HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Հատիսի խոշոր հողատերը․ լեռան վրա 155 հա հող է օտարվել Նորիկ Պետրոսյանի մերձավորներին

Հատիս լեռան վրա հանդիպեցինք մի հովվի, որը կովերին էր բերել արածելու:

«Տեղյա՞կ եք Հատիսի հողերի պատմությունից»,- հարցրինք նրան։

-Ի՞նչ պատմություն։

-Որ լեռան վրայի հողերը վաճառվել են, էլ արածեցնելու տեղ չի մնալու։

-Ես արդեն իմ գլխի ճարը տեսել եմ, կովերը տանելու եմ Լեննական(Գյումրի):

Ահա առաջին փոփոխություններից մեկը, որ տեղի է ունենում Հատիս լեռան գագաթին Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրման եւ լեռան շուրջ կառուցապատման ծրագրին զուգահեռ։ Հատիսի հողերը վաճառվել և վաճառվում են։ Գործարարները նոր ծրագրեր են կազմում լեռն ակտիվ կառուցապատման գոտու վերածելուց առաջ։ Բայց կա մի գործարար, որը բոլորից շուտ է Հատիսի վրա հողեր ձեռք բերել։

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամից բացի, Հատիս լեռան վրա խոշոր հողակտորներ են ձեռք բերել ռուսաստանաբնակ գործարար Նորիկ Պետրոսյանի դուստրը և եղբայրը։ «Հետք»-ը պարզել է, որ նրանք Հատիս լեռան լանջերին սեփականության իրավունքով 155 հա հողատարածք ունեն։ Հողակտորների փոքր մասը Պետրոսյաններին օտարվել է 2022 թվականին, իսկ հիմնական մասը՝ 2007-2008 թվականներին։

Հայաստանում Հիսուս Քրիստոսի 33 մետր բարձրությամբ արձանի կառուցման գաղափարի մասին Գագիկ Ծառուկյանի հայտարարությունից, դրա վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դրական կարծիքից հետո հայտնի դարձավ, որ արձանը ցանկանում են կառուցել Հատիս լեռան գագաթին։ «Հետքն» արդեն գրել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին Հատիսի գագաթին և լանջերին գտնվող հողակտորների վաճառքի մասին։ 

2022 թ.-ին Ակունք համայնքի ավագանու և համայնքի ղեկավար Հունան Ռուբենյանի որոշումներով ռուսաստանաբնակ գործարար Նորիկ Պետրոսյանի դստերը՝ Արմինե Պետրոսյանին է օտարվել 2 տարբեր հողակտոր, որոնց ընդհանուր մակերեսը 7 հա է:

2022 թ.-ի հունիսին, Ակունք համայնքի ղեկավարի որոշմամբ, աճուրդային կարգով Արմինե Պետրոսյանին է օտարվել 6 հեկտար հողակտոր, որի համար համայնքի բյուջե է վճարվել 2 միլիոն 50 հազար դրամ։ Օտարված հողակտորը գյուղատնտեսական է (արոտավայր կատեգորիայի) և գտնվում է Հատիս լեռան գագաթից 1.5 կմ ներքև (արևմուտք)՝ գոյություն ունեցող լճակի ստորին մասում։

Այս տարվա օգոստոսին Ակունք համայնքի ղեկավարը 1 հա մակերեսով հողակտոր է օտարել Արմինե Պետրոսյանին։ Այս հողակտորի դիմաց Պետրոսյանը համայնքի բյուջե է վճարել 395 հազար դրամ։ Հողակտորը նախորդի նման գյուղատնտեսական է և ունի «արոտավայր» նպատակային նշանակությունը։ Նշված հողակտորը գտնվում է Հատիսի գագաթից հարավ-արևմուտք՝ Ակունք համայնքի տարածքում գտնվող «Պողոս Պետրոս» եկեղեցուց ոչ հեռու (ուղիղ գծով՝ մոտ 700 մետր)։ Ի դեպ, Արմինե Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող այս հողակտորի հարևանությամբ է գտնվում «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամին օտարված 7 հա հողատարածքը։

«Հատիսի լանջերը և գագաթի օտարումը սկսվել է 2007 թ.-ից»

Թեև լայն հանրությունն ամիսներ առաջ իմացավ, որ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը դարձել է Հատիսի գագաթի հողատարածքների սեփականատեր, բայց Հատիսի գագաթին առաջին հողատարածքը ձեռք է բերել Նորիկ Պետրոսյանը եւ այն  հետագայում նվիրել «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամին։ Նորիկ Պետրոսյանի կողմից 46 հա հողատարածք Գագիկ Ծառուկյանին նվեր տալու մասին ամիսներ առաջ «Հետք»-ին հայտնել էր Ակունք համայնքի ղեկավար Հունան Ռուբենյանը։

Բացի գագաթի 46 հեկտար հողակտորից, որը հետագայում նվեր է տրվել «Ծառուկյան» հիմնադրամին, 2007 և 2008 թվականներին Հատիս լեռան վրա գտնվող ընդհանուր 148 հեկտար հող է օտարվել։

Այսպես, 2007 թ.-ին Ակունք համայնքի ավագանու, այնուհետև համայնքի ղեկավար Հունան Ռուբենյանի որոշումներով գործարար Նորիկ Պետրոսյանի դստերը՝ Արմինե Պետրոսյանին է օտարվել ընդանուր 60 հեկտար հողակտոր։ Հողակտորները բաղկացած են 3 հավասարաչափ առանձին հողակտորից (յուրաքանչյուրը՝ 20 հա)։ Գյուղատնտեսական նշանակության հողատարածքներից յուրաքանչյուրի համար Արմինե Պետրոսյանը Ակունք համայնքի բյուջե է վճարել 3 միլիոն 950 հազար դրամ։ Ընդհանուր՝ 11 միլիոն 850 հազար դրամ։ Այս հողակտորները գտնվում են «Պողոս Պետրոս» եկեղեցու արևելյան մասում։

Նույն տարում Հատիս լեռան գագաթ տանող հին գրունտային ճանապարհի հարևանությամբ 20 և 8.3 հա տարածք է օտարվել Նորիկ Պետրոսյանի դստերն ու եղբորը՝ Արմինե և Վաղարշակ Պետրոսյաններին։ 8.3 հեկտար հողատարածքի համար Վաղարշակ Պետրոսյանը Ակունք համայնքի բյուջե է վճարել 1 միլիոն 639 հազար դրամ, իսկ Արմինե Պետրոսյանը 20 հա-ի համար վճարել է 3 միլիոն 950 հազար դրամ։

2008 թ.-ին վերոնշյալ 20 և 8.3 հա հողատարածքների անմիջապես կողքին՝ դեպի գագաթ ուղղությամբ 59.8 հեկտար հողատարածք է օտարվել Արմինե Պետրոսյանին։ Այս դեպքում նույնպես երեք առանձին հողակտոր է վաճառվել. երկուսը՝ 20 հա, մեկը՝ 19.8 հա։ Այս հողակտորների դիմաց համայնքին վճարվել է 11 միլիոն 850 հազար դրամ։

Գործարար Նորիկ Պետրոսյանի՝ 2007-2008 թվականների բիզնես ծրագրերի մասին «Հետքը» տեղեկացրել էր. Պետրոսյանը ցանկացել է Հատիսի գագաթից դեպի ստորոտ ձգվող ճոպանուղի կառուցել։ Հետագայում ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հատիսի վրայի ձյունը շուտ է հալվում, և նպատակահարմար չի ճոպանուղային և լեռնադահուկային տուրիզմի համար ներդրում կատարել։ Նորիկ Պետրոսյանից կամ նրա դուստր Արմինե Պետրոսյանից փորձեցինք մեկնաբանություն ստանալ։ Մինչ հոդվածի հրապարակումը Պետրոսյաններից արձագանք չստացանք։

Ռուսաստանաբնակ գործարար Նորիկ Պետրոսյանը Թեղուտի հանքավայրի բաժնետերերից է։ Կիպրոսում գրանցված նրա ընկերությունը բաժնեմաս ունի «Թեղուտ» ՓԲԸ-ում։ Նորիկ Պետրոսյանի օֆշորային ընկերությունների մասին տվյալներ կան «Պանդորայի փաստաթղթերում», որին այլ առիթով կանդրադառնանք։ Նորիկ Պետրոսյանի դուստրը՝ Արմինե Պետրոսյանը, հայաստանյան երկու տարբեր ընկերության բաժնետեր է։ Նրան պատկանող «Հյուսիսային փայլ» ՍՊ ընկերությունն այժմ Երևանի Ավան վարչական շրջանում 4 բարձրահարկ շենք է կառուցում։

Հեղինակ՝ Տիրայր Մուարդյան

Տեսանյութի նկարահանումն ու մոնտաժը ՝ Սարո Բաղդասարյանի

Ձևավորումը՝ Տիրայր Մուրադյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter