
Վլադիմիր Զելենսկի. Իրանում ստում են Ռուսաստանին քիչ քանակությամբ անօդաչուների մատակարարման մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Իրանի իշխանության ներկայացուցիչները ստում են Ռուսաստանին քիչ քանակությամբ անօդաչուների մատակարարման և դրանց առաքման ժամկետների մասին։ Այդ մասին Զելենսկին նշել է իր հերթական տեսաուղերձի ժամանակ։
«Մենք ամեն օր խոցում ենք առնվազն 10 իրանական անօդաչու, իսկ իրանական վարչակարգը պնդում է, որ իբր քիչ քանակությամբ է մատակարարել և դեռ մինչև լայնամասշտաբ ներխուժումը։ Միայն երեկվա դրությամբ ոչնչացվել է 11 «շահիդ»։ Մենք հստակ գիտենք, որ իրանցի հրահանգիչները ռուսաստանցի ահաբեկիչներին սովորեցրել են անօդաչուների կիրառումը, իսկ Թեհրանում այդ մասին ընդհանրապես լռում են»,- հայտարարել է Զելենսկին։
Նա հավելել է, որ եթե Իրանում շարունակեն ստել այդ մասին, ապա կնշանակի, որ «աշխարհը կշարունակի էլ ավելի մեծ ջանքեր գործադրել, որ հետաքննի ռուսական և իրանական վարչակարգերի ահաբեկչական համագործակցությունը և այն, թե ինչպես է Ռուսաստանը վճարում Իրանին այդպիսի համագործակցության համար»։
Ամիսներ շարունակ Իրանն ու Ռուսաստանը հերքում էին, որ Թեհրանը Մոսկվային մատակարարում է իրանական արտադրության անօդաչուներ, որոնք այնուհետ կիրառվում են Ուկրաինայում։ Նոյեմբերի 5-ին Իրանի ԱԳ նախարարը առաջին անգամ խոստովանել էր մատակարարումը, սակայն հայտարարել, որ դրանք իրականացվել են մինչև ներխուժումը և խոսքը գնում է ոչ մեծ քանակության մասին։
Հոկտեմբերին մամուլում տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ Իրանը Ռուսաստանին կփոխանցի նաև բալիստիկ հրթիռներ։
Լուսանկարը՝ Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության
Մեկնաբանել