
«Ալիևը նախապատրաստում է ԼՂ հայության ցեղասպանությունը». Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նոյեմբերի 10-ի նիստի իր ելույթում անդրադարձավ 2022 թվականի նոյեմբերի 8-ին Ադրբեջանի նախագահ Իհլամ Ալիևի հայտարարությանը։ Ըստ վարչապետ Փաշինայնի՝ Ալիևի հայտարարությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանի իշխանությունների աշխարհաքաղաքական ընկալումները շարունակում են սպառնալիք լինել հարավային Կովկասի և ավելի լայն տարածաշրջանի անվտանգության և կայունության համար։
«Տխրահռչակ այդ ելույթով Ադրբեջանի ղեկավարությունը կոպտորեն խախտել է ընդամենը օրեր առաջ՝ սույն թվականի հոկտեմբերի 31-ի Սոչիում ստորագրված գրավոր պայմանավորվածությունը ուժի կիրառման սպառնալիքից ձեռնպահ մնալու մասին»,-ասաց նա։
Փաշինյանը նշեց, որ չնայած Սոչիում և Պրահայում արված հայտարարություններին, Ադրբեջանի ղեկավարը բարձրաձայնում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների նկատմամբ ունեցած նկրտումների մասին՝ հայաստանյան մի շարք բնակավայրերի անվանումների և այլանունների սպառնալից օգտագործմամբ, որով ակնհայտորեն փորձում է ահաբեկել խաղաղ բնակչությանը։
Վարչապետը հայտարարեց, որ Ադրբեջանը եռակողմ հայտարարությունները խախտելու խրոնիկ սովորություն ունի։
«2020 թվականի դեկտեմբերին Ադրբեջանն ապօրինի կերպով օկուպացրել է Լեռնային Ղարաբաղի Խծաբերդ, Հին Թաղեր բնակավայրերն ու հարակից տարածքները՝ ի հեճուկս 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրականացվում է կրակի ամբողջական դադարեցում, դադարեցվում են ռազմական գործողություններն, ու կողմերը մնում են իրենց զբաղեցրած տեղերում»,-ասաց վարչապետը։
Նա հիշեցրեց, որ Ադրբեջանը նմանատիպ օկուպացիա կատարել է նաև 2022 թվականի մարտին՝ ներխուժելով Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտի, խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, իսկ Իլհամ Ալիևը խախտումն անվանում է «Օպերացիա Փառուխ»։
Փաշինյանը շեշտեց, որ Ադրբեջանը ամենօրյա ռեժիմով խախտում է հրադադարը եւ այս քայլերով նախապատրաստում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հայության ցեղասպանությունը:
Վարչապետի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Կառավարության օրակարգի բոլոր հարցերը, գործադիրի ղեկավարի առաջարկությամբ, քննարկվեցին չզեկուցվող հարցերի փաթեթում եւ ընդունվեցին։
Մեկնաբանել