HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Դատարանում վիճարկվում է Հատիսի հողերը «Ծառուկյան» հիմնադրամին օտարելու որոշումը 

Վարչական դատարանում մուտք է եղել Հատիս լեռան գագաթի և լանջերի հողերի օտարման որոշումը վիճարկող դատական հայց։ Հատիսի գագաթի հողերի մեծ մասը և լանջերից որոշ հողատարածքներ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին էին օտարվել այս տարի, որի մասին «Հետքը» գրել էր։

Լեռան գագաթի օտարման պատմությունն ի հայտ գալուց հետո «Հատիս» անունով քաղաքացիական նախաձեռնություն ձևավորվեց, որը պայքարում է լեռան ներկայիս տեսքը պահպանելու համար։ Լեռան գագաթին նախկին պատգամավոր Գագիկ Ծառուկյանը  ցանկանում է Հիսուս Քրիստոսի արձանը կառուցել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նախնական դրական է գնահատել գործարարի գաղափարը։

Հողերի օտարման որոշումը վիճարկող հայցը վարչական դատարան մուտք է արել «Կանաչ Հայաստան բնապահպանական, կրթական» ՀԿ-ն։ Դատական տեղեկատվական համակարգում առկա տվյալների համաձայն՝ հայցվորը պահանջում է առոչինչ ճանաչել Ակունք խոշորացված համայնքի ավագնու 2022 թ.-ի ապրիլի 29-ի թիվ 40 որոշման այն մասը, որը վերաբերում է «Ծառուկյան» հիմնադրամին օտարված հողերին։ Նշված որոշմամբ աճուրդի էին դրվել մի շարք հողատարածքներ, որոնց մեջ ներառված էր նաև հիմնադրամին օտարված հողատարածքները։ Հայցը մակագրվել է դատավոր Դանիել Դանիելյանին։

«Հատիս» նախաձեռնության անդամ Գարեգին Միսկարյանից տեղեկացանք, որ նմանատիպ հայցերով վիճարկելու են նաև Հատիս լեռան վրա այլ սուբյեկտներին հողեր օտարելու որոշումները։

«Հետքը» նախորդ շաբաթ ներկայացրեց լեռան մյուս խոշոր սեփականատիրոջ պատմությունը։ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամից բացի, լեռան վրա հսկայական հողեր տարիներ առաջ և այս տարի դարձել են գործարար Նորիկ Պետրոսյանի մերձավորների սեփականությունը։

Լուսանկարը՝ Աշոտ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter