HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Լարսում մաքսային հսկողության նոր գոտի սահմանելու հարցով հայկական կողմը դիմել է ռուսական կողմին․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

«Ռուսական կողմը որևէ որոշում չի կայացրել խստացնել միայն հայկական բեռնատարների նկատմամբ վերահսկողությունը»,- Վերին Լարսի անցակետում առաջացած կուտակումների մասին «Հետք»-ի հարցմանն ի պատասխան նշել են փոխվաչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:

Նրանց ստացած տեղեկությունների համաձայն՝ ռուսական կողմը խստացրել է բոլոր բեռնատարների նկատմամբ և բոլոր անցակետերում վերահսկողությունը՝ անվտանգային խնդիրներից ելնելով։

Գրասենյակից նշում են, որ այս հարցի լուծմանը հնարավոր է հասնել ՌԴ Վերին Լարսի մաքսակետին հարող տարածքում մաքսային հսկողության նոր գոտի սահմանելու և մաքսային հսկողության անհրաժեշտ սկանավորող սարքեր տեղադրելու միջոցով: Հավաստիացնում են, որ այդ հարցով արդեն պաշտոնապես դիմել են ռուսական կողմի գործընկերներին։ Գրասենյակից չեն հստակեցրել՝ Մհեր Գրիգորյա՞նն է դիմել, թե՞ Կառավարության այլ անդամներ:

«Նշենք նաև, որ արդեն իսկ դրական միտումներ կան, վերջին օրերին Վերին Լարսի անցակետով անցնող բեռնատար տրանսպորտային միջոցների թվաքանակը մի փոքր ավելացել է և ունի աճի միտում»,- նշում են Մհեր Գրիգորյանի գրասենյակից:

Մոտ մեկ ամիս՝ արտահանող հայկական ընկերությունների բեռնատարները կուտակվել են վրացական կողմում՝ Լարսի ճանապարհին՝ չկարողանալով հատել սահմանն ու Ռուսաստան հասնել։ Հերթերը ձգվում են կիլոմետրերով: Ռուսական կողմը խստացրել է վերահսկողությունը բեռնատարների նկատմամբ։

Արտահանողները տարբեր խողովակներով փորձում են բարձրաձայնել հարցը՝ շեշտելով, որ հարվածի տակ է հատկապես գյուղմթերքի արտահանումը։ Սակայն պաշտոնական կողմից պատշաճ արձագանք չեն ստանում:

Լարսի ճանապարհին առաջացած կուտակումների հարցով «Հետք»-ը դիմել է մի շարք գերատեսչությունների՝ հասկանալու ինչպես են պատկերացնում խնդրի լուծումը: Մեկ շաբաթ առաջ հարցումներ ենք ուղարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին, Արտաքին գործերի նախարարությանը, պատգամավոր Բաբկեն Թունյանին, սակայն նրանք դեռևս չեն արձագանքել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter