց Հ Սարգսյանը։  

«Մեր դժվարությունն այն է, որ կապիտալ ծրագրեր չենք կարողանում իրականացնել՝ փողոցների լուսավորում, ասֆալտապատում և այլն, որովհետև հաստատված բյուջե չունենք»,- հավելեց Դարպաս համայնքի հաշվապահ Անահիտ Վարդանյանը։ 

Երեք գյուղերում կառավարումն իրականացնում են Վանաձոր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արկադի Փելեշյանի որոշումներով ու կարգադրություններով։ Ժամանակավոր պաշտոնակատարը ամռանը հաստատել է Գուգարք, Դարպաս և Շահումյան բնակավայրերի գնումների պլանը, իսկ բնակիչների դիմումների մասով միայն բնակելի տներին հասցեներ տրամադրելու որոշումներ է կայացնում։ Եվս մեկ որոշում է կայացրել Գուգարքում հողամասը վարձակալության տրամադրելու մասին, որի մրցույթն իրականացվել էր 2021թ-ին։  

Վանաձոր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը Գուգարք, Դարպաս և Շահումյան գյուղերում ծխախոտի, ոգմելից խմիչքների վաճառքի, հեղուկ գազի կամ բենզալցակայանի և այլն, գործելու թույլտվություններ  չի տրամադրում։ Հետևաբար, այդ գյուղերում տեղական տուրքեր չեն գանձվում։ «Ավագանին տուրքերի և վճարների դրույքաչափեր պետք է սահմաներ դրանց համար, որպեսզի կարողանայինք գանձում կատարել։ Մարդկանց չենք կարող պարտավորեցնել տուրքեր վճարել»,- ասաց Հայկանուշ Սարգսյանը։

Բյուջեի հավաքագրումից և ծախսումներից զատ, համայնքապետարանը բազմաթիվ այլ պարտավորություններ ունի բնակիչների նկատմամբ։ Նշված գյուղերը չունեն գործող հանձնաժողովներ, օրինակ, խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով։ Վանաձորի նույնանուն հանձնաժողովը ձևավորվել է 2020թ․-ին՝ Վանաձորի բնակիչների համար եզրակացություններ տրամադրելու լիազորությամբ, երբ այն միավորված համայնք չէր։ Այս հանձնաժողովը չի կարող որոշումներ կայացնել Գուգարք, Դարպաս և Շահումյան գյուղերի բնակիչների համար։ Հայտնի չէ, թե ինչքան կարող է տևել կառավարման այս ճգնաժամը, բայց այդ ընթացքում Գուգարքի 6000 բնակիչները, հնարավոր է, հանձնաժողովի կարիքն ունենան։  «Բարեբախտաբար, մենք այս տարի այդպիսի հարց չենք ունեցել»,- վստահեցնում է Հայկանուշ Սարգսյանը։

Դարպասի համայնքապետարանի հաշվապահ Անահիտ Վարդանյանը  խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի գործունեության հետ կապված հարցին նույնը պատասխանեց․ «Այս տարի այդպիսի հարցեր չեն ծագել։ Կարող է Վանաձորի համայնքապետարան են դիմում, եթե հարցեր են լինում, մեզ չեն դիմում»։

Շահումյանի համայնքապետարանի հեռախոսները չեն պատասխանում և աշխատակազմի ղեկավարի հետ չհաջողվեց զրուցել։

Այսպիսով՝ տեղական իշխանություն չձևավորվելու հետևանքով Վանաձորը և նրա հետ օրենսդրորեն միավորված երեք բնակավայրերը ֆինանսական, կազմակերպչական, ծառայությունների մատուցման և այլ վնասներ են կրում։ Հայտնի չէ, թե դեռ ինչքան է շարունակվելու այս վիճակը։

Ընթերցողներին հիշեցնենք, որ Վանաձոր համայնքում կառավարման ճգնաժամն ստեղծվեց այն բանից հետո, երբ Վանաձորի ընտրություններում պարտված «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը 2022թ դեկտեմբերի 15-ին հայցադիմում ներկայացրեց վարչական դատարան՝ ընդդեմ թիվ 23 տարածքային ընտրական հանձնաժողովի։ Վարչական դատարանն արգելեց ավագանու նիստեր հրավիրելը։ 2021թ.-ի դեկտեմբերի 21-ին դատարանը մերժեց հայցը և հայտարարեց, որ որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ 

Չնայած դրան՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը վճիռը բողոքարկեց վերաքննիչ դատարան, բողոքի ընդունումը դատարանը մերժեց: Վերաքննիչի մերժումը Էդմոն Մարուքյանը բողոքարկել է Վճռաբեկ դատարան: 07.02.2022թ.-ին այս գործով զեկուցող դատավոր էր նշանակվել Ռուզաննա Հակոբյանը, սակայն նա և մեկ այլ դատավոր՝ Հովսեփ Բեդևյանը, բողոքը վարույթ ընդունելուն դեմ էին քվեարկել։ Այնուհետև, զեկուցող դատավոր նշանակվեց Արսեն Մկրտչյանը և մինչ օրս որոշում չի ընդունվել բողոքի վերաբերյալ։

Եվրոպայի խոհրդի տեղական ինքնակառավարման հարցերով փորձագետ Վահագն Պետրոսյանի կարծիքով՝ նման խնդրահարույց իրավակիրառ պրակտիկան բացառելու կամ գոնե նվազեցնելու նպատակով առաջիկայում մշակվելիք նոր ՏԻՄ օրենքի նախագծում պետք է նախատեսել անցումային դրույթներ։ «Այդ բաժնում պետք է  ամրագրվեն որոշակի իրավակարգավորումներ, որոնք նպատակ կունենան բացառելու կամ նվազեցնելու այսօրինակ դեպքերը և դրանցով պայմանավորված ռիսկերը։ Պետք է ստեղծել իրավական գործիքակազմեր, որպեսզի համայնքների միավորման կամ ընտրությունների արդյունքներով պայմանավորված տեղական ինքնակառավարումը որևէ կերպ չընդհատվի և համայնքների կազմում ընդգրկված բնակավայրերը չտուժեն»,- հայտնեց փորձագետը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter