HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ՄԻԵԴ-ը ՀՀ քաղաքացու գործով Ուկրաինայի դեմ վճիռ է կայացրել. Մերաբ Ալոյան-Սուսլովը խոշտանգվել է Ուկրաինայում 

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Հայաստանի քաղաքացի, գործարար Մերաբ Ալոյան-Սուսլովի գործով այս տարվա հոկտեմբերի 6-ին միանգամից երկու վճիռ է կայացրել Ուկրաինայի դեմ: Վճիռներից մեկով ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ բանտում Ալոյան-Սուսլովը խոշտանգվել է, բացի այդ՝  խախտվել է նրա արդար դատաքննության իրավունքը: Ուկրաինայի կառավարությունը Սուսլովին պետք է 14 500 եվրո վճարի ոչ նյութական վնասի և 1500 եվրո՝ դատական ծախսերի համար: 

Մերաբ Ալոյան-Սուսլովի գործին «Հետքը» տարիներ առաջ է անդրադարձել: Ազգությամբ եզդի Մերաբը որպես գործարար հայտնի է հատկապես ԱՊՀ երկրներում: Երկքաղաքացի գործարարի ՌԴ անձնագրում նշված է կնոջ ազգանունը՝ Սուսլով, իսկ Հայաստանի անձնագրում հանդես է գալիս Ալոյան ազգանունով: Սուսլովը Մերաբի կնոջ ազգանունն է եղել, որն էլ ընդունել էր ամուսնանալուց հետո:

Մերաբը մեղադրվում է 2010թ. Կիև քաղաքում գործարար ընկերոջ և հեռու ազգական Շաբաբ Ալոյանի սպանությունը պատվիրելու մեջ: Սպանությունը կատարելու մեջ մեղադրվել է Դավիթ Բատիկյանը: Նրա և Սուսլովի գանգատները ՄԻԵԴ-ը միավորել և քննել է մեկ գործի շրջանակներում:

Երկքաղաքացի Մերաբ Ալոյան-Սուսլովին ձերբակալել են Ռուսաստանում և տեղափոխել Ուկրաինա: Քանի որ նա ունեցել է Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիություն, Եվրոպական դատարանում գործի քննության ժամանակ Հայաստանն ու Ռուսաստանը ներգրավվել են որպես երրորդ կողմ:

Նշենք, որ Եվրոպական կոնվենցիայի համաձայն՝ Պալատի կամ Մեծ պալատի կողմից քննության առնվող ցանկացած գործի կապակցությամբ յուրաքանչյուր պետություն, որի քաղաքացին է դիմողը, իրավունք ունի ներկայացնելու գրավոր դիտողություններ և մասնակցելու լսումներին: Հայաստանն օգտվել է իր իրավունքից և ներկայացրել է իր դիրքորոշումը, սակայն Ռուսաստանը դիրքորոշում չի հայտնել:

Ալոյան-Սուսլովը 2012թ. նոյեմբերի 8-ին դատապարտվել է ցմահ ազատազրկման: Նրա դատավճիռը վերադաս դատարանները չփոփոխեցին: 

ՄԻԵԴ-ի վճիռը՝ արդար դատաքննության իրավունքի խախտման մասով

Մերաբի փաստաբանները պնդել էին, որ խախտվել են Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերի պահանջները: Մասնավորապես՝ այն, որ քրեական գործի դատաքննության ժամանակ Ալոյան-Սուսլովին հաճախ հեռացրել են դատարանի դահլիճից, և նիստերն ընթացել են առանց վերջինիս մասնակցության, իսկ դատավարությունն ընթացել է դռնփակ՝ լրատվամիջոցների և հասարակության աչքից հեռու:

Բացի այդ, դատարանի դահլիճում նա միշտ եղել է ձեռնաշղթաներով, գրառումներ կատարելու և փաստաբանների հետ շփվելու հնարավորություն չի ունեցել: 

Դատարան տանելու համար Մերաբին արթնացրել են վաղ առավոտյան: Երկար դատավարությունների ժամանակ նրան սնունդ չեն տվել:

ՄԻԵԴ-ը նշել է, որ  մեղադրյալի իրավունքը՝ շփվելու իր փաստաբանի հետ առանց երրորդ անձի կողմից գաղտնալսվելու վտանգի, ժողովրդավարական հասարակությունում արդար դատավարության հիմնական պահանջներից է: Հակառակ դեպքում իրավաբանական օգնությունը կկորցնի իր բուն իմաստը: 

ՄԻԵԴ-ն  ուշադրություն է դարձրել Մերաբ Ալոյան-Սուսլովի փաստաբանների այն պնդումներին, որ դատական նիստերի ընթացքում փաստաբանների հետ խորհրդակցելու իրավունքի լուրջ սահմանափակումներ են եղել: Ամեն անգամ, երբ Մերաբը ցանկանում էր խոսել իր փաստաբանի հետ դատարանի դահլիճում, նա պետք է համապատասխան խնդրանքով դիմեր աշխատակցին, որն էլ իր հերթին թույլտվություն կխնդրեր նախագահող դատավորից։ Միայն դրանից հետո, և սովորաբար ընդմիջումների ժամանակ, նա կարող էր ազատորեն խորհրդակցել իր փաստաբանի հետ:

«Վերոհիշյալ նկատառումները բավարար են Դատարանի եզրակացության համար, որ առաջին դիմումատուին չեն տրամադրվել համապատասխան հնարավորություններ իր պաշտպանությունը նախապատրաստելու համար, ինչը խաթարում է արդար դատաքննության և «զենքերի հավասարության» իրավունքը»,-եզրակացրել է ՄԻԵԴ-ը՝ այս մասով ևս արձանագրելով Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում:

Ոչ Մերաբը, ոչ նրա փաստաբանները չեն կարողացել հարցաքննել շատ կարևոր վկաների: Իսկ Դավիթ Բատիկյանի կնոջ՝ Ռոզա Նայթի ցուցմունքները, որոնք դրվել են Մերաբի մեղադրանքի հիմքում, ձեռք են բերվել խոշտանգումների միջոցով:

Վկաների ցանկում եղել են նաև Մերաբին ծանոթ անձինք: Վերջիններս նոտարական կարգով հայտարարություններ են արել, որ իրենք երբևէ ոստիկանությունում չեն հարցաքննվել: Ի պատասխան՝ Ուկրաինայի կառավարությունը շել է, որ վկաները դատարանում չեն հարցքննվել, քանի որ գտնվել են պետության պաշտպանության ներքո՝ անվտանգության նկատառումներից ելնելով: 

ՄԻԵԴ-ը, արժանահավատ և փաստարկված չհամարելով Կառավարության դիրքորոշումը, այս մասով ևս արձանագրել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում:

Մերաբ Ալոյան-Սուսլովի փաստաբանները բազմիցս պնդել են, որ դատավարությունը դռնփակ անցկացնելու որոշումը զուրկ է որևէ պատճառաբանությունից կամ հիմնավորումից, որ սպանվածի հարազատների՝ սպառնալիքներ ստանալու մասին պնդումները հիմնված չեն եղել որևէ ապացույցի վրա, և որ, ամեն դեպքում, շահագրգիռ անձինք արդեն եղել են պաշտպանության տակ։ 

Ուկրաինայի կառավարությունը պնդել է, որ դռնփակ նիստերի անցկացումն անհրաժեշտ և արդարացված միջոց է եղել և բացասաբար չի ազդել ամբաստանյալների իրավունքների վրա:

Այս առնչությամբ Հայաստանի կառավարությունը պնդել է, որ դատավարությունը դռնփակ անցկացնելու որոշումն անհիմն էր։ 

ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի խախտում՝ դիմումատուների գործով հրապարակային դատաքննության բացակայության պատճառով:

ՄԻԵԴ-ի վճիռը՝ խոշտանգումների արգելքի մասով

Դեռևս 2019թ. նոյեմբերի 14-ին ՄԻԵԴ-ը Մերաբ Ալոյան-Սուսլովի վերաբերյալ կիրառել էր միջանկյալ միջոց՝ Ուկրաինայի կառավարությանը հանձնարարելով դիմումատուին անհապաղ տեղափոխել մասնագիտական ​​քաղաքացիական հիվանդանոց՝ հեպատիտի հետ կապված բժշկական հետազոտություններն ավարտելու և սնդիկի թունավորման դեմ բուժօգնություն ստանալու նպատակով: 

Ուկրաինայի կառավարությունը Սուսլովի իրավունքների խախտումները չի ընդունել, իսկ Հայաստանի կառավարությունը հայտարարել է, որ տեղի է ունեցել խոշտանգումների արգելքի խախտում:

ՄԻԵԴ վճռում նշվել է՝ իշխանությունները պետք է ապահովեն, որ ախտորոշումն ու խնամքը լինեն արագ և ճշգրիտ: Եվրոպական դատարանը շեշտել է, որ բանտային հաստատություններում բուժօգնությունը պետք է լինի համապատասխան և համեմատելի բուժման որակի հետ, որը պետական ​​մարմինները պարտավորվել են ապահովել ամբողջ բնակչության համար: 

«Դատարանը գտնում է, որ տվյալ գործով դիմումատուն կալանքի տակ գտնվելու ընթացքում չի ստացել համապարփակ և համարժեք բժշկական օգնություն: Հետևաբար, այս բողոքները ընդունելի են և բացահայտում են Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում»,-նշված է ՄԻԵԴ վճռում:

Եվրոպական դատարանն արձանագրել է նաև, որ Ուկրաինան չի կատարել միջանկյալ միջոց կիրառելու մասին դատարանի պահանջներըը՝ խախտելով Կոնվենցիայով ստանձնած իր պարտավորությունը:

Բացի այդ, դատավարություններն իրականացվում են չափազանց երկար, որով ևս ոտնահարվում են անձանց իրավունքները:

ՄԻԵԴ-ն Ուկրաինայի կառավարությանն ուղղորդել է վերաբացել գործը

ՄԻԵԴ-ը վճռի վերջում նշել է, որ ուկրաինական օրենսդրությունը նախատեսում է ներպետական ​​վարույթների վերաբացում պահանջելու իրավունք, որը, սկզբունքորեն, նման դեպքերում փոխհատուցման ամենահարմար ձևն է: 

Մերաբ Ալոյան-Սուսլովի փաստաբաններից Լիլիթ Հայրապետյանը «Հետքի» հետ զրույցում կարևորեց ՄԻԵԴ վճռում տեղ գտած ձևակերպումը գործի վերաբացման վերաբերյալ: Նշեց, որ նման բան հաճախ չի լինում Եվրոպական դատարանի վճիռներում:

«Ամենակարևորը՝ Եվրոպական դատարանը ուղղակիորեն գրել ու Ուկրաինայի կառավարությանն ուղղորդել է, որ նման խախտումների վերացման ամենաարդյունավետ և ռեալ տարբերակը գործի  վերաբացումն ու քննումն է: Այս վճռի հետևանքը պետք է լինի այն, որ գործը վերաբացվի և նորից քննվի Ուկրաինայում»,-ասում է Լ. Հայրապետյանը: 

ՄԻԵԴ-ի վճիռը վերջնական է դառնում հրապարակման պահից 3 ամիս անց (Մեծ պալատում բողոքարկելու ժամկետը): Հունվարի 1-ից սկսած՝ 30-օրյա ժամկետում Մերաբը պետք է վերաբացման դիմում ներկայացնի, որպեսզի իր գործը նորից քննվի:

«Բավականին մեծ են շանսերը, որ վերաբացման դիմումը կբավարարվի, քանի որ Եվրոպական դատարանը ուղղակիորեն իր որոշման մեջ գրել է: ՄԻԵԴ-ն ամբողջությամբ կասկածի տակ է դրել մեղադրանքի հիմքում դրված ապացույցները: Ստացվում է, որ Մերաբը դատապարտված է մի  պրոցեսի հետևանքով, որը սկզբից մինչև վերջ եղել է անարդար ու չի համապատասխանել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջներին»,- հավելեց փաստաբանը:

Անդրադառնալով իր պաշտպանյալի թունավորման դեպքին՝ Լիլիթ Հայրապետյանը նշեց, որ այն տեղի է ունեցել 2015թ.-ին Մերաբի՝ խցում գտնվող վերմակի մեջ սնդիկ լցնելով: Դրանից հետո նրա նկատմամբ ցուցաբերվել է անմարդկային վերաբերմունք՝ երկար ժամանակ չտրամադրելով բուժօգնություն:

 «Մերաբն առաջին օրվանից ասում է, որ ինքը կապ չունի մեղադրանքի հետ և առաջնային նպատակը վերաբացման արդյունքում իր անմեղությունն ապացուցելն է: Այսինքն`  արդարացումը դեռևս օրակարգում է և իր փաստաբանների հետ այդ ուղղությամբ աշխատելու է: Եթե վերաբացումից հետո էլ խախտումներով գործը քննվի, օրինակ` վկաներին չբերեն, կա մեխանիզմ, նախարարների կոմիտեի ուշադրությունը կհրավիրենք: Բացի այդ, ընդհանուր իրավիճակը, Ուկրաինայի` Եվրամիություն մտնելու ձգտումները ենթադրում են, որ  Ուկրաինան պետք է ավելի զգույշ լինի: Եթե առաջին անգամ այդ խախտումներn արվել են կոպիտ, այս անգամ, եթե նույն բանն անեն, կլինի սկանդալային կոպիտ»,-ասում է Լիլիթ Հայրապետյանը:

Փաստաբանը նշում է, որ դեպքից անցել է մոտ 13 տարի, դատավարությունը կարող է երկար տևել, և վաղեմության խնդիրներ առաջանան: Այս ամենը հնարավորություն է տալիս, որ Մերաբն ազատ արձակվի:

Լիլիթ Հայրապետյանի խոսքով՝ Ուկրաինայում գործի վերաբացման վարույթին հնարավոր է մասնակցի նաև Հայաստանի փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Արա Ղազարյանը: 

Մերաբ Ալոյան-Սուսլովը պատիժը կրում է Բերդիչև քաղաքի խիստ հսկողության գաղութում՝  մենախցում:

«Մենք հիմա պատրաստվում ենք նոր գանգատ ուղարկել իր նկատամբ կիրառվող խոշտանգման հոդվածով: 10 տարի արդեն պահում են մենախցում: Մերաբը բազմիցս դիմել է, որ մենախցում չպահեն, նույնիսկ 2021թ. դատական ակտ կա, որ առանց հիմնավորման են նրան մենախցում պահում»,- ասում է Լ. Հայրապետյանը:

Փաստաբանը նշեց, որ ռուս-ուկրաինական պատերազմից ի վեր հարազատները հնարավորություն չեն ունեցել կապ պահել Մերաբի հետ: Եթե դրանից առաջ Հայաստանից, Ռուսաստանից հարազատները կարողանում էին փաթեթներ ուղարկել, այժմ դա հնարավոր չէ: Իսկ Ուկրաինայում նա հարազատներ չունի:

«Իր կինն ու երեխաները Ուկրաինա գնալու լուրջ վախեր ունեն: Նախկինում թե ծնողներին, թե կնոջը Ուկրաինայում ծեծել են: Կնոջ ծեծից հետո արդեն 2 տարի է աղջկան չի տեսել, քանի որ չի ցանկանում, որ նա մեկնի»,- հավելեց Լիլիթ Հայրապետյանը:

Փաստաբանն ասաց, որ այս տարվա մարտ-ապրիլ ամիսներին Արդարադատության նախարարությունում քննարկվել է Մերաբին Հայաստան բերելու հարցը:

Մերաբի եղբոր անունից փոխանցման դիմումը 2022թ. ապրիլին մուտք է արվել Արդարադատության նախարարություն: Դրանից հետո որևէ տեղեկություն չունեն ընթացքի վերաբերյալ: 

Նշենք, որ այս փուլում նախարարությունն իրեն ներկայացված դիմումը ստուգելու համար դիմել է Ուկրաինա՝ Մ․ Ալոյան-Սուսլովի վերաբերյալ փաստաթղթերը ստանալու և ուսումնասիրելու համար, որպեսզի հետագայում որոշի՝ կա՞ն հիմքեր դատապարտյալի փոխանցման դիմում Ուկրաինային ներկայացնելու համար, թե ոչ։

Արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Մելքումյանը «Հետքին» փոխանցեց, որ դիմումը ստանալուց հետո օրենքով սահմանված կարգով ԱՆ-ն պաշտոնապես դիմել է ուկրաինական կողմին, սակայն որևէ պատասխան չի  ստացվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter