HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Արտահանողները վնասներ են կրում Լարսի կուտակումների հետևանքով, բայց իշխանությունները դիտորդի կարգավիճակում են

Հայաստանի էկոնոմիկայի նախարարության, կառավարության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պաշտոնական կայքերում և սոցցանցերի էջերում այս օրերին կարելի է տեսնել նյութեր ու հաղորդագրություններ տնտեսական երկնիշ աճի ու տարատեսակ միջոցառումների մասին։ Բայց ոչ մի խոսք չկա այն մասին, որ արդեն երեք շաբաթ է՝ արտահանող հայկական ընկերությունների բեռնատարները կուտակվել են վրացական կողմում՝ Լարսի ճանապարհին, չկարողանալով հատել սահմանն ու Ռուսաստան հասնել։ Հերթերը ձգվում են կիլոմետրերով: Ռուսական կողմը խստացրել է վերահսկողությունը հայկական բեռնատարների նկատմամբ։

Բեռնափոխադրմամբ զբաղվող Դավիթ Կուռոյանը արդեն 15-օրն է՝ Վրաստանում է, որևէ կերպ չի կարողանում մոտենալ Վերին Լարսի անցակետին: Սև սալոր և մրգային ջեմեր է փորձում հասցնել Ռուսաստան: Սալորը արդեն փչանալու վտանգի առաջ է: 

«Մեզ ոչ ոք ոչ մի տեղեկություն չի տալիս: Տեսնելով, որ էլ ելք չկա, ինքս զանգել եմ նախարարություններ, բայց ոչ մի պատասխան: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի հետ եմ կապ հաստատել օրեր առաջ: Նա օգնականի միջոցով ասել է, որ մեզ հետ կզանգեն, բայց էլի չեն արձագանքել: Նաև ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանին եմ գրել, ասել է, որ Հայաստանում չէ, վերադառնա, կարձագանքի, բայց վերադարձել է և ոչ մի արձագանք»,- «Հետք»-ի հետ զրույցում պատմեց Դավիթը Կուռոյանը: 

Արտահանողները տարբեր խողովակներով փորձում են բարձրաձայնել հարցը՝ շեշտելով, որ հարվածի տակ է հատկապես գյուղմթերքի արտահանումը։

Սակայն պաշտոնական կողմից կամ արձագանք չեն ստանում կամ լավագույն դեպքում, ինչպես Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, պնդում են, որ խնդիրը իրենց իրավասության շրջանակներից դուրս է։ 

Լարսի ճանապարհին առաջացած կուտակումների վտանգների մասին է ահազանգում նաև «Սպայկա» ընկերությունը, որը գյուղամթերք է արտադրում և արտահանում: 

«Գյուղմթերքի արտահանումը հերթական անգամ վտանգված է: ՀՀ-ից դեպի ՌԴ արտահանվող թարմ պտուղ բանջարեղենով բեռնված մեքենաները ավելի քան 17 օր շարունակում են կանգնած մնալ  Լարսի անցակետի վրացական կողմում 10-նյակ կիլոմետրանոց հերթի մեջ։ 2022 թ․ ընթացքում արտահանող ընկերությունները շարունակում են կրել մեծ վնասներ, որոնք այս պահին անհաշվելի են»,- դեռևս հինգ օր առաջ ահանազանգել է ընկերությունը՝ սոցցանցերում հրապարակելով կուտակումների մասին տեսանյութեր:

Ընկերության բեռնատարների մեծ մասը դեռևս կուտակումների մեջ են: 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը համարում է, որ անելիք չունի, իսկ Էկոնոմիկայի նախարարությունը լռում է

Մեր նախորդ հոդվածից հետո արտահանմամբ զբաղվող բազմաթիվ ընկերություններ են արձագանքել, որոնցից և ոչ մեկին չի հաջողվել պատասխան ստանալ հայկական իշխանություններից, թե ինչու է ռուսական կողմը խստացրել հայկական բեռնատարների նկատմամբ վերահսկողությունը․ պատճառները քաղաքակա՞ն են, տնտեսակա՞ն, թե՝ անվտանգությանն առնչվող:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից մեզ արդեն պատասխանել են, որ տեղյակ են Լարսի կուտակումների մասին, սակայն համարում են, որ իրենք այս պահին ոչինչ անել չեն կարող: «Խնդիրը պայմանավորված է նրանով, որ ռուսական կողմը շատ խստացրել է անցակետերում հսկողությունը: Այդ իսկ պատճառով նման մեծ խցանումներ են: Բայց խնդիրը մեր նախարարության իրավասության շրջանակներից դուրս է»,- մեզ հետ զրույցում ասել է ՏԿԵ նախարարի մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը:

Իսկ Էկոնոմիայի նախարարությունը առհասարակ լռում է այս թեմայով: Արդեն երկրորդ օրն է՝ մենք փորձում ենք նախարարի խոսնակ Լիլիթ Հակոբյանի միջոցով հասկանալ՝ արդյոք նախարարությունը որևէ գործողություն նախաձեռնե՞լ է Լարսում առաջացած կուտակումների թեմայով: Մինչև հոդվածը հրապարակելու պահը մեզ այդպես էլ մեկնաբանություն չեն տվել Էկոնոմիկայի նախարարությունից:

Փոխարենը թե՛ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, թե՛ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տնտեսական աճի մասին չեն մոռանում խոսել: «Այսօր Հայաստանի Հանրապետության տնտեսությունը, ըստ էության, բում է ապրում»,- այսօր Ազգային ժողովում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա համարում է, որ Հայաստանը հաղթահարել է  պատերազմի ու համավարակի տնտեսական դժվարությունները:

Ռուսաստանում Հայաստանի դեսպանությանը կից մաքսային կցորդի հետ ևս արտահանողները չեն կարողանում կապ հաստատել 

Մոտ երկու շաբաթ առաջ, երբ Լարսի ճանապարհին արդեն իսկ հայկական բեռնատարների կուտակումներ էին, կառավարությունը  Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանությանը կից մաքսային նոր կցորդ է նշանակում Վահան Հակոբյանին: Հակոբյանը այդ պաշտոնին է նշանակվել երեք տարի ժամկետով: Մինչև այդ՝ այս պաշտոնին Արամ Թանանյանն էր:

«Մաքսային կցորդի նշանակումը կնպաստի Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայության համապատասխան ստորաբաժանումների հետ ամենօրյա աշխատանքների կազմակերպմանը, Ռուսաստանի Դաշնությունում, այդ թվում՝ Վերին Լարսի անցակետում ծագող՝ մաքսային ոլորտին առնչվող խնդիրների արագ բացահայտմանն ու օպերատիվ արձագանքմանը, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև, մասնավորապես՝ Վերին Լարսի անցակետում մաքսային գործընթացների մասով ակտիվ և փոխշահավետ համագործակցության ապահովմանը»,- նշված է Պետական եկամուտների կոմիտեի կայքում տեղադրված հայտարարության մեջ:  

Այսպիսով, մաքսային կցորդի գլխավոր առաքելությունը Վերին Լարսի անցակետում առաջացող խնդիրներին արագ արձագենքելն է, սակայն արտահանողներն այսօր նույնիսկ հեռախոսահամար չեն կարողանում գտնել նրա հետ կապ հաստատելու համար: 

Հեռախոսահամարը, որը մեզ տրամադրեցին Մաքսային ծառայության թեժ գծից, չի գործում: Պետական եկամուտների կոմիտեից ևս առայժմ չեն պատասխանել մեր հարցերին՝ արդյոք Վահան Հակոբյանը աշխատանքի անցե՞լ է և ի՞նչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել: 

Թարմացում (18:30)

Մեր ստացած տեղեկություններով մաքսային կցորդ Վահան Հակոբյանը դեռևս Հայաստանում է։ Մինչև Մոկսվա հասնելը, կա որոշակի ընթացակարգ, որը դեռևս պետք է անցնի։ Թե երբ նա կմեկնի Մոսկվա, հայտնի չէ։  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter