HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ես երևի էլ չգամ, ձեզ լավ կնայեք». Ջերմուկում զոհված Սիաբանդ Թամոյանի վերջին խոսքը կնոջը

2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ռազմական գործողությունների հետևանքով զոհվածներից մեկը ազգությամբ եզդի Սիաբանդ (Յուրա) Թամոյանն է։ Նա 16 տարվա պայմանագրային զինծառայող էր, որից 14-ը ծառայել էր Քարվաճառում։ 44-օրյա պատերազմից հետո, երբ Քարվաճառի շրջանն անցավ ադրբեջանական վերահսկողության տակ, նրան տեղափոխեցին Սիսիան։ 2 տարի Սիսիանում  ծառայելուց հետո՝ 2022-ի սեպտեմբերին, հերթափոխից հետո նա տեղափոխվեց Ջերմուկ, որի դիրքերում զոհվեց սեպտեմբերի 13-ին, բեկորային հարվածից ստացած վիրավորումից։

Սիաբանդ Թամոյանին բոլորը որպես Յուրա էին ճանաչում։

Թամոյանների ընտանիքը 1990-ականներից Արարատի մարզի Մասիս համայնքի Արևաբույր բնակավայրում է ապրում։ 3 եղբայրները ամուսնանալուց հետո առանձնացել էին։ 1997-ին Սիաբանդ Թամոյանն ամուսնացավ Զոզաննա Ալիյանի հետ: Երկար տարիներ 3 երեխայի հետ ապրեցին վագոն-տնակում։ Տարիների ընթացքում Սիաբանդը գումար տնտեսեց ու վերջերս սկսեց տուն կառուցել։ Զոզաննան հիշում է, թե ինչպես ամուսնու հետ սեփական ձեռքերով տան պատերը շարեց։ 

«Ես ու էրեխեքը ցեխն ու քարն էինք տալիս, ինքը պատերն էր շարում, շատ դժվար օրերից հետո վերջապես մեր տունն էինք կառուցում։ Ինքը լավ ամուսին ա եղել, լավ հայր, ու ափսոս, շատ ափսոս, մի լավ օր էլ չէր տեսել»,-ասում է կինը։

Սիաբանդի միջնեկ որդու՝ Արայիկ Թամոյանի մոտ 2016-ին հայտնաբերվեց ողնաշարի ուռուցք։ Հետազոտվեց մի քանի անգամ, նախ ասացին, որ Արայիկի ուռուցքը չարորակ է, հաջորդ հետազոտության ժամանակ, թե՝ բարորակ ագրեսիվ է։ Առաջին անգամ Արայիկը վիրահատվեց 2016-ին, պետպատվերի շրջանակներում։ Քանի որ Սիաբանդը զինվորական էր, ընտանիքի անդամներն անվճար բուժման իրավունք ունեին։

«Իր առաջնային նպատակն իմ բուժումն էր, շատ էր մտածում ինձ համար, տան  անսարք վիճակն էլ շատ էր անհանգստացնում իրեն, ուզում էր ամեն ինչ լավ լինի, նեղության մեջ չլինենք»,-ասում է Սիաբանդ Թամոյանի որդին՝ Արայիկը։

Բժիշկները նրանց վստահեցրին, որ Արայիկի առողջական խնդիրները կլուծվեն, բայց ուռուցքը կրկին առաջացավ, ինչի պատճառով նա ևս 4 անգամ վիրահատվեց։ Նոյեմբերի 4-ին Արայիկի 6-րդ վիրահատությունն է՝ Վ. Ա. Ֆանարջյանի ավան ուռուցքաբանության ազգային կենտրոնում։

Զոզաննա Ալիյանն ասում է՝ չնայած սուղ պայմաններին, Յուրան երբեք ոչ մեկից ոչինչ չէր խնդրում։ «Չէր խաբի, չէր գողանա, չէր վիրավորի ոչ մեկի, անշահախնդիր էր, իր ծառայությունն ու ընտանիքը շատ էր սիրում, բայց վերջին գնալուց ոնց որ զգար, ասեց՝ ես երևի էլ չգամ, ձեզ լավ կնայեք, շնորհակալ եմ քեզ, էսքան տարի տունը ոնց պետք ա՝ պահել ես»,-ամուսնու հետ վերջին խոսակցությունն է վերհիշում Զոզաննան։

Սիաբանդ Թամոյանի ընտանիքն ապրում է սոցիալական վատ պայմաններում։ Տան շինարարությունն այդպես էլ մնացել է անավարտ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter